Հայ Դատ

ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր

(յունւարի 1-փետրւարի 15)

Հայ Դատի աշխարհասփիւռ յանձնախմբերի ու գրասենեակների աշխատանքները տարեսկզբից հիմնականում կենտրոնացել են Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան, այդ թւում վերադարձի իրաւունքի երաշխաւորման, ադրբեջանական պատերազմական յանցագործութիւնների հանրահռչակման եւ պաշտօնական Բաքւի ու յանցագործութիւններում ներգրաււած առանձին անձանց նկատմամբ պատժամիջոցների կիրառման եւ այլ ուղղութիւններով։

Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ եւ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը փետրւարի 9-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետութիւնում Կանադայի արտակարգ եւ լիազօր դեսպան Էնդրիւ Թըրների հետ։ Տէր-Խաչատուրեանը շնորհաւորել է 2023 թ․ հոկտեմբերին Երեւանում կանադական դեսպանատան բացման առթիւ, ինչը նպաստելու է Կանադա-Հայաստան յարաբերութիւնների զարգացմանը։ Հանդիպման ընթացքում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի կողմից բարձրացւած հիմնական հարցերը վերաբերում էին Կանադայից առկայ ակնկալիքներին՝ նկատի ունենալով Ադրբեջանի ցեղասպանական գործողութիւնների միջոցով Արցախի էթնիկ զտումը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցութիւնները, յատկապէս ադրբեջանական սպառնալիքները, Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետութեան տարածք փաստացի ներխուժումն ու օկուպացիան եւ այլն։

Մտահոգութիւններ են հնչել նաեւ Կանադայի կառավարութեան՝ Թուրքիա ռազմական տեխնոլոգիաների արտահանման արգելքը վերացնելու մասին վերջին որոշման վերաբերեալ։ 2020 թ․ հոկտեմբերի սկզբին Օտտաւան կասեցրել էր դէպի Թուրքիա ռազմական նշանակութեան արտադրանքի արտահանման թոյլտւութիւնները՝ մասնաւորապէս օպտիկական սարքաւորումները, որոնք Թուրքիան օգտագործում էր իր անօդաչու թռչող սարքերի մէջ, որոնք էլ այնուհետեւ ուղարկւում էին Ադրբեջան եւ օգտագործւում 2020 թ․ 44-օրեայ պատերազմի ժամանակ հայերին թիրախաւորելու համար։ 90 րոպէ տեւողութեամբ հանդիպումն աւարտւեց երկուստեք պատրաստակամութեամբ՝ շարունակել նման հանդիպումները ապագայում եւ հնարաւորութեան դէպքում համագործակցել փոխշահաւէտ նախաձեռնութիւններով՝ տարբեր ոլորտներում ամրապնդելու Կանադա-Հայաստան յարաբերութիւնները։

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Հայ Դատի Ամերիկայի Միացեալ Նահանգների յանձնախմբը տարեսկզբին, իր հիմնական քաղաքական առաջնահերթութիւններից զատ, աշխատանքներ իրականացրեց Երուսաղէմի հայկական թաղամասի պաշտպանութեան աշխատանքներին օժանդակելու համար։ Յունւարի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամ Խոակին Կաստրօն հիւրընկալել է կոնգրեսական քննարկում՝ ուշադրութիւն հրաւիրելով Երուսաղէմի հայկական թաղամասի նկատմամբ յարձակումների վրայ։

Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանում յունւարի 22-ին ստորագրւել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի եւ ՀՀ Սիւնիքի մարզի միջեւ համագործակցութեան հաստատման վերաբերեալ յուշագիր։ Կարեւոր այդ արարողութեանը ներկայ են գտնւել տեղական օրէնսդիրներ, Հայ Դատի Ամերիկայի Կենտրոնական եւ Կալիֆորնիայի նահանգային յանձնախմբերի պատասխանատուները, ՀՀ ԱԺ դաշնակցական պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

Հայ Դատի ԱՄՆ Արեւմտեան ափի յանձնախմբի ջանքերի արդիւնքում՝ Կալիֆորնիայի եւ ՀՀ Սիւնիքի մարզի միջեւ նահանգային-մարզային յարաբերութիւնների համագործակցութեան վերաբերեալ աշխատանքները սկսւել են դեռեւս 2022 թ․ սկզբից, երբ փետրւարի 10-ին Կալիֆորնիայի նահանգային Սենատն ընդունել էր համապատասխան բանաձեւ։ Հետագայում Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանն ընդունել էր նաեւ մէկ այլ հայանպաստ բանաձեւ՝ դատապարտելով Արցախի դէմ Ադրբեջանի շրջափակումն ու ագրեսիան, պահանջելով անյապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ Արցախի բարձրաստիճան ղեկավարներին, վերահաստատելով Արցախի ինքնորոշման իրաւունքը եւ կոչ անելով գործուն քայլերով դատապարտել Հայաստանի դէմ Ադրբեջանի թշնամական քաղաքականութիւնը։ Իր խօսքում ՀՀ ԱԺ անդամ Արթուր Խաչատրեանը շնորհակալութիւն յայտնեց Քրիս Հոլդէնին՝ հայամէտ բանաձեւերն առաջ մղելու համար, ինչպէս նաեւ երախտագիտութիւն յայտնեց Կալիֆորնիայի օրէնսդիրներին եւ Հայ Դատի յանձնախմբին՝ Կալիֆորնիայի եւ Հայաստանի միջեւ կապերն ամրապնդելու այս պատմական ջանքերին աջակցելու համար: Խաչատրեանն ընդգծել է, որ բանաձեւերի ընդունումը «շատ կարեւոր քաղաքական ուղերձ է աշխարհին, Ադրբեջանին եւ նրա հովանաւոր Թուրքիային։ Չնայած Ադրբեջանի ագրեսիային, Արցախի վերաբերեալ էջը փակւած չէ, Արցախի ժողովուրդն իրաւունք ունի ինքնուրոյն որոշել իր ճակատագիրը, ինչպէս աշխարհի ցանկացած այլ ժողովուրդ»։

Արթուր Խաչատրեանը Կալիֆորնիայից մեկնել է Վաշինգտոն, որտեղ յունւարի 24-26-ը ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան կոնգրեսականների հետ՝ բարձրացնելով արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեանը, Հայաստանի անվտանգութեանը եւ Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկելու անհրաժեշտութեանը վերաբերող հարցեր։ Սենատորներ Ջոն Ֆեթերմանի, Մարքուէյն Մոլընի եւ Գարի Փեթերսի հետ հանդիպումների ընթացքում Խաչատրեանը նշել է, որ եթէ Ալիեւի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառւեն Արցախի 150․000 հայութեան նկատմամբ իրականացւած ցեղասպանութեան համար, այն շարունակելու է սաստկացնել իր ագրեսիան։ Ադրբեջանական զօրքերը ներկայումս գտնւում են Հայաստանի ինքնիշխան տարածքի վրայ՝ Սիւնիքի, Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի մարզերում։ Ալիեւը մարտահրաւէր է նետում Հայաստանի միջազգայնօրէն ճանաչւած սահմաններին, սպառնում է Սիւնիքով միջանցք բացել եւ Թուրքիայի հետ ցամաքային կապ ապահովել, ինչպէս նաեւ ճնշում է Հայաստանին՝ ընդունելու նոր Սահմանադրութիւն։

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի կազմակերպած կոնգրեսական ճեպազրոյցների ընթացքում, յունւարի վերջին, հանդիպելով կոնգրեսականներ Ջէյմզ Կոստայի եւ Բրէդ Շերմանի հետ՝ Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը եւ նախկին պետնախարար Արտակ Բեգլարեանը ներկայացրել են Արցախի ժողովրդի անքակտելի իրաւունքները, ազգային շահերը եւ ժողովրդավարական ձգտումները։ Ճեպազրոյցի ընթացքում Ստեփանեանն ու Բեգլարեանը սեփական վկայութիւններն են ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի տասն ամիս տեւած շրջափակման դաժան իրողութիւնների մասին, որոնք գագաթնակէտին հասան 2023 թ․ սեպտեմբերի ցեղասպանական յարձակմամբ, ինչի արդիւնքում բռնի կերպով դատարկւեց Արցախը։ Բանախօսները խօսել են արցախահայութեան դէմ Ադրբեջանի կանխամտածւած յարձակումների պատմութիւնից, ինչը հիմք է հանդիսացել 2023 թ․ ցեղասպանութեան։ Նրանք նաեւ կարեւորել են ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին Արցախի ցեղասպանութեան համար պատասխանատւութեան ենթարկումը, ի թիւս աւելի կարեւորելով՝

  • Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը՝ հիմնւելով Սենատի S.3000 բանաձեւի ընդունման վրայ, որը պարտադրում է 907-րդ բանաձեւի ամբողջական կիրարկում։ Մագնիցկու պատժամիջոցների կիրառումը ռազմական յանցագործութիւնների եւ էթնիկ զտումների համար։
  • ԱՄՆ օժանդակութիւնն Արցախի բռնի տեղահանւած հայութեանը, բռնի տեղահանւած հայերի անվտանգ վերադարձի երաշխաւորումը։
  • Ամերիկեան եւ միջազգային ջանքերի ընդլայնումը՝ օգնելու ապահովել 2023 թ․ սեպտեմբերին գերեվարւած Արցախի առաջնորդների եւ 2020 թ․ ադրբեջանաթուրքական յարձակումներից յետոյ ապօրինաբար պահւող ռազմագերիների անյապաղ ազատ արձակումը։
  • Արցախի հայկական մշակութային եւ կրօնական ժառանգութեան պահպանումը։

Ստեփանեանն ու Բեգլարեանն ընդգծել են, որ առանց միջազգային ջանքերի՝ ուղղւած Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի իրաւունքի իրացմանը եւ առանց կատարւած յանցագործութիւնների համար պատասխանատւութեանը, տարածաշրջանում անհնար կը լինի կայուն խաղաղութիւն հաստատել։ Նրանք նաեւ ընդգծել են, որ Ադրբեջանի կառավարութեան կողմից բորբոքւած համակարգային հակահայկական ատելութիւնը պէտք է արմատախիլ արւի՝ ապահովելու համար հակամարտութեան կայուն կարգաւորումը եւ տարածաշրջանային կայունութիւնը։

Ամերիկեան սենատորներ Էդ Մարքին եւ Բիլ Քեսիդին փետրւարի սկզբին ներկայացրել են երկկուսակցական բանաձեւ՝ ԱՄՆ պետդեպարտամենտից պահանջելով զեկոյց ներկայացնել Ադրբեջանում մարդու իրաւունքների իրավիճակի վերաբերեալ՝ համաձայն «Արտաքին աջակցութեան ակտի» 502B(c) բաժնի պահանջների: Պետքարտուղարութիւնից հայցւող տեղեկատւութիւնը վերաբերելու է ինչպէս Ադրբեջանի ներսում, այնպէս էլ Լեռնային Ղարաբաղում մարդու իրաւունքների ոտնահարումներին, որոնց արդիւնքում Արցախում արձանագրւեց էթնիկ զտում։ Որպէս համահեղինակներ՝ բանաձեւի նախագծին են միացել նաեւ սենատորներ Մարկօ Ռուբիօն, Գարի Փիթերսը, Էլիզաբեթ Ուորէնը, Շելդոն Վայթհաուսը, Ռաբերտ Մենենդէզը եւ Փիթեր Վելչը։ Այս առիթով, բանաձեւի նախագծին աւելի շատ սենատորների միացումն ապահովելու համար՝ Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը սկսել է համագաղութային արշաւ՝ ամերիկահայութեանը մղելով, Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի էլեկտրոնային համակարգերի միջոցով, իրենց շրջաններից ընտրւած սենատորների վրայ բանեցնելու համայնքային ճնշում։ «Արտաքին աջակցութեան ակտի» 502B(c) բաժինը երկար ժամանակ գոյութիւն ունեցող, սակայն չօգտագործւած ակտ է, որն արգելում է ԱՄՆ-ի անվտանգային աջակցութիւնը «ցանկացած երկրի, որի կառավարութիւնն իրականացնում է միջազգայնօրէն ճանաչւած՝ մարդու իրաւունքների կոպիտ խախտումներ: Եթէ ներկայացւած բանաձեւն ընդունւի, դա կլինի առաջին դէպքը, երբ Կոնգրեսը 1976 թւականից ի վեր զեկոյց է պահանջում համաձայն 502B(c) բաժնի:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մայքըլ Լոուլերը վերջերս միացել է Կոնգրեսի հայկական յանձնախմբի համանախագահներ Ֆրանկ Փալոնին եւ Գուս Բիլիրակիսին, ինչպէս նաեւ Գաբէ Ամոյին՝ ներկայացնելով «Հայկական պաշտպանութեան ակտը»։ Ադրբեջանին Ամերիկեան ռազմական օժանդակութիւնից զրկելուն միտւած այս նախագիծը նոյնպէս էապէս խթանւել է Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի կողմից։ Բանաձեւի նախագիծը նախորդ տարեվերջին ամերիկեան Սենատի կողմից միաձայնութեամբ ընդունւած համանուն բանաձեւի տրամաբանութիւնն է կրկնում արդէն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում եւ գալիս է առաջ մղելու ներամերիկեան օրէնսդրական գործընթացը՝ ապահովելու համար ԱՄՆ Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ յօդւածի (907-րդ բանաձեւ) կիրարկումը եւ էապէս սահմանափակելու ԱՄՆ նախագահի լիազօրութիւնները յիշեալ յօդւածի կիրարկումից հրաժարւելու գործում։ Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբն արդէն իսկ սկսել է համագաղութային լայնամասշտաբ գործողութիւնների արշաւ՝ «Հայկական պաշտպանութեան ակտի» (H.R.7288) արագ քննարկմանն ու ընդունմանը նպաստելու համար:

Եւրոպա

Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը շարունակել է օժանդակել «Եւրոպացիները յանուն Արցախի» շարժման աշխատանքներին, որոնց արդիւնքում յունւարի 27-ին եւ 28-ին անցկացւեց երկրորդ համաեւրոպական համախմբումը՝ ի պաշտպանութիւն Արցախի ժողովրդի։ Առաջինը՝ 2023 թ․ հեկտեմբերի 1-ին Բելգիայի մայրաքաղաք Բրիւսէլում եւ եւրոպական 13 քաղաքներում կազմակերպւած բողոքի համաժամանակեայ ցոյցերն էին։

Այս անգամ, աւելի քան 50 եւրոպական քաղաքներում կազմակերպւած տարաբնոյթ ձեռնարկների միջոցով, «Եւրոպացիները յանուն Արցախի» շարժումը Եւրոմիութեան, եւրոպական երկրների, ինչպէս նաեւ Եւրոխորհրդի ղեկավարութիւնից պահանջում էր էթնիկ զտման եւ ցեղասպան քաղաքականութեան համար դատապարտել Ադրբեջանին, պահանջել ազատ արձակել հայ ռամագերիներին եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ներկայացուցիչներին, զօրակցութիւն յայտնել բռնի տեղահանւած արցախահայութեանն, ինչպէս նաեւ պատժամիջոցներ կիրառել Բաքւի նկատմամբ։

Կազմակերպւած ձեռնարկները ներառում էին հաւաքներ, ցոյցեր, իրազեկման գործողութիւններ, մամուլի ասուլիսներ, բարեգործական աշխատանք, դասախօսութիւններ, ֆիլմերի ցուցադրութիւն եւ այլն, որոնց մասնակցութիւն են ունեցել նաեւ բազմաթիւ օտար քաղաքական կուսակցութիւններ, խորհրդարանականներ, տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուներ, առհասարակ քաղաքական դէմքեր, ինչպէս նաեւ մեծաթիւ լրագրողներ։ Միջոցառումների օտարազգի մասնակիցները նոյնպէս արտայայտել են իրենց պատրաստակամութիւնը շարունակելու պայքարը յանուն արցախահայութեան իրաւունքների վերականգնման։

Եւրոպայի տասնչորս երկրներում գործող Հայ Դատի յանձնախմբերն իրենց ակտիւ մասնակցութիւնն ու կազմակերպական օժանդակութիւնն են բերել կազմակերպւած յիշեալ միջոցառումներին։

Ֆրանսիա

Ֆրանսիայի Հանրապետութեան Սենատը յունւարի 17-ին, գրեթէ միաձայնութեամբ, ընդունեց Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեանն աջակցող, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ եւ հայ բնակչութեան՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրաւունքի երաշխիքներ պահանջող բանաձեւ։ Ստեղծւած իրավիճակում չափազանց կարեւոր է Ֆրանսիայի օրէնսդիր մարմնի բարձր պալատի կողմից այնպիսի քաղաքական դիրքորոշումը, որը ենթադրում է աջակցութիւն Հայաստանի տարածքային ամբողջականութեանն ու ինքնորոշմանը, Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիայի դատապարտում, հայ բնակչութեան վերադարձի իրաւունքի երաշխաւորման անհրաժեշտութիւն, Հայաստանի Հանրապետութեան տարածքների դէօկուպացիա, Հայաստանի կողմից իր անվտանգութիւնը, այդ թւում ռազմական ճանապարհով, պաշտպանելու կարողութիւնների զարգացում, Բաքւում պահւող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատութիւն, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պաշտպանութիւն։ Կարեւոր նշանակութիւն ունի նաեւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ պատժամիջոցների կիրառման պահանջը։

Միացեալ Թագաւորութիւն

ՄԹ Լորդերի պալատի միջազգային յարաբերութիւնների եւ պաշտպանութեան յանձնաժողովը յունւարի 10-ին լսումներ է անցկացրել Արցախի եւ Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների վերաբերեալ։

Լսումներին մասնակցում էր նաեւ ՄԹ Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Անետ Մոսկոֆեանը։ Հայ Դատի յանձնախումբն այս լսումների համար իրականացրել էր յանձնաժողովի քարտուղարութեան եւ անդամների տեղեկատւական իրազեկում՝ Ադրբեջանի կողմից իրականացւած ռազմական յանցագործութիւնների, էթնիկ զտումների եւ ցեղասպանութեան, մշակութային ու կրօնական ժառանգութեան ոչնչացման, գերիների ու անօրինական առեւանգւած անձանց վերաբերեալ: Հայ Դատի յանձնախումբը տեղեկատւութիւն էր խնդրել մասնաւորապէս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Միջազգային քրէական դատարանի առաջին գլխաւոր դատախազ Լուիս Մորենօ Օկամպոյից, Ցեղասպանութիւնների կանխարգելման «Լեմկին»-ի ինստիտուտից, բարոնուհի Քերոլայն Քոքսի HART բարեգործական հիմնադրամից, «Թաթոյեան» հիմնադրամից եւ Global Witness կազմակերպութիւնից։

Կանադա

Դեռեւս յունւարի 23-ին Հայ Դատի Կանադայի յանձնախումբը յայտարարեց, որ հաւանականութիւն կայ առ այն, որ կանադական կողմը կարող է չեղարկել Թուրքիայի նկատմամբ սահմանւած՝ ռազմական արտադրանքի վաճառքի էմբարգօն՝ Շւեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործարքի շրջանակում։ Յանձնախումբը նկատել էր, որ Թուրքիայի նկատմամբ կիրառւող զէնքի էմբարգոյի վերացումը յատկապէս վտանգաւոր է կանադա-թուրքական ռազմական առեւտրի վերջին սկանդալային բացայայտումներից յետոյ, երբ 2019 թ․ պաշտօնական Օտտաւան թոյլատրել էր անօդաչուներում կիրառւող L3Harris/WESCAM տեխնոլոգիաների վաճառքը Անկարային, ինչը հանդիսանում էր «Բայրաքթար» անօդաչուների մրցունակութիւնն ապահովող առանցքային դետալներից մէկը։ Հետագայ հետաքննութիւնն ապացուցել էր այդ տեխնոլոգիաների փոխանցումը Ադրբեջանին, ինչն արգելւած էր։ Բացայայտւել էին թուրքական այլ զեղծարարութիւններ եւս։ Մասնաւորապէս, կանադական տեխնոլոգիան, համապատասխան թուրքական դիմումի, ենթակայ էր կիրառման ոչ թէ յարձակողական, այլ հետախուզական անօդաչուների համար։ Պետական այս հետաքննութիւնից յետոյ, կանադական կողմը, Հայ Դատի Կանադայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում, Թուրքիայի նկատմամբ կիրառեց ռազմական արտադրանքի վաճառքի էմբարգօ։

Յունւարի 30-ին արդէն պարզ էր, որ Օտտաւան չեղարկել է գործող էմբարգօն։ Հայ Դատի յանձնախումբն իր հերթին յայտարարեց, որ այս որոշումը տագնապալի մտահոգութիւններ է առաջացրել կանադահայ համայնքում, քանի որ այն վտանգում է Կանադայի հաւատարմութիւնը մարդու իրաւունքներին, միջազգային անվտանգութեանն ու արդարութեանը։ Ամէն դէպքում, Հայ Դատի Կանադայի յանձնախումբն ի գիտութիւն է ընդունել կանադական կառավարութեան վստահեցումն առ այն, որ Թուրքիա զէնքի արտահանման թոյլտւութիւնները կը չեղարկւեն կամ կը ասեցւեն այն պարագայում, երբ թուրքական կողմից չարաշահումների վերաբերեալ հաւաստի ապացոյցներ պարզւեն։

Մերձաւոր Արեւելք

Թուրքիայի հայցի հիման վրայ Արդարադատութեան միջազգային դատարանում Իսրայէլի դէմ յունւարի 11-ից մեկնարկած լսումների վերաբերեալ նոյն օրը յայտարարութիւն է տարածել Հայ Դատի Մերձաւոր Արեւելքի յանձնախումբը՝ մատնանշելով Թուրքիայի երկդիմի քաղաքականութիւնը, որը մի կողմից մեղադրում է Իսրայէլին ցեղասպանութիւն իրագործելու մէջ, միւս կողմից չի դադարեցնում վերջնիս հետ իր առեւտրային յարաբերութիւնները, իսկ միւս կողմից էլ չի ընդունում Հայ ժողովրդի Ցեղասպանութիւնը։ Յանձնախումբը նաեւ քննադատել է Իսրայէլին՝ Հայոց Ցեղասպանութիւնը չընդունելու, Արցախի նկատմամբ ցեղասպանական գործողութիւններին մեղսակցութեան վերաբերեալ։ Անդրադառնալով Գազայի հատւածում ընթացիկ ռազմական գործողութիւններին՝ յանձնախումբը կարեւորել է ռազմական գործողութիւնների ու մարդասիրական աղէտի դադարեցումն ու երկու կողմերի համար ընդունելի լուծումներ գտնելու շուրջ խաղաղ կարգաւորման գործընթացի մեկնարկը:

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
15.02.2024 թ.

Arfd.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button