Հայաստան - Արցախ

Լեռնիկ Յովհաննիսեան. «Ամենամեծ վտանգը սպառնում է հէնց արցախեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեանը»

Alpha News-ի եթերում Արցախի ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ, մշակոյթի գծով պատասխանատու Լեռնիկ Յովհաննիսեանը նշել է, որ ամենամեծ վտանգը սպառնում է ոչ նիւթական ժառանգութեանը։

«Մեր պատմութեան անշարժ մշակութային յուշարձանները ենթարկւում են տարբեր տեսակի վանդալիզմի, պղծման, բայց գոնէ ինչ-որ չափով այդ շէնքերը, շինութիւնները ամբողջութեամբ չեն կարող ոչնչացնել։ Ամենամեծ վտանգը սպառնում է հէնց ոչ նիւթական մշակութային ժառանգութեանը, ժողովրդին կտրել իր պատմական խրամատից, լանդշաֆտից, մարդիկ, որոնք ապրում էին մի համայնքում եւ հազարաւոր տարիներ իրականացնում էին իրենց սոցիալ-մշակութային գործառոյթները, որը առանձնայատուկ էր միայն իրենց՝ դա թէ Արցախի բարբառն էր, թէ կենսաապահովման մշակութային տարրերը, այդ թւում՝ ուտեստները՝ փախլաւան, ժենգեալով հացը։

Դրա համար պիտի կատարւեն քայլեր, որ կարողանանք այդ ամէնը պահպանել»,- ասել է Լեռնիկ Յովհաննիսեանը ։

Քանի որ այդ ամէնը կրողը մարդն է, ու Հայաստանում բոլոր արցախցիները ցաքուցրիւ են, Յովհաննիսեանի համոզմամբ, սա է դժւարութիւն առաջացնում ոչ մշակութային ժառանգութիւնը պահպանելու հարցում:

«Դժւարութիւններից մէկն այն է, որ համահաւաք բնակութեան վայր չկայ։ Բարբառը պահպանելու համար պիտի իրար հետ խօսել, գոնէ ընտանեկան միջավայրում ու շրջապատում։ Պէտք է այլ միջոցներ փնտրել, իսկ դա առաջին հերթին արւեստով ներկայացնելն է, այսինքն՝ երգերի, թատերական ներկայացումների միջոցով։ Ոչ նիւթական ժառանգութեան կրողը մարդն է։ Եթէ մարդը այլեւս այդ ամէնը իրագործելու իրաւունքից զրկւած է, մի սերունդ յետոյ ամէն ինչը կորստեան է մատնւելու։ Նոյնը վերաբերւում է, ասենք, գորգագործութեանը, կաւագործութեանը։

Գիւղեր կային, որ աւանդաբար զբաղւում էին այդ արհեստներով։ Քայլեր պէտք է արւեն, որ այս բաները կարողանանք պահպանել, նաեւ հանրահռչակել»,- ասել է Լեռնիկ Յովհաննիսեանը։

«3800 ուդիները, որ մնացել են տարածքում, գերի են, պատանդ են Ադրբեջանի իշխանութեան ձեռքին։ Նրանք եթէ մի բան այն չարեցին, կը ենթարկւեն այն հալածանքներին, որոնց, ասենք, ենթարկւել են շիա-մահմեդական թալիշները։ Օրինակ՝ թալիշ մտաւորականութեան մի հատւածը հիմա գտնւում է ադրբեջանական բանտերում։

Ոչ միայն ռուս ուղղափառ, նաեւ Կոնստանդնուպոլսի պատրիարքութեանը կօգտագործի Ադրբեջանը։ Պոլսում գտնւող պատրիարքութիւնները անմիջապէս գտնւում են Թուրքիայի ազդեցութեան ներքոյ եւ բոլոր նրանց քայլերը վերահսկում է Թուրքիայի Կրօնի գործերի նախարարութիւնը, վառ ապացոյց՝ Հայոց պատրիարքութիւնը, որ վախենում է անգամ Հայոց Ցեղասպանութեան մասին խօսել»,- եզրափակել է Յովհաննիսեանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button