Մշակութային

Փարաջանովն այսօր

Հարցազրոյց ճանաչւած կինոռեժիսոր, կինոգէտ, սցենարիստ եւ պրոդիւսեր Գարեգին Զաքոյեանի հետ

Պարոն Զաքոյեան, ձեր ստեղծագործական կեանքը հաշււում է աւելի քան կէս դար։ 1972 թւականից մինչ օրս հրապարակել էք կինոյի պատմութեանն ու տեսութեանը նւիրւած բազմաթիւ յօդւածներ, որոնց մի մասը թարգմանւել ու լոյս են տեսել արտասահմանեան երկրներում, իսկ որպէս սցենարիստ, ռեժիսոր եւ պրոդիւսեր ստեղծագործում էք 1982-ից։ Ձեր հեղինակած ֆիլմերը ցուցադրւել են հեղինակաւոր արւեստների բարձրագոյն դպրոցներում, մշակութային կենտրոններում եւ այլն։ Ձեր ստեղծագործութիւնների մի մասը նւիրւած է Սերգէյ Փարաջանովի արւեստին։ Ձեզ հետ հանդիպման առիթն էլ հէնց ինքը՝ հանճարեղ կինոռեժիսորն է, ում ծննդեան 100-ամեակի կապակցութեամբ ԻՒՆԵՍԿՕն 2024-ը յայտարարել է փարաջանովեան տարի։ Ասում են՝ դուք Փարաջանովի աշակերտն էք եղել, ընկերը

– Ես ուղղակի նրա երեւանեան նեղ շրջապատի մարդկանցից եմ եղել։

– 1988 թ. երբ Երեւանում բացւեց Փարաջանովի աշխատանքների առաջին ցուցահանդէսը, դուք կազմակերպիչներից մէկն էք եղել ու գրել էք բուկլետի տեքստը։ Այդ թւականից մինչ օրս մշտապէս հետեւեալ միտքն է հնչում, թէ մայեստրոյից կարելի է սովորել ու սովորել։

– Բայց մինչ սովորելը պէտք է ճանաչել՝ ընկալել ու հասկանալ նրա արւեստը։ Այնպէս՝ ինչպէս 50 տարի առաջ չեն ճանաչել, հիմա էլ չեն ճանաչում։

Իսկ ի՞նչ անել։

– Ի՞նչ կարելի է անել, որ, օրինակ՝ ժողովուրդը Բախ լսի՝ ռաբիսի փոխարէն։ Ասենք ռաբիս մի՞ լսէք… Մի ձեւ կայ. երբ մանկապարտէզից ենք երեխայի ականջը սովորեցնում բարձրակարգ երաժշտութեան։ Նոյնն էլ կինօն է. երբ լաւ կինոյին աչքը սովորում է, վատը չի կարող ընդունել։ Պէտք է կրթական ինստիտուտները կարգի բերւեն։ Դրանից յետոյ միայն թացը չորից կը ջոկւի։ Տեսէք՝ Գերմանիայում առաջին դասարանից երաժշտութիւն են սովորում եւ դպրոցն աւարտելիս քննութիւն յանձնում, ասենք՝ մաթեմատիկա առարկայի նման։ Մի խօսքով՝ անհրաժեշտ է կրթել, կրթել ու կրթել։

Աշխարհն այսօր Փարաջանով ճանաչո՞ւմ է։

– Աշխարհն էլ մեր օրին է, բայց մի քիչ աւելի լաւ։

Բայց ձեր աշխատանքների զգալի մասը միտւած է հէնց դրան՝ ճանաչելի դարձնել Փարաջանովին։

– Եթէ ամէն օր դասախօսութիւն կարդանք Բախի մասին… Ասողին լսող է պէտք… Ես ինչ անում եմ, նախ պատմութեան համար եմ անում։ Կեանքը ցոյց է տալիս, որ երբ դոկումենտները չես մէկտեղում, կորչում-գնում է, ինչի հետեւանքով մոլախոտի պէս ստեր ու կեղծիքներ են յայտնւում։

Ճանաչւած արւեստագէտների անւան շուրջ բազմաթիւ ասէկոսէներ էլ են պտտւում. ասում են՝ Փարաջանովը, ուղիղ ասած՝ արհամարհել է մանկավարժութիւնը

– Ասողը գլուխը պատին է տւել… Փարաջանովը քայլող դաս էր… Թբիլիսիում միասին գնում էինք թատրոն, ներկայ լինում փորձերին։ Պէտք էր տեսնել, թէ ինչ թւով ուսանողութիւն էր գալիս փորձերին եւ ինչ ուշադրութեամբ լսում Փարաջանովի իւրաքանչիւր ռեպլիկ, դիտողութիւն… եւ ինչպէս էին ընկալում։ Ասէք, խնդրեմ, սովորելն էլ ո՞նց է լինում։ Ով կարիք է ունեցել Փարաջանովից սովորելու, շա՜տ բան է սովորել։ Կամ հնութիւնների նկատմամբ ուշադրութիւնն ու սէրը, ո՞վ բերեց Երեւան։ Մինչեւ 1960-ականները գիւղացի կանայք էին «քեամար» կրում։ Կամ զանգում ասում էր՝ գնում ենք օպերա։ Եւ միայն ինձ չէ. գնում տեսնում էի մի քառասուն հոգով է եկել։ Կամ զանգում ասում էր՝ Թիֆլիսում Պազոլինիի ֆիլմերն են բերել, գնում էինք դիտում։ Սա հէնց սովորեցնել է, չէ՞։

Դուք արտասահմանում Փարաջանովի արւեստի ճանաչողական միջոցառումներ էլ էք անցկացրել։

– Վերջին շրջանի միջոցառումներից են 2022 թ. Բելգրադի կինոփառատօնի շրջանակներում նրա ֆիլմերի ցուցադրութիւնը, Երեւանում 2023 թ. անցկացւած դոկումենտալ ֆիլմերի փառատօնը… Ընդորում, ժամանակ առ ժամանակ Փարաջանովի արւեստին են անդրադառնում նաեւ արտասահմանի մեր գործընկերները, օրինակ՝ Ամստերդամում, Գրանադայում։ Հայ կինոյի 100-ամեակի առիթով յատուկ ծրագիր իրականացրինք՝ նւիրւած Փարաջանովին։ Թեհրանում էլ եմ իրականացրել նման միջոցառում։ Դա, իհարկէ, վաղուց էր։ Այս օրերին նոր գիրք եմ պատրաստում՝ նւիրւած «Նռան գոյնին», որն, իհարկէ, ծաւալուն աշխատանք է եւ դրանում տեղ կը գտնեն բազմաթիւ չհրատարակւած փաստաթղթեր (մեր զրուցակիցը հեղինակ է Փարաջանովին նւիրւած մի քանի գրքերի, վերջինը՝ 2021-ին՝ «Ինտերմեցցօ»- Ս. Դ.)։

Տարածւած կարծիք կայ, թէ փարաջանովեան արւեստը մեծամասամբ մինոր լադում է։

– Չէ, մինոր չէի ասի, պարզապէս դրանք աւելի լիրիկական են, ընդգծւած մինորում չեն։ Ի վերջոյ, չես կարող լուրջ բաների մասին մտածես, խորհես ու դա զուգահեռւի ծիծաղով։

Հիմա շոուի դար է՝ քաղաքականութիւնից մինչեւ մշակոյթ։

– Փարաջանովի գործերը շոուի համար չեն։ Շոուի համար տարբեր արտայայտչամիջոցներ ու ձեւեր կան։ Իսկ լուրջ արւեստ ընկալելը աշխատանք է, ոչ թէ զւարճութիւն։ Ուղեղն ինչքան շատ է աշխատում, այնքան զարգանում է։ Իսկ ժամանցային արւեստները քնեցնում են ուղեղը, այնպէս՝ ինչպէս եթէ մկանները չաշխատեն, կը դառնան լաթի կտոր։

Պարոն Զաքոյեան, եթէ մենք այսօր փողոցում հարցախոյզ անցկացնենք, թէ հայկական ինչ ֆիլմեր գիտեն, կը լսենք՝ «Մեր մանկութեան տանգօն», «Հարսնացուն հիւսիսից», «Մենք ենք մեր սարերը», «Եռանկիւնի» եւ էլի մի քանի անուններ։ Վերջին տարիներին նկարահանւած ֆիլմերից էլ գուցէ յիշեն մէկերկուսը, ոչ աւելին

– Մեր կինոյի անկումը սկսւեց կինոթատրոնների, ուղիղ ասած՝ սխալ սեփականաշնորհումից։ Երեւանում գործում էր 30 կինոթատրոն, մնաց միայն կինօ «Մոսկւան»։ Կինոթատրոններ կային բոլոր մարզկենտրոններում, գիւղերում կային ակումբներ, դրանք էլ սեփականաշնորհւեցին։ Իհարկէ, կարող էին սեփականաշնորհել, բայց թող դրանք ծառայէին կինոարւեստին։ Վերացան կինոթատրոնները, նշանակում է վերացաւ նաեւ կինոհանդիսատեսը…

Բայց այսօր համացանցում կարելի է գտնել ցանկացած ֆիլմ։

– Կինոթատրոնում ֆիլմ դիտելը յատուկ կուլտուրա է։ «Մոսկւա» կինոթատրոնում էլ լինում են պրեմիերաներ, ֆիլմը ցուցադրւում է մի քանի անգամ, եւ վերջ։ Կասէք, բայց կայ ինտերնետ… Տեսէք՝ ենթադրենք Երեւանում մէկ միլիոն մարդ է ապրում, իւրաքանչիւրը իր նախընտրած ֆիլմն է դիտում։ Ուրիշ բան է, երբ ամբողջ քաղաքը մէկ-երկու շաբաթ շարունակ նոյն ֆիլմն է դիտում։ Ասում ենք՝ հանդիսատես, այս դէպքում նա դառնում է սուբիեկտ եւ այդ հանդիսատեսը դառնում է նաեւ պահանջատէր, պահանջարկ է ստեղծւում, աւելին՝ առաջանում է սոցիալական պահանջարկ։ Ժամանակին երբ Երեւանում ֆիլմ էր նկարահանւում, մինչ պրեմիերան՝ 1-2 տարի առաջ, ամբողջ քաղաքը գիտէր դրա մասին, դրա շուրջ կեանք էր ստեղծւում… Սա է հանդիսատեսը։

Չգիտենք նոյնիսկ՝ կինոքննադատութեան մասին հարց ուղղե՞նք, թէ՞ ոչ։

– Կինոքննադատութիւն չկայ, որովհետեւ չկայ հանդիսատես։ Իսկ կինոքննադատը ո՞ւմ համար գրի, չկայ այդ բազմութիւնը, այդ «դասակարգը»։ Այո, հանդիսատես չկայ, կինոքննադատ չկայ, կինոն քաոս է դառնում, ո՞ւմ համար ես նկարում։

Տխուր է։ Բացարձակ մինոր լադում։

– Այսօր դա է իրականութիւնը։

Յուսանք, որ մեր յաջորդ հանդիպումը այլ իրականութիւնում կը լինի՝ մաժոր լադում։

– Յուսանք։

Զրոյցը՝
ՍԱՄՈՒԷԼ ԴԱՆԻԷԼԵԱՆԻ
«Առաւօտ» օրաթերթ
24.02.2024

Առնչւող Յօդւածներ

Back to top button