Հայաստան - Արցախ

Խորհրդանիշերի փոփոխութիւնը՝ անցեալից ու հայկականութիւնից կտրելու միտում. մտաւորականների արձագանգը

ՀՀ ներկայիս իշխանութիւնն իր ընդունած աննախադէպ որոշումներով դարձել է անգերազանցելի: ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանն իր տելեգրամեան էջում խօսել է զինանշանի եւ պետական օրհներգի փոփոխութեան մասին։ Վերջինս նշել է, որ այդ փոփոխութիւնը վաղ թէ ուշ պէտք է լինի, եւ այն պէտք է կապ ունենայ մեր հայկականութեան հետ։ Ալէն Սիմոնեանը զինանշանի վրայ պատկերւած առիւծի համեմատութիւն «Ֆէսբուք»-եան սմայլի հետ, օրհներգում հայկական երաժշտութեան բացակայութիւն. ահա ինչպէս է բնութագրում ԱԺ նախագահը սահամանադրութեամբ ամրագրւած երկու կարեւորագոյն խորհրդանիշերը։

Ազատամարտիկ, մասնագիտութեամբ պատմաբան Թաթուլ Յարութիւնեանը նախաձեռնութեան մէջ տեսնում է հայ ժողովրդին արմատից եւ հայկականութիւնից կտրելու միտում.

«Օրհներգը իւրաքանչիւր պետութեան այցեքարտերից մէկն է, նոյնիսկ օրհներգը եւ դրօշը կարելի է համարել ծնողներ»,- նշում է ազատամարտիկը։

Թաթուլ Յարութիւնեանի խօսքերով՝ աշխարհում չկայ մի այնպիսի նախադէպ, երբ նոյնիսկ հանրաքւէի միջոցով օրհներգ են փոփոխում։ Վերջինս օրինակ է բերում Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնը եւ նշում, որ բոլոր ժամանակներում վերջինս անդաւաճան մնաց իր օրհներգին։ Նրա մեկնաբանութեամբ՝ լաւի կամ վատի մասին խօսք լինել չի կարող, օրհներգը որեւէ մէկի քիմքին դուր գալու համար չի, որ ստեղծւում է. այն արտայայտում է մեզ ու մեր անցած ուղին։

«Ինչպէ՞ս կարելի է փոփոխել օրհներգը. դրա հիման վրայ ստեղծւել է Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը, մարդիկ օրհներգը շուրթերին գնացել են զոհւելու: Եթէ երեխային հարց տաս օրհներգի մասին՝ նա չի ասի, որ այն վատն է, քանի որ լսել է մանկուց»,- նշում է Թաթուլ Յարութիւնեանը։

Զինանշանի մասով առաջարկւող փոփոխութիւնները եւս հիմնաւոր չեն, ազատամարտիկի համար՝ եւս անընդունելի։

«Ներկայիս իշխանութեան որոշումների շնորհիւ մենք կը դառնանք քամուց քշւած մի տերեւ, եւ կը կորցնենք մեր անցեալը, կարծում եմ, որ այդ փոփոխութիւնները չպէտք է թոյլատրի մեր առողջ մտաւորականութիւնը»,- եզրափակեց ազատամարտիկ Թաթուլ Յարութիւնեանը։

Գրող, ՀՀ մշակոյթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյեանը Yerkir.am-ի հետ զրոյցում անդրադառնալով խնդրին՝ փաստեց.

«Անցեալը միշտ ներկայ է ամենուրեք. մենք գոյատեւում ենք ներկայի մէջ մեր ապրած անցեալի հաշւին։ Մեր ազգի բնութիւնը պղծեցին, մեր աստւածընծայ լեռների լոյսը ֆոսֆորէ հրով հրկիզեցին, մեր զովասարերը մոխիրով պատեցին, մեր անտառներն ու այգիներն այրեցին, հրասայլերով արմատախիլ արեցին ու ճզմեցին թուրքական ոտնահետքերով, մեր խիզախ սրտերը սւինահարեցին, մեր գէնին հաշիշ խառնելով մեր գետերն ու լճերը «չայխանայ»-ի վերածեցին՝ գորշ ոռնոցներ արձակելով»։

Գրողի խօսքերով՝ քննարկւող փոփոխութեանն այլ մեկնաբանութիւն հնարաւոր չի տալ, քան խաղ կամ դաւաճանութիւն։ Ըստ նրա՝ մեր կեանքը հիմա աւելի կլոր է, քան երկրագունդը, եւ եթէ մի օր գլխապտոյտ ունենանք, կամ ընկնենք-մեռնենք, չմոռանանք վերջին շնչում ասել՝ «նախկիններն են մեղաւոր»։

Կինոռեժիսոր Սամուէլ Թադէոսեանն արդէն չի զարմանում քննարկւող որոշումներից.

«Արարատ սարը փոխարինում են Արագածով, հիմա էլ հերթը հասել է զինանշանին եւ օրհներգին, եւ այս ամենի վերջի կարծես չի երեւում»։

Գրող, հրապարակախօս Սպարտակ Ղարաբաղցեանի խօսքերով՝ մենք շատ գործեր ունենք, որոնք կարելի է դարձնել օրհներգ. նրա խօսքերով՝ լաւագոյն տարբերակներից մէկը կարելի է համարել Չարենցի՝ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծութիւնը։

«Օրհներգի փոփոխութեան համար գիտակ մարդկանց խումբ է պէտք, որն իր աշխատանքը կը ներկայացնի հանրութեանը, առաջ կը բերւեն լաւագոյն տարբերակները՝ թէ՛ խօսքերի, թէ՛ երաժշտութեան»,- նշում է գրողը։

Նրա խօսքերով՝ օրհներգի պարագայում շատ կարեւոր է տեքստը, որի խօսքերը պէտք է լինի ոգեշնչող։

Յիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետութեան օրհներգը սահմանւած է օրէնքով: Երգն առաջին անգամ հնչել է 1885 թւականի մարտի 15-ին՝ հանդիսանալով Թիֆլիսի «Արծրունի» թատրոնում կայացած հայ առաջին քառաձայն համերգի առաջին երգը։ Հետագայում այն մշակել է Բարսեղ Կանաչեանը։ «Հայաստանի Հանրապետութեան օրհներգի մասին» գործող օրէնքն Ազգային ժողովի կողմից ընդունւել է 2006 թւականի դեկտեմբերի 25-ին։

ՍԻՒԶԻ ԴԱՒԹԵԱՆ
Խ. Աբովեանի անւան ՀՊՄՀ, կուլտուրայի ֆակուլտետ,
լրագրութեան բաժին, 3-րդ կուրս

Առնչւող Յօդւածներ

Back to top button