Հայաստան - Արցախ

Ի վերջոյ, ի՞նչ են ուզում Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանից

Հասկանալու համար, թէ, ի վերջոյ, ինչ են ուզում մեզնից Թուրքիան եւ Ադրբեջանը, բաւական է կարդալ սեպտեմբերի 18-ի Շահրամանեանի ստորագրած փաստաթուղթը՝ Արցախ բառը փոխարինելով Հայաստան բառով։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասել է քաղաքագէտ Բենիամին Մատթէոսեանը։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինեանը հիանալի հասկանում է, որ իր վարած քաղաքականութիւնը յանգեցնում է պետականութեան փլուզման։

«Հայաստանին ստիպել են ապագայում եւս Արցախի խնդրից հրաժարւելու փաստաթուղթ ստորագրել։ Սեպտեմբերին Արցախի դէմ Ադրբեջանի լայնածաւալ ագրեսիայի սկսւելուց մի քանի օր առաջ հեռախօսազրոյց է տեղի ունեցել Փաշինեանի եւ Էրդողանի միջեւ։ Այնուհետեւ ադրբեջանական եւ թուրքական լրատւամիջոցներում հաղորդագրութիւն է յայտնւել, որ Արցախում տեղի ունեցող իրադարձութիւնները մտահոգութիւն են առաջացնում նաեւ պաշտօնական Երեւանում։ Ընդորում, Հայաստանի իշխանութիւնները դա չհերքեցին»,- նշել է նա։

Ըստ Մատթէոսեանի, բոլոր այս գործընթացները պատահական չեն, նպատակաուղղւած քաղաքականութիւն է տարւում։

Նա յիշեցրել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը վաղուց պահանջում են հրաժարւել հայկական պետութեան խորհրդանիշերից, մասնաւորապէս՝ զինանշանի վրայի Արարատի պատկերից։

«Բայց եթէ նոյնիսկ հրաժարւենք մեր զինանշանից, օրհներգից, Անկախութեան Հռչակագրից, փոխենք Սահմանադրութիւնը, դա չի փոխի Բաքւի եւ Անկարայի մօտեցումները Հայաստանի նկատմամբ։ Նրանք ձգտելու են քանդել մեր պետականութիւնը»,- վստահ է փորձագէտը։

Նա ընդգծել է, որ իշխանութիւնները ոչնչացրել են Հայաստանի անվտանգութեան հիմնասիւներից մէկը․ Արցախը յանձնւել է թշնամուն, իսկ վստահութիւնը պետական ​​կառոյցների եւ պաշտօնեաների նկատմամբ զրոյական է։

Քաղաքագէտի գնահատմամբ, Հայաստանի հետ նոյնն են անում, ինչ Արցախի հետ, երբ Արցախը մենակ մնաց Ադրբեջանի դէմ, Հայաստանին տանում են նոյն ճանապարհով։

Առնչւող Յօդւածներ

Back to top button