Հայ Դատ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՈՃՐԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԻԵՐԱՐԽԻԱՅԻ  ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

ՍՈՒՐԷՆ ՄԱՆՈՒԿԵԱՆ

Ցեղասպանագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու

Իւրաքանչիւր ցեղասպանութեան ուսումնասիրութեան համար հիմնարար խնդիրներից են ոճրագործութեան կազմակերպիչների եւ իրականացնողների շրջանակի ուրւագծումը, ինչպէս նաեւ զանգւածային սպանութիւնների ընթացքում նրանց դերակատարման վերլուծութիւնը:

Ցեղասպանութիւնն առաջին հերթին քաղաքական յանցագործութիւն է, միաժամանակ այն ծնւում է մարդկանց ուղեղներում եւ իրականացվում մարդկանց ձեռքերով: Յանցագործութեան իրականացման մեխանիզմները հասկանալու համար անհրաժեշտութիւն է առաջանում քննութեան ենթարկելու ոճրագործների ամբողջ հիերարխիկ համակարգը՝ որոշում կայացնողներից մինչեւ շարքային մարդասպաններ եւ աջակիցներ:

Այս խնդիրը որոշակիօրէն դուրս է մնացել Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրութեամբ զբաղւող մասնագէտների ուշադրութեան կենտրոնից՝ յայտնւելով ընկալման եւ մտածողութեան յայտնի ծուղակում, երբ ստեղծւում է տպաւորութիւն, որ կարիք չկայ հետազօտել մի բան, որ այդքան բացայայտ է: Իհարկէ, տարբեր գիտնականներ այս կամ այն չափով անդրադարձել են ոճրագործների բացայայտման խնդրին, սակայն ամբողջ համակարգն իր ուղղահայեաց եւ հորիզոնական բազմաթիւ կապերով, որոշումների կայացման պահից մինչեւ սպանութեան անմիջական իրականացումը չի դարձել առանձին ուսումնասիրութեան թեմա։

«Ցեղասպանութիւն» հանրագիտարանը սահմանում է «(ոճրա)գործ» (“Perpetrator”) եզրն իբրեւ մարդ, ով «նախաձեռնում, նպաստում կամ իրականացնում է ցեղասպանութեան գործողութիւնները կամ մարդկութեան դէմ յանցագործութիւնները»։ Այս երեք գործողութիւնը՝ նախաձեռնել, նպաստել եւ իրականացնել, որոշակիօրէն բնութագրում են այն աստիճանակարգը, որ գործում է ցանկացած ցեղասպանութեան իրականացման ընթացքում:

Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին 1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունւած կոնւենցիայի 4-րդ յօդւածում նոյնպէս արձանագրւած է յանցաւոր գործողութիւնների մասնակիցների շրջանակը. «Ցեղասպանութիւն կամ [սոյն կոնւենցիայի – Ս.Մ.] 3-րդ յօդւածում թւարկւած որեւէ արարք կատարած անձինք ենթակայ են պատժի՝ անկախ այն բանից, նրանք սահմանադրութեամբ պատասխանատու ղեկավարներ են, թէ պաշտօնատար կամ մասնաւոր անձինք»: 1919-1920 թթ. երիտթուրքերի նկատմամբ կազմակերպւած դատավարութիւնների ընթացքում յանցագործները հիերարխիայի նոյնանման դասակարգման էին ենթարկւում: Առանձնացւած դատավարութիւններ ընթացան կուսակցութեան եւ պետութեան ղեկավարների, «Յատուկ կազմակերպութեան» անդամների, ինչպէս նաեւ տեղական պաշտօնեաների եւ կուսակցական պատասխանատու քարտուղարների նկատմամբ:

1915 թ. մայիսի 24-ի Անտանտի պետութիւնների համատեղ հռչակագիրը նոյնպէս անդրադառնում է այն խնդրին՝ առանձնացնելով անհատական պատասխանատւութեան հարցը եւ ընդգծելով Օսմանեան կայսրութեան պաշտօնեաների մասնակցութիւնը հայ բնակչութեան կոտորածներին՝ հաստատելով, որ Օսմանեան կայսրութեան անդամներն ու այդ ջարդերի մասնակիցներն անձնական պատասխանատւութիւն են կրելու:

Հայոց Ցեղասպանութեան իրականացման ընթացք ներգրաււած անձանց շրջանակը եւ աստիճանակարգը կարելի է պայմանականօրէն բաժանել մի քանի մակարդակի՝ վերին՝ որոշում կայացնողներ, միջին՝ տեղական կազմակերպիչներ եւ գործընթաց ներգրաււած կազմակերպութիւններ ու կառոյցներ, ինչպէս նաեւ ստորին՝ հասարակ բնակչութիւն:

ա. Որոշում կայացնողներ

Հայոց Ցեղասպանութեան ոճրագործների ամենավերին օղակը ճակատագրական որոշում կայացնողներն էին։ Նրանք ձեւակերպում էին ցեղասպանական գաղափարախօսութիւնը, կայացնում ցեղասպանութեան իրականացման որոշումը եւ վերահսկում կոտորածների ընթացքը։ Որոշում կայացնողները հարիւր հազարաւոր մարդկանց մահւան էին ուղարկում՝ շատ յաճախ անձնապէս չմասնակցելով սպանութեան գործընթացին։

Այս մակարդակում ոճրագործները ներկայացւած էին պետութեան բարձրագոյն իշխանութեան ներկայացուցիչների, կուսակցական վերնախաւի եւ մի քանի ազդեցիկ անհատների տեսքով, որոնց դերը Հայոց Ցեղասպանութեան նախագծման մէջ որոշիչ էր։ Տարանջատել այս խմբերն անհնար է, քանի որ նոյն մարդը յաճախ մի քանի դերով է հանդէս եկել՝ լինելով միաժամանակ ե՛ւ կուսակցապետ, ե՛ւ պետութեան ղեկավար, ե՛ւ ազդեցիկ գործիչ:

Պետութեան դերը ցեղասպանութիւնը ծրագրելու ու իրականացնելու մէջ վճռորոշ է։ XX դարում ցեղասպանութիւնները միշտ իրականացւել են պետական իշխանութեան կամ պետութեան ներկայացուցիչների կողմից, քանի որ միայն պետական իշխանութեան չափազանց կենտրոնացւածութեան, ինչպէս նաեւ հաղորդակցութեան եւ փոխադրամիջոցների վերահսկողութեան դէպքում է հնարաւոր լինում գործուն կերպով կազմակերպել նման ոճրագործութիւն։ Պետական ռեսուրսները, օրինական բռնութիւն կիրառելու իրաւունքը, ինչպէս նաեւ ենթակառուցւածքները՝ հեռագրական մեքենաներ, երկաթուղիներ, համակենտրոնացման ճամբարներ, թոյլ են տալիս նախաձեռնել նման հսկայածաւալ «նախագիծ», ինչպիսին է ցեղասպանութիւնը։ Պետութիւնը նաեւ միակ «խաղացողն» է, որ տիրապետում է բոլոր այն միջոցներին, որոնք թոյլ են տալիս բնակչութեան շրջանում ատելութեան քարոզչութիւն տարածել՝ ապամարդկայնացնելով զոհերին, ներկայացնելով նրանց իբրեւ չարիք եւ նոյնիսկ մահացու վտանգ, դրանով իսկ հաւաքագրելով մարդկանց հսկայական զանգւածներ, որոնք լծւում են սպանութեան գործընթացին։

Սովորաբար նման պետութիւնների գլուխ կանգնած են լինում քաղաքական ուժեր, որոնք որդեգրում են ցեղասպանական գաղափարախօսութիւն եւ դրսեւորում զանգւածային ոճրագործութիւն իրականացնելու կամք։ Հոլոկոստի դէպքում դա Նացիոնալ-սոցիալիստական կուսակցութիւնն էր, Կամբոջայում՝ Կոմունիստական կուսակցութեան հոսանքներից մէկը՝ Կարմիր կհմերները: Հայոց Ցեղասպանութիւնն Օսմանեան պետութեան կողմից իրականացւած յանցագործութիւն է, սակայն այն իրագործելու որոշումները կայացրել է «Միութիւն եւ առաջադիմութիւն» կուսակցութեան Կենտրոնական կոմիտէն, որը ողջ իշխանութիւնը երկրում փաստացի կենտրոնացրել էր իր ձեռքում՝ կատարելով պետական մարմինների գործառնութիւններ։ «Միութիւն եւ առաջադիմութիւն» կուսակցութեան որոշումները, որոնք գործարկւել էին կառավարութեան միջոցով, հետադարձ թւագրութեամբ հաստատւել եւ օրէնքի ուժ են ստացել Օսմանեան խորհրդարանի կողմից:

Ցեղասպանութեան իրականացման որոշումը ձեւաւորւեց 1910 եւ 1911 թթ. երիտթուրքական համաժողովների ընթացքում։ Օսմանիզմի գաղափարախօսութեան անարդիւնաւէտութեան պայմաններում ուժեղացել էր այն թուրքիզմով փոխարինելու ձգտումը։ 1910-1911 թթ. ժողովների ընթացքում պանթուրքական ուղղւածութեան մի շարք ջատագովներ ընդգրկւեցին Իթթիհաթի Կենտրոնական կոմիտէի կազմում։ 1911 թ. աշնանը Իթթիհաթի 4-րդ համաժողովը վաւերացրեց անցումը դէպի բռնի թուրքացում։ Կոնգրեսի մասնակից Կեազին Նամի Դուրուն իր յուշերում նշում էր. «Իթթիհաթը երդւեց ձուլել այլ ժողովուրդներին թուրքական միջավայրում եւ համապատասխան ծրագիր մշակեց» ։ Դոկտոր Նազըմը, ով այս գծի առաջամարտիկ էր 1910, 1911 թթ. ժողովներում հաստատեց Կայսրութեան «վերջնական թուրքացման» տեսակէտը, որը իրականացւելու էր մուսուլմանների զանգւածային վերաբնակեցումների ձեւով եւ հայերի կոտորածների միջոցով։

1913 թւականից երիտթուրքական կուսակցութեան կենտկոմը դադարեց հաշւետու լինել համագումարի առջեւ եւ յենւելով անդամների հեղինակութեան եւ պետական իշխանութեան մէջ զբաղեցրած պաշտօնների վրայ՝ երկրի ամբողջ կառավարումը կենտրոնացրեց իր ձեռքերում: Հէնց Իթթիհաթի կենտկոմն էլ ուղղակիորեն մշակեց եւ իրականացրեց հայերի ոչնչացումը։ Հայոց Ցեղասպանութեան ծրագրման եւ իրականացման ամբողջ ընթացքում, այսինքն՝ 1912-17 թթ., Իթթիհաթի կենտկոմի կազմն անփոփոխ էր՝ Իթթիհաթի գլխաւոր քարտուղար Միդհատ Շիւքրու, Սաիդ Հալիմ փաշա, Թալէաթ փաշա, Էիւբ Սաբրի, դոկտոր Նազըմ, դոկտոր Բեհաեդդին Շաքիր, դոկտոր Ռուսուհի, Զիյա Գեոքալփ, Էմրուլլահ, Կիւչուք Թալաաթ, Աթիֆ Ռիզա, Կարա Քեմալ։

Այս գործիչներից Հայոց Ցեղասպանութեան ծրագրման եւ իրականացման մէջ դերակատարում ունենալու տեսակէտից ﬕ շարք հեղինակներ /Արսէն Աւագեան, Դոգան Աւչոօղլու, Շուքրու Հանիօղլու, Ռոբերտ Մելսոն / կենտրոնական տեղ են տալիս դոկտորներ Նազըմին եւ Բեհաեդդին Շաքիրին։

Հեռու մնալով հանրային ուշադրութեան կենտրոնից` Նազըմն այնուամենայնիւ իր ձեռքերում էր կենտրոնացրել կուսակցութեան վերահսկողութիւնը։ Նա բազմիցս արտայայտւել էր ոչ թուրքական փոքրամասնութիւնների վերացման օգտին եւ այս գործում գտել էր իր համար հաւատարիմ համախոհ։ Հէնց Բեհաեդդին Շաքիրն է Նազըմի հետ հաւանաբար հեղինակել տեղահանութեան մասին օրէնքը։ Շաքիրի կարեւոր դերը հաստատել է նաեւ գերմանացի գնդապետ Շտանգէն, ում հետ համատեղ Շաքիրը կազմակերպել է պարտիզանական գործողութիւնները Ռուսաստանի դէմ Առաջին աշխարհամարտի առաջին երեք ամիսների ընթացքում։ Ըստ Շտանգէի՝ հետագայում այս նոյն ջոկատները վերափոխւում են մարդասպանների ջոկատների։ Վահագն Դադրեանը նոյնպէս նշում է այս երկուսի վճռական դերը (Թալէաթի, ազգային անվտանգութեան ղեկավար Ջամփոլատի եւ Գլխաւոր շտաբի երկրորդ վարչութեան /հետախուզման/ ղեկավար գնդապետ Սէյֆիի հետ միասին) ցեղասպանական ծրագրի վերջնական որոշման ընդունման մէջ։

Բացի վերոնշեալ գործիչներից, կարելի է նշել նաեւ ցեղասպանութեան տարիներին Իթթիհաթի հիմնական գաղափարախօսներին՝ պանթուրքիստներ Զիյա Գեոքալփին եւ Իւսուֆ Աքչուրային։ Նրանք քարոզում էին, որ քրիստոնեաների ոչնչացումը կը վերացնի այն խոչընդոտը, որ խանգարում է Անատոլիայից մինչեւ Միջին Ասիա բնակւող բոլոր թուրքալեզու ժողովուրդների միավորմանը նոր գերկայսրութեան մէջ։

Սակայն մի ամբողջ ժողովրդի ոչնչացման մանրամասնօրէն մշակւած ծրագիրը կարող էր իրականացւել միայն այն պայմաններում, երբ երիտթուրքական կուսակցութեան վերահսկողութեան տակ կը լինէին ամբողջ պետական ապարատը եւ նրա կառոյցները, այդ թւում՝ ուժային: Այս պատճառով չափազանց կարեւոր էր 1913 թ. յեղաշրջումից յետոյ Իթթիհաթի բռնապետութեան ձեւաւորումը, երբ տեղի ունեցաւ պետական եւ կուսակցական ապարատի ամբողջական սերտաճում: Կառավարութիւնը փաստացի վերածւեց կուսակցութեան կամքն իրականացնող մի մարմնի: Ամբողջ իշխանութիւնն անցաւ եռապետերի ձեռքը։ Եռապետերը դարձան նաեւ ցեղասպանական ծրագրի իրականացման գլխաւոր պատասխանատունէրը: Ռազմական նախարար դարձաւ Իսմայէլ Էնւերը, որն իր ձեռքում էր կենտրոնացրել ամբողջ ռազմական գործերը, Գերմանիայի հետ դաշինքի ջատագով էր եւ նոյնիսկ գահի նկատմամբ յաւակնութիւններ ունէր, քանի որ ամուսնացած էր Սուլթանի զարմուհու հետ։ Ահմեդ Ջեմալը՝ նախ Ստամբուլի նահանգապետն էր, յետոյ՝ ռազմածովային նախարարը, Չորրորդ բանակի հրամանատարը եւ Սիրիայի փաստացի տէրը։ Նրա յարաբերութիւններն Էնւերի հետ մշտապէս բարդ էին։ Ընդհանրապէս եռապետերից իւրաքանչիւրը փորձում էր բացառել միւսների միջամտութիւնը սեփական վերահսկողութեան տակ գտնւող ոլորտի գործերին, եւ սրանով կարելի է բացատրել Հայոց  Ցեղասպանութեան ընթացքում նրանց գործողութիւններում երբեմն նկատւող տարաձայնութիւնները։

Եռապետութեան երրորդ անդամը Մեհմեդ Թալէաթն էր, ով զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի, հետագայում նաեւ կառավարութեան ղեկավարի պաշտօնները եւ փաստացի ամենամեծ իշխանութիւնն էր կենտրոնացրել երկրի ներսում, քանի որ ստանձնել էր երիտթուրքական կուսակցութեան նեղ շրջանակի մէջ գոյութիւն ունեցող հակամարտող հոսանքները եւ ազդեցիկ անհատներին հաշտեցնելու եւ զսպելու գործառոյթը։ Լինելով ներքին գործերի նախարար՝ նա նաեւ վերահսկում էր վիլայեթներում ամբողջ ոստիկանութիւնը եւ վարչական ապարատը, ինչը նրան հսկայական ազդեցութիւն էր հաղորդում, ինչպէս նաեւ կենտրոնական գործող անձ էր դարձնում Հայոց Ցեղասպանութեան իրականացման համակարգում։ Օսմանեան կայսրութիւնում Գերմանիայի դեսպան կոմս Վուլֆ-Մեթթերնիխը Մեհմեդ Թալէաթին նկարագրում էր իբրեւ «հայկական կոտորածների ոգին» ։ Հէնց նրա անունից էին ուղարկւել հիմնական այն հեռագրերը, որոնք համակարգում էին հայերի ոչնչացումը նահանգներում: Իհարկէ, այդ հրահանգները չէին պարունակում սպանութեան բացայայտ հրամաններ, սակայն անուղղակիօրէն վկայում են նախապատրաստւող հրէշաւոր ծրագրի մասին: Օրինակ՝ 1915 թ. յուլիսի 21-ին թւագրւած Թալեաթի ծածկագիր հեռագիրը՝ ուղարկւած Դիարբեքիրի, Խարբերդի, Ուրֆայի եւ Դեր Զորի նահանգապետերին եւ մութասարիֆներին, հրահանգում է ճանապարհներին մնացած դիակները թաղել, լքեալ գոյքը վառել, այլ ոչ թէ դիակները լցնել ձորերը, գետերը կամ լճերը: Դիարբեքրի նահանգապետին 1915 թ. յուլիսի 22-ին ուղարկւած մէկ այլ հեռագրում նա կոչ է անում անմիջապէս դադարեցնել հայերից զատ այլ քրիստոնեաների սպանութիւնը, քանի որ հայերի նկատմամբ կարգապահական միջոցների անցումն այլ խմբերի վրայ կարող է վատ արձագանքներ ունենալ:

Օսմանեան կայսրութեան կառավարութիւնն ընդամէնը Երիտթուրքական կուսակցութեան ծրագրերն իրականացնող մի մարմնի էր վերածւել։ Եգիպտական արքայազն Սայիդ Հալիմ փաշան, թէեւ երիտթուրքական կուսակցական առաջնորդների նեղ շրջանակի անդամ էր, սակայն երբեք վճռական ազդեցութիւն չունէր որոշումների կայացման համակարգի վրայ: Նա պարզապէս եռապետերի հլու կամակատարն էր։

1915 թ. մայիսի 27-ին ընդունւեցին ժամանակաւոր օրէնքներ տեղահանութեան վերաբերեալ, որն ընտրել էր Հայոց Ցեղասպանութեան իրականացման միջոց։ Պէտք է նշել, որ գարնան սկզբից տեղահանութեան գործընթացն արդէն ամբողջ թափով ընթանում էր, եւ ժամանակաւոր օրէնքների ընդունումը փորձ էր հետին թւով որոշակիօրէն օրինականացնելու գործընթացը։

Տեղահանւածների ոչնչացումը թոյլատրելու մասին է վկայում Թալէաթի՝ 1915 թ. յունիսի 14-ի ցուցումը՝ սպանել տեղահանւածների քարաւաններում դիմադրութիւն ցոյց տւողներին եւ փախուստի դիմողներին։ Մի քանի օր անց գերմանական դեսպանատան աշխատակցի հետ զրոյցում նա յայտնել է «ներքին թշնամիների» հետ պատերազմի քողի տակ գործն աւարտի հասցնելու մասին Բ. Դռան մտադրութեան մասին։ Բացի այդ, յունիսի 9-ին ներքին գործերի նախարարութիւնն ուղարկում է հրահանգ Էրզրումի նահանգապետին վաճառել տեղահանւած հայերի ունեցւածքը, ինչը պարզ վկայում է այն մասին, որ նրանց վերադարձը չէր ակնկալւում։

Տեղահանութեան եւ իրենց բնակավայրերից քշւած հայերին ոչնչացնելու գործընթացը համակարգում էր ներքին գործերի նախարարութիւնը տեղական իշխանութեան մարմիններին ուղարկւող շրջաբերականների եւ հրահանգների միջոցով: Այսպէս, 1915 թ. մայիսի 27-ին կառավարութեան կողմից ընդունւած «Տեղահանութեան մասին» ժամանակաւոր օրէնքում յղում է կատարւում 1915 թ. մայիսի 13-ին ներքին գործերի նախարարութեան կողմից ընդունւած N 270 որոշմանը հայերին Մոսուլի, Դեր Զորի եւ Սիրիայի այլ շրջաններ տեղափոխելու մասին: Ներքին գործերի նախարարութեան, ինչպէս նաեւ նրա անﬕջական ղեկավար Թալէաթի դերի առանցքային լինելու մասին է վկայում այն, որ 1918 թ. խորհրդարանական լսումների եւ 1919-1920 թթ. երիտթուրքերի դէմ նախաձեռնւած դատավարութեան ժամանակ գրեթէ բոլոր բարձրաստիճան ﬔղադրեալները հայերի տեղահանութեան ու կոտորածների ամբողջ պատասխանատւութիւնը դնում էին հէնց նշւած կառոյցի վրայ: Ներքին գործերի նախարարութիւնը կատարւող բռնութիւններին օրինական տեսք տալու համար 1915 թ. մայիսի 23-ին հրահանգներ է ուղարկում այն միջոցառումների մասին, որոնք պէտք է կիրառւէին «թշնամուն աջակցող քրիստոնեաների եւ նրանց հետ համագործակցող մուսուլմանների» նկատմամբ, որոնք ենթակայ են ռազմական տրիբունալի:

Դեռեւս մինչեւ Առաջին աշխարհամարտը ներքին գործերի նախարարութեան կազմում ստեղծւեցին տարբեր կառոյցներ, որոնք մեծապէս ներգրաււած էին հայերի տեղահանութիւնները համակարգելու ծրագրում։

Մէկը Ցեղերի եւ ներգաղթողների տեղաւորման վարչութիւնն էր, որը հիմնադրւել էր 1913 թ.: Հետագայում այն ընդլայնւեց եւ բաժանւեց 4 մասնաճիւղերի, որոնք ստացան իրենց գործառոյթները նկարագրող անուններ՝ բնակեցման, անվտանգութեան ապահովման, տրանսպորտի եւ ցեղերի մասնաճիւղեր: Հետաքրքիր է, որ այդ կառոյցն ունէր նաեւ Զիյա Գեոքալփի կողմից ղեկավարւող «Գիտական խորհուրդ», որը զբաղւում էր ազգագրական տւեալների հաւաքմամբ: Դրա ստեղծումը սերտօրէն կապւած էր Թալէաթի այն արտայայտութեան հետ, որ «Անատոլիան փակ արկղ է մեզ համար ու այնտեղ գործելուց առաջ անհրաժեշտ է նախ հասկանալ՝ ինչի հետ գործ ունենք»: Ցեղերի եւ ներգաղթողների տեղաւորման վարչութիւնը Հայոց Ցեղասպանութեան տարիներին կազմակերպում էր տեղահանութեան գործընթացի վարչարարութիւնը եւ հայերից ազատ մնացած տարածքների բնակեցումը մուսուլմաններով: Այն ղեկավարում էր Շուքրու Քայան։ Ներքին գործերի նախարարութեան կազմում գործող յաջորդ կառոյցը Ընդհանուր անվտանգութեան վարչութիւնն էր։

Մէկ այլ կառոյց էր «Լքեալ գոյքի յանձնաժողովը», որը համակարգում էր հայերի ունեցւածքի բռնագրաւումը եւ վերաբաշխումը։

Թէեւ բռնագաղթի կազմակերպման հիմնական աշխատանքն իրականացւեց ներքին գործերի նախարարութեան եւ նրա ենթակայութեան տակ գտնւող ստորաբաժանումների միջոցով, տեղական կառավարման մարմինների, անվտանգութեան, ոստիկանութեան եւ ժանդարմերիայի ուժերի մասնակցութեամբ, սակայն Հայոց Ցեղասպանութեան իրականացման մէջ ակտիւօրէն ներգրաււած էին նաեւ այլ նախարարութիւններ, յատկապէս ռազմական եւ  կրթութեան նախարարութիւնները։

Ամերիկացի սոցիոլոգ Ալեքս Ալւարեսն իր «օրէնքը որպէս ռեսուրսների հանրագումար» տեսութեան շրջանակում քննարկում է, թէ ինչպէս ցեղասպանութիւնների իրականացման շրջանում օրէնքը դառնում է այն պաշտօնեաների ծառան, ովքեր, ստանալով իշխանութիւն, կարողանում են ծառայեցնել օրէնքն իրենց պահանջներին ու հետաքրքրութիւններին: Վերահսկելով օրէնքները՝ պետութիւնը ստանում է վերահսկողութիւն օրինականացւած բռնութիւն իրականացնելու իրաւունքով օժտւած գործակալների նկատմամբ»: Ցեղասպանութեան ժամանակ նաեւ օրինականացւում է «յանցանքը», կամ այդ «օրէնքներին» են համապատասխանեցւում շատ գործողութիւններ: Խօսքն, իհարկէ ոճրագործ պետութեան օրէնքների, բայց ոչ միջազգային օրէնքների մասին է: Այսպիսի օրինակ են Նիւրնբերգեան օրէնքները, որոնք, ձեւականօրէն համապատասխանելով օրէնքների սահմանմանը, իրականում հակաօրինական որոշումներ էին։

Օսմանեան կայսրութեան խորհրդարանը նմանատիպ «օրէնքներ» էր ընդունում, որոնք շատ դէպքերում կոչւած էին հետին թւով «օրինականացնելու» կատարւող ոճրագործութիւնը:

Պատերազմի սկզբնական շրջանում Օսմանեան օրէնսդիր մարմնի գործունէութիւնը փաստացի կասեցւել էր: Օսմանեան իշխանութեան դէ ֆակտօ կառուցւածքը պատերազմական արտակարգ պայմաններում գործադիր թեւին էականօրէն ազատել էր օրէնսդիր մարմնի հնարաւոր կաշկանդող ազդեցութիւնից։ Իր յուշերում Թալէաթն ակնարկում է, որ 1915 թ. մարտի 1-ին Խորհրդարանի գործունէութեան սառեցումն ուղղակիորեն կապւած էր հակահայ ձեռնարկումների հետ։ Սա որոշակիօրէն վկայում է, որ Խորհրդարանում այս ծրագրին ընդդիմացում էր ակնկալւում։ Բացի այդ Խորհրդարանի գործունէութեան սառեցումը թոյլ էր տալիս պատգամաւորներին վերադառնալ իրենց ընտրական շրջաններ եւ տեղեկացնել սեփական ընտրողներին «հայկական վտանգի մասին»։ Տեղահանութեան մասին օրէնքի 4-րդ յօդւածն ունի վերապահում այն մասին, որ պէտք է պաշտօնապէս հրապարակւի Խորհրդարանի յաջորդ նստաշրջանի ընթացքում, սակայն ինչպէս իրաւացիօրէն նշում է Վ. Դադրեանը, չկայ որեւէ ապացոյց, որ երբ 1915 թ. սեպտեմբերի 28-ին Խորհրդարանի գործունէութիւնը նորից վերագործարկւել է, դա տեղի է ունեցել։

Հետագայում այս որոշումը քննարկւել է Խորհրդարանի ռազմական եւ իրաւական յանձնախմբերում եւ հաւանութիւն ստացել: Միայն 1916 թ. դեկտեմբերին՝ Խորհրդարանում քւէարկութիւնից յետոյ այն դարձել է «Տեղահանութեան մասին» օրէնք:

բ. Տեղական պաշտօնեաներ, կուսակցութեան  պատասխանատու քարտուղարներ

Ցեղասպանութեան իրականացման աստիճանակարգի երկրորդ օղակը տեղական այն կառոյցներն են, որոնք անմիջականօրէն կազմակերպում են գործընթացը՝ հետեւելով բարձրագոյն իշխանութիւնից ստացւած հրահանգներին եւ վերահսկելով դրանց կատարումը: Այս օղակի կամ պետական բիւրոկրատիայի կարեւորութիւնը հսկայական էր: Որոշ ցեղասպանագէտներ իրենց կողմից առաջարկւած ցեղասպանութեան բնորոշումներում նոյնիսկ առանձնայատուկ տեղ են յատկացնում նրան: Օրինակ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջէք Պորթերը նշում է, որ ցեղասպանութիւնը պէտք է ունենայ երեք կարեւորագոյն բաղադրիչ՝ գաղափարախօսութիւն, տեխնոլոգիա եւ բիւրոկրատիա: Սոցիոլոգ Իրւինգ Հորովիցը ցեղասպանութիւնը բնորոշում է իբրեւ «անմեղ մարդկանց կառուցւածքային եւ սիստեմատիկ ոչնչացում պետական բիւրոկրատական  ապարատի միջոցով»:

Տեղական բիւրոկրատիան մեծապէս կանխորոշում էր ցեղասպանութեան բնոյթը եւ ինտենսիւութիւնը: Տեղական էլիտաները կարող էին ուժգնացնել կամ դանդաղեցնել սպանութիւնների իրականացման դինամիկան:

Նահանգներում հայերի բնաջնջումը համակարգելու գործը վստահւած էր վալիներին՝ նահանգապետերին, որոնց մեծամասնութիւնը դարձաւ տեղահանութեան եւ սպանութիւնների ակտիւ քարոզիչներ եւ կազմակերպիչներ։ Եւ դա բնական է, քանի որ նահանգապետերը հիմնականում «Միութիւն եւ առաջադիմութիւն» կուսակցութեան հաւատարիմ կադրերն էին, մեծ մասը՝ Թալէաթի մտերիմ զինակիցները էին:

Այսպէս, Վանի վալի Ջեւդեթը, Սեբաստիայի վալի Ահմեդ Մուամմերը, Տրապիզոնի վալի Ջեմալ Ազմին անձամբ գլխաւորեցին ոչնչացման գործընթացը եւ ամբողջ եռանդով իրականացրին այն: Բայց, թերեւս ամենախանդավառ կերպով այս գործին լծւեց երիտթուրքական կուսակցութեան հիմնադիրներից մէկը՝ Մեհմեդ Ռեշիդը, ով 1915 թ. դառնալով Դիարբեքրի նահանգի վալի, հարիւր հազարաւոր հայեր տեղահանեց նահանգից եւ ոչնչացրեց: Ֆայել ալ-Ղոսէյնը նշում է, որ, 1915 թ. օգոստոսի դրութեամբ 570 հազար հայեր էին ոչնչացւել Դիարբեքրում: Նրա ենթակայութեան տակ գտնւող նահանգում անասելի ոճրագործութիւններ էին կատարւում. զոհերին խաչում էին, պայտում, շիկացած պայտերով այրում նրանց սրտերը, փշրում գանգերը: Նրա դաժանութիւնն այնքան սահմռկեցուցիչ էր, որ նոյնիսկ Մոսուլում գերմանական հիւպատոս Հոլշթայնը պահանջում է դեսպան Վանգենհայմից միջամտել ու ստիպել Օսմանեան կառավարութեանը կարգի հրաւիրել Ռեշիդին: Վերջինս ազատւեց Դիարբեքիրի վալիի պաշտօնից, սակայն ոչ թէ կոտորածների իրականացման, այլ հայկական ունեցւածքը իւրացնելու համար: Պատերազմից յետոյ Իթթիհաթի գլխաւոր քարտուղար Միդհատ Շուքրուի (Բլեդայի) հետ զրոյցում դոկտոր Ռեշիդն արդարացնում է հայերի ոչնչացումը՝ համարելով, որ որպէս թուրք եւ որպէս բժիշկ պարտաւոր էր ոչնչացնել հայերին, ինչպէս «վնասակար միկրոբների»:

Բացի վալիներից, այս գործընթացի մէջ ներգրաււած էին նաեւ աւելի փոքր շրջանների ղեկավարներ՝ մութասարիֆներ (գաւառապետեր), ինչպէս նաեւ տեղական ոստիկանապետեր, ժանդարմերիայի ղեկավարութիւնը, կրօնական առաջնորդները։ Որոշ տեղերում հայերի ոչնչացման մէջ գործուն մասնակցութիւն են ունենում նաեւ Օսմանեան խորհրդարանի պատգամաւորները, օրինակ՝ Խոջա Իյլաս Սամին` Բիթլիսում, Մեհմեդ Նուրի բէյը` Խարբերդում եւ այլք:

Բացի տեղական պաշտօնեաներից, հայերի ցեղասպանութեան գործընթացի մէջ ակտիւ դերակատարում ունեցան նաեւ կուսակցական ներկայացուցիչներ: Վիլայեթներում Իթթիհաթն ունէր կուսակցական կառոյցների ամուր ցանց։ 1908 թ.՝ յեղաշրջումից անմիջապէս յետոյ, ամբողջ երկրով մէկ ձեւաւորւեցին իթթիհաթական ակումբներ, որոնք գաւառում իսկական իշխանութեան մարմիններ էին եւ անմիջականօրէն ի կատար էին ածում կուսակցութեան որոշումները։ Ակումբների վրայ էր դրւած նաեւ հայկական բնակչութեան նկատմամբ ատելութեան տարածման առաջադրանքը։ Այսպէս, Էրզրումում ռուսական հիւպատոս Ադամովը 1914 թ. յունւարի 4-ին հաղորդում է, որ «…հայերը րոպէ առ րոպէ սպասում էին յարձակման: Չնայած մուսուլմանների գրգռւած վիճակին, որոնց հրահրել էին իթթիհատականները մայրաքաղաքից եկած էﬕսար Հիլﬕ բէյի գլխաւորութեամբ, իթթիհատական ակումբը, գերմանական հիւպատոսի նախագահութեամբ, քաղաքի ծայրամասում կազմակերպել էր ատրճանակի մրցակցային հրաձգութիւն: Հաւաքւել էր տեղացի խուլիգանների, կամ դադաշների ﬔծ մասը՝ իրենց զէնքերով… Հայերը վստահ են, իսկ դադաշները բացէիբաց ասում են, թէ կոտորածը սոսկ հետաձգւած է»։

Քանի որ ակումբներին անդամակցում էր տեղական ամբողջ վերնախաւը, այդ թւում նաեւ վալիները, դրանք ձեռք էին բերում հսկայական ազդեցութիւն։ Էրզրումում Գերմանիայի  փոխհիւպատոս Շեոբներ-Ռիխտերը 1915 թ. յուլիսի 28-ի իր զեկուցագրում նշում էր, որ նահանգում գործում է զուգահեռ իշխանութիւն (Nebenregierung)։ Նա ընդգծում էր Իթթիհաթի անդամներից բաղկացած խմբի կողմից իրականացւող տեղահանութիւնների խստութիւնը։ Մի դէպքում, երբ նահանգապետը համաձայնւում է դադարեցնել հիւանդ, առանց տղամարդկանց մնացած ընտանիքների եւ միայնակ կանանց տեղահանութիւնը, երիտթուրքական ակումբը միջամտում է՝ խափանելով այդ մտադրութիւնը։ Նահանգապետի համեմատաբար մեղմ վերաբերմունքը փոխւում է անասելի դաժանութեամբ, որը զոհերին ուղղակի մահւան է տանում։

Ակումբները ﬕաւորւում էին տւեալ վիլայեթի կուսակցական մասնաճիւղերի մէջ, որոնք էլ գտնւում էին կենտկոﬕ ենթակայութեան տակ։ 1913 թ. կենտկոմը մասնաճիւղեր է գործուղում կուսակցական պաշտօնեաների: Խօսքը Հայոց Ցեղասպանութեան իրականացման գործընթացում ﬔծ դեր խաղացած «Միութիւն եւ առաջադիմութիւն» կուսակցութեան պատասխանատու քարտուղարների (Kâtibi Mesut), պատւիրակների (Murahhas) եւ ընդհանուր տեսուչների (Umumi Müfettiş) մասին է: Նրանք մանրակրկիտ ընտրւում եւ նշանակւում էին Իթթիհաթի կենտկոﬕ կողﬕց եւ ﬔծամասամբ բանակային նախկին սպաներ էին: Նման հաւատարիմ կուսակցական կադրերը կարող էին առանց վարանելու եւ քննարկելու ապահովել հայերի ծրագրւած ոչնչացման արդիւնաւէտ կազմակերպումը եւ տեղերում գործընթացի ղեկավարումը: Նրանք փաստօրէն կուսակցութեան ամէն ինչ վերահսկող գործակալներ էին, որոնց նպատակն էր հետեւել ցեղասպանական գործողութիւնների ճշգրիտ իրականացմանը:

Այս կուսակցական գործիչները Իթթիհաթի կենտկոմի եւ կուսակցութեան շարքային անդամների միջեւ իւրատեսակ կապող օղակ էին, որը «ներքեւ» էր փոխանցում կենտրոնից եկած հրամանները։ Հէնց պատասխանատու քարտուղարների միջոցով էին բոլոր տեղական իշխանութիւններին եւ կառոյցներին՝ նահանգապետերին, ներքին գործերի նախարարութեան անվտանգութեան նահանգային մասնաճիւղերին, ժանդարմերիային հասնում ներքին գործերի նախարարութեան ուղարկած գաղտնագրւած հրահանգները:

Պատասխանատու քարտուղարները ստեղծում էին իրենց օժանդակող 4-6 հոգանոց յանձնախմբեր, գլխաւորում կուսակցական կառոյցները տեղերում, կազմակերպում ժողովներ, հրահրում տեղի բնակչութեանը հայերի դէմ, հրամաններ արձակում՝ տեղահանութիւնը, կոտորածներն ու թալանը կազմակերպելու համար։ Որոշ դէպքերում նրանք նոյնիսկ անձամբ էին գլխաւորում սպանութեան գործընթացը։ Պատասխանատու քարտուղարները նաեւ զբաղւում էին «Թեշքիլաթ-ի մահսուսէ»-ի համար ջոկատներ կազմելով ու նաեւ այս աւազակախմբերի գործողութիւններն ուղղորդելով:

Պատասխանատու քարտուղարները տեղերում հսկայական լիազօրութիւններ էին ստանում՝ հրահանգներ տալով նոյնիսկ վալիներին ու մութասարիֆներին: Այսպէս, Տրապիզոնի պատասխանատու քարտուղար Նաիլը չեղեալ էր յայտարարում վալիի որոշումը, որով երեխաները, հիւանդները ժամանակաւորապէս ազատւում էին տեղահանութիւնից: Այն նահանգներում (Անգորա, Եոզղաթ, Հալէպ եւ Կաստամոնու), որտեղ տեղահանութեան որոշումը վալիների կողմից այդքան էլ մեծ ջանասիրութեամբ չէր կատարւում, հէնց իթթիհաթական այս պաշտօնեաների ջանքով վալիներն ուղղակի պաշտօնանկ արւեցին, երբեմն նոյնիսկ պատժւեցին եւ փոխարինւեցին աւելի պատրաստակամ պաշտօնեաներով:

Պատասխանատու քարտուղարների դերի կարեւորութեան մասին է վկայում այն, որ 1919-1920 թթ. յետպատերազմեան շրջանում նախաձեռնւած դատավարութեան ընթացքում նրանց գործերն առանձնացւեցին առանձին դատական նիստերի մէջ։ Այս կուսակցական կառոյցները եւ պատասխանատու քարտուղարները յստակ գործակցում էին նահանգապետի, մութասարիֆների եւ ժանդարմերիայի գրասենեակների հետ:

Այս մօտ 30-40 հոգանոց տեղական էլիտայի խմբերում, որը սովորաբար ներգրաււած էր լինում ցեղասպանութեան իրականացման գործընթացում տեղական վարչախմբից, ուժային կառոյցների ղեկավարներից, հոգեւոր առաջնորդներից եւ կուսակցական ակտիւիստներից բացի, մտնում էին նաեւ յայտնի ընտանիքների ղեկավարները, քրդական, չերքեզական ցեղապետերը: Որոշ տեղերում նոյնիսկ սա վերածւում էր մրցակցութեան, որի ընթացքում փորձ էր կատարւում աւելի մեծ հաւատարմութիւն ցոյց տալ իթթիհաթական առաջնորդներին՝ ակնկալելով ապագայում որոշակի արտօնութիւններ: Այսպէս, Դիարբեքրում այս պայքարում յաղթող դուրս եկան Փիրիչիզադէ, Միւֆթիզադէ եւ Դերեքզադէ ընտանիքները:

գ. ռազմական եւ կիսառազմականացւած կառոյցներ

Ցեղասպանութիւններն իրագործւում են հիմնականում ռազմական եւ կիսառազմականացւած կառոյցների միջոցով: Որոշ դէպքերում օգտագործւում են արդէն իսկ գոյութիւն ունեցողները, այլ դէպքերում ցեղասպանական գործողութիւններ իրականացնելու համար յատուկ ստեղծւում են նորերը:

Հայոց Ցեղասպանութեանն անմիջական ակտիւ մասնակցութիւն են բերել ներքին գործերի նախարարութեան վերահսկողութեան ներքոյ գտնւող ոստիկանութիւնն ու ժանդարմերիան՝ ներգրաււելով կոտորածների ու հայերից առգրաււած գոյքի հափշտակման մէջ: Ոստիկանութիւնն էր շրջապատում հայկական բնակավայրերը, զէնք փնտրելու պատրւակով խուզարկում հայերի տները, ձերբակալում հայ տղամարդկանց, տեղահանութեան քշում հայ բնակչութեանը: «Մահւան երթերը» սովորաբար ուղեկցում էին ժանդարմները: Նրանք քշում էին տեղահանւածներին՝ զրկելով վերջիններիս հանգստից, իւրացնում զարդեղէնը եւ հագուստը, աղբիւրների եւ ջրհորերի մօտով անցնելիս արգելելով ջուր խմել, զրկելով հացից, տանջանքների էին ենթարկում, բռնաբարում, խեղանդամ դարձնում եւ սպանութիւններ իրականացնում: Ներքին գործերի եւ ռազմական նախարարութեան վերահսկողութեան ներքոյ էին գտնւում նաեւ կայսրութեան հիմնական հաղորդակցութեան միջոցները` հեռագրական եւ երկաթուղային ցանցը: Հեռագրական մեքենաները վճռորոշ դեր ունեցան հայերի տեղահանման եւ զանգւածային կոտորածների կազմակերպման գործում: Նրանց միջոցով հրամաններ եւ զեկուցագրեր էին ուղարկում տեղական իշխանութիւններին եւ կուսակցական ներկայացուցիչներին։ Ինքը՝ Թալէաթը, ժամանակին փոստային ծառայող էր եղել եւ իր տանը սեփական հեռագրական ապարատ ունէր, որն օգտագործում էր տնից հրամաններ ուղարկելու համար։ Մեծ թւով հայեր, ովքեր աշխատում էին փոստային ծառայութիւնում, 1915 թ. սկզբին զանգւածաբար հեռացւեցին իրենց պաշտօններից։

Հայոց Ցեղասպանութեան իրականացմանը մասնակցեց նաեւ թուրքական բանակը: Յատկապէս մեծ դեր են խաղացել բանակի գլխաւոր հրամանատար, ռազմական նախարար Էնւերը, 4-րդ բանակի հրամանատար Ջեմալը եւ 3-րդ բանակի հրամանատար Մահմուդ Քյամիլը: Հայերի ոչնչացման գործում ակտիւ մասնակցութիւն են ունեցել գեներալներ Հալիլ Կուտը՝ Էնւերի հօրեղբայրը, եւ Ալի Իհսան Սաբիսը:

Պէտք է յիշել նաեւ, որ տեղահանութեան մասին 4-րդ յօդւածը ժամանակաւոր օրէնքի գործադրումը դնում էր ռազմական նախարարութեան վրայ։ Բանակի ներգրաււածութիւնը մեծապէս պայմանաւորւած էր նաեւ Էնւերի գործօնով։ Հէնց Սարիղամիշի ճակատամարտում նրա կրած ծանր պարտութիւնը դարձաւ հայ զինւորականութեան զինաթափման եւ ոչնչացման առիթը։ Սարիղամիշից յետոյ հայերը նաեւ արդէն բացայայտ թիրախաւորւեցին իբրեւ պետութեան թշնամիներ։ Հէնց բանակի ներսում 1915 թ. փետրւար-մայիս ամիսներին տեղի ունեցաւ հարիւր հազարաւոր հայ զինւորների ու սպաների ոչնչացումը: Հ. Մորգենթաուն գրում էր. «1915 թ. սկզբին թուրքական բանակում ծառայող բոլոր հայ զինւորներին նոր կարգավիճակ տրւեց։ Մինչ այդ պահը նրանց մեծ մասը կռւում էր ռազմադաշտում, իսկ հիմա նրանց զինաթափեցին եւ վերածեցին աշխատուժի։ Իրենց երկրին որպէս հրետանաւոր կամ հեծելազորային ծառայելու փոխարէն երբեմնի հայ զինւորները վերածւեցին ճանապարհաշինարար բանւորների եւ «բեռնակիր անասունների… Բազմաթիւ դէպքերում հայազգի զինւորականներին ոչնչացնում էին էլ աւելի անմարդկային ձեւով, հիմա արդէն նրանց սառնասրտօրէն գնդակահարելը սովորական երեւոյթ էր դարձել»։

Բանակային ստորաբաժանումներն ակտիւօրէն օգտագործւում էին այն տեղերում, որտեղ հայերն ինքնապաշտպանութեան էին դիմում, եւ առաջանում էր դիմադրութիւնը կոտրելու անհրաժեշտութիւն: Այսպէս, Վանի  եւ Մուսա Լեռան դիմադրութիւնը փորձեցին կոտրել բանակային ստորաբաժանումների օգնութեամբ: Բացի այդ, թուրքական վերնախաւի վրայ զինւորականութեան ունեցած ազդեցութիւնը մեծապէս նպաստեց այս գործողութիւններն իբրեւ ռազմական անհրաժեշտութիւն ներկայացնելու փորձին: 1919 թ. յունւարին թուրքական իշխանութիւնները ձերբակալեցին մի շարք բարձրաստիճան զինւորականների՝ յայտարարելով վերջիններիս իրենց պատասխանատւութեան տակ գտնւող շրջաններում հայկական բնակչութեան կոտորածի կազմակերպիչներ։ Դա որոշ չափով համապատասխանում էր իրականութեանը: Այսպէս, երբ Էրզրումում Գերմանիայի փոխհիւպատոս Շոյբներ-Ռիխթերը բողոքեց վալի Թահսինին տեղահանւողների նկատմամբ կատարւող դաժանութիւններից, վերջինս խոստացաւ, որ նման բան այլեւս չի կրկնւելու՝ միաժամանակ որպէս արդարացում ներկայացնելով այն հանգամանքը, որ տարածաշրջանում իրական իշխանութիւնը կենտրոնացած էր երրորդ բանակի հրամանատար Մահմուդ Քամիլի ձեռքերում:

Քանի որ Հայոց Ցեղասպանութիւնն իրականացւում էր պատերազմական շրջանում եւ ռազմական դրութեան պայմաններում, զինւորականութիւնն իր ձեռքն էր վերցրել իշխանութիւնը կայսրութեան շատ շրջաններում։ Վ. Դադրեանը, օրինակ բերելով Կայսերիի շրջանը, ցոյց է տալիս, որ բանակն այնտեղ հոգ էր տանում ոչ միայն զինւորների հաւաքագրման, լոգիստիկայի եւ տրանսպորտի համար, այլեւ ստանձնել էին եւս երկու լրացուցիչ գործառոյթ, որոնց գործադրումը հայերի նկատմամբ ողբերգական հետեւանք ունեցաւ. դրանք էին` տարբեր մակարդակներում իրականացւող անհամաչափ բռնագրաւումները, ինչպէս նաեւ ռազմական դատարանների միջոցով գործադրւող «արդարադատութիւնը»։ Աւելին, բանակային հրամանատարութիւնը յաճախ ղեկավարում էր ժանդարմերիայի այն զօրաջոկատները, որոնք ուղեկցում էին շատ հայկական տեղահանւածների խմբեր։

Ոչ կանոնաւոր ուժերի օգտագործումը՝ «կեղտոտ գործն» իրականացնելու համար, հաստատւած Օսմանեան ավանդոյթ էր: Թէեւ կանոնաւոր զօրքը նոյնպէս մասնակցութիւն ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան իրականացման տարբեր դրւագներում, սակայն այն շատ հազւադէպ էր օգտագործւում ամբողջ համայնքներ ոչնչացնելու համար: Հէնց ոչ կանոնաւոր ուժերն էին դառնում պետական քաղաքականութեան իրականացման կարեւորագոյն բաղադրիչը:

Հայոց Ցեղասպանութեան իրագործման գործում վճռական էր «Թեշքիլաթ-ի մահսուսէ»-ի (Յատուկ կազմակերպութեան) դերը։ Այս կազմակերպութեանն էր յանձնարարւած տեղահանւող հայ բնակչութեան ոչնչացումը, ինչպէս նաեւ այս գործընթացում ներգրաււած բոլոր մարմինների գործողութիւնների համակարգումը։

Կազմակերպութեան առաջացման հետ կապւած կան տարբեր մեկնաբանութիւններ, սակայն յստակ է, որ այն գործել է մինչեւ Առաջին Աշխարհամարտը ռազմական նախարար Էնւերի վերահսկողութեան ներքոյ եւ կրել պանիսլամական եւ պանթուրքական գաղափարների ազդեցութիւն։

Իր գոյութեան ընթացքում կազմակերպութիւնն ունեցաւ երեք ղեկավար՝ Սուլէյման Ասքերի, Ալի Բաշխամփա, Յուսամէդդին Էրթուրք։ Հետաքրքիր է, որ բոլորն ունէին հիւսիսկովկասեան (չերքեզական) ծագում։ Բաւականին շատ էին նրանք ներկայացւած նաեւ Յատուկ կազմակերպութեան այլ ղեկավար դիրքերում:

Կազմակերպութեան իրական ղեկավարը, սակայն, Բեհաէդդին Շաքիրն էր։ Դեռ 1914 թ. Բեհաէդդին Շաքիրը չերքեզ Հիւսէյն Յուսնիի հետ ճանապարհորդեց Էրզրում՝ հայկական նահանգներում զինւած խմբեր կազմակերպելու նպատակով: Հետագայում նա համակարգում էր «Յատուկ կազմակերպութեան» գործողութիւնները՝ անձամբ շրջելով իր աւտոﬔքենայով ﬕ շրջանից միւսը եւ գաղտնագրւած հեռագրերի ﬕջոցով: Մեծ էր կազմակերպութիւնում նաեւ Նազըմի դերը։

Թուրքագէտ Արսէն Աւագեանն ընդգծում է այն չորս խնդիրները, որ դրւում էին «Թեշքիլաթ-ի մահսուսէ»-ի առջեւ՝ հայկական բնակչութեան զինաթափման կազմակերպում, ուղեկցող ջոկատների կազմակերպում, որոնք պէտք է իրականացնէին բնակչութեան տեղահանութիւնը եւ ոչնչացումը, սիրիական անապատներում եւ համակենտրոնացման այլ վայրերում հայկական բնակչութեան ոչնչացման համար նախատեսւած ջոկատների կազմակերպում, Հայոց Ցեղասպանութեան կազմակերպման առումով վիլայեթի քաղաքացիական իշխանութիւնների գործողութիւնների վերահսկում եւ համակարգում։

«Թեշքիլաթ-ի մահսուսէ»-ն կազմւած էր կենտրոնից եւ չորս մասնաճիւղերից։ Արեւելեան վիլայեթների բաժանմունքը զբաղւելու էր Ռուսաստանի թիկունքում պանիսլամիզմի եւ պանթուրքիզմի քարոզչութեամբ, սակայն հիմնական գործառոյթը դարձաւ հէնց հայկական կոտորածների իրականացումը։ Արեւելեան վիլայեթներում Յատուկ կազմակերպութեան այս գործառոյթի վերահսկողութիւնը դրւել էր հէնց Տրապիզոնի վալի Ջեմալ Ազմիի, Էրզրումի վալի Թահսինի եւ Իթթիհաթի կենտկոմի անդամ Բեհաէդդին Շաքիրի ու դոկտոր Ֆուադ Սաբիթ բէյի վրայ։

«Թեշքիլաթ-ի մահսուսէ»-ում հրահանգները փոխանցւում էին հիմնականում բանաւոր, գրագրութիւնը կարդալուց յետոյ անմիջապէս ոչնչացւում էր։ Կազմակերպութիւնում գործում էր խիստ կարգապահութեան ռեժիմը։ Գրագրութեան ժամանակ օգտագործւում էր ներքին գործերի նախարարութեան գաղտնագիրը։

Պէտք է նշել, որ «Թեշքիլաթ-ի մահսուսէ»-ն ﬕայն ի կատար էր ածում արդէն իսկ ընդունւած որոշումները։ Սակայն այն ունէր որոշ լիազօրութիւններ, որոնք թոյլ էին տալիս յանձնարարութիւններ ուղարկել տեղական մարﬕններին տեղահանութեան եւ ոչնչացման կազմակերպման հարցերով, վերահսկել այդ առումով նրանց գործունէութիւնը եւ պահանջել կատարւած աշխատանքի վերաբերեալ հաշւէտւութիւն։ Այս պարագայում նոյնիսկ վալիները եւ կայմակամները, ինչպէս նաեւ Իթթիհաթի ներկայացուցիչները պարտաւորւած էին ենթարկւել Յատուկ կազմակերպութեան պահանջներին։ Նրանցից շատերը հէնց Յատուկ կազմակերպութեան անդամներ էին, ինչը զգալիօրէն հեշտացնում էր գործը։

Ճիշտ է, «Թեշքիլաթ-ի մահսուսէ»-ի եւ որոշ այլ կառոյցների ﬕջեւ երբեմն լարւածութիւն էր առաջանում: Այսպէս, բանակային ստորաբաժանումները երբեմն հրաժարւում էին օժանդակ ուժեր տրամադրելուց՝ պատճառաբանելով, որ ենթարկւում են ﬕայն գերագոյն հրամանատարին եւ չեն պատրաստւում կատարել հրահանգներ, որոնք գալիս էին Յատուկ կազմակերպութեան խողովակներով: Այս դէպքերում հրահանգներն ուղղւում էին հէնց ռազմական նախարարութիւնից: Յարաբերութիւնները ﬔրթընդﬔրթ չափազանց սրւում էին։ Օրինակ, Երրորդ բանակի հրամանատար Մեհﬔդ Վեհիբը ﬕ անգամ նոյնիսկ ցանկանում էր ձերբակալել Բեհաէդդին Շաքիրին, եւ ﬕայն Էնւերի ﬕջամտութիւնը խանգարեց դրան:

«Թեշքիլաթ-ի մահսուսէ»-ի հետ սերտ կապի մէջ էին պատասխանատու քարտուղարները։ 1913 թ. սեպտեմբերի 13-ով թւագրւած Յատուկ կազմակերպութեան կողմից Իթթիհաթի կենտկոմ ուղարկւած մի փաստաթղթից պարզ է դառնում, որ հէնց նրանք էին պատասխանատու շրջաններում աւազակախմբեր կազմակերպելու համար։ Հեռագիրը նշում է, որ Սամսունի պատասխանատու քարտուղար Ռուշտուի գործողութիւնները, ով խմբեր է կազմել իր տարածքում, պէտք է օրինակ լինեն միւսների համար։ Խմբերը հաւաքագրւելուց յետոյ ուղարկւում էին մայրաքաղաք, որտեղ անցնում էին ռազմական պատրաստութիւն եւ յանձնարարութիւն ստանալով՝ գործուղւում էին հայկական վիլայեթներ։

Հետաքրքիր է, որ այս գրագրութիւնը տեղի էր ունենում Իթթիհաթի գլխաւոր քարտուղար Միդհատ Շուքրուի միջոցով։

Կազմակերպութեան ջոկատների թւային կազմը մշտապէս փոփոխւում էր՝ կախւած նրանց առջեւ դրւած խնդիրներից։ Նրանք համալրւում էին երեք հիմնական աղբիւրից՝ քրդական ցեղեր, Կովկասից եւ Բալկաններից ներգաղթւածներ, ինչպէս նաեւ ներքին գործերի նախարարութեան հրահանգի հիման վրայ բանտերից ազատ արձակւած քրէական յանցագործներ։ Այս աւազակախմբերի անդամները նոյնիսկ երիտթուրքական պաշտօնեաների կողﬕց էին բնորոշւում իբրեւ «վայրենիներ եւ յանցագործներ»։

Արամ Անտոնեանը նշում է, որ քրիստոնեաների նկատմամբ առանձնայատուկ ատելութեամբ եւ դաժանութեամբ աչքի էին ընկնում բալկանեան մուհաջիրներից բաղկացած ջոկատները, առաջնորդւելով վրէժի զգացումներով հայերի հանդէպ, ովքեր բոլորովին կապ չունէին նախկինում իրենց կրած տառապանքների հետ: Ջոկատներ էին կազմւում նաեւ աւելի վաղ Կովկասից տեղափոխւած տարբեր ազգութիւնների մուսուլմաններից, որոնք ﬕաւորւած էին ընդհանուր չերքեզ անւան տակ: Այսպէս, նման ջոկատներից մէկը գլխաւորում էր Չերքեզ Ահﬔդը, ով Դիարբեքրի մօտ սպանեց Օսմանեան Խորհրդարանի երկու հայ պատգամաւորների՝ Գրիգոր Զոհրապին եւ Վարդգէս Սերինգուլեանին: 1916 թ. Դեր Զորի անապատում ապաստանած հայերի կոտորածը նոյնպէս իրականացւեց Դեր Զորի գաւառապետ Սալիհ Զեքիի կողﬕց չեչեններից եւ տեղի արաբներից կազմւած չեթեների ձեռքերով։

Թուրք պատմաբան Սուաթ Փարլարը նշում է, որ ﬕնչեւ տեղահանութեան մասին որոշման հրապարակումը «Թեշքիլաթ-ի Մահսուսէ»-ն արդէն իսկ սկսել էր կազմակերպել կամաւորների խմբեր Բալկաններից եւ Կովկասից, ինչպէս նաեւ ծանր յանցագործութիւնների համար դատապարտւած բանտարկեալներից։ Այս խմբերի կողﬕց գիւղերի վրայ կատարւած յարձակումները նոյնիսկ դարձան Կ. Պոլիս յղւած ﬕ քանի բողոքի պատճառ։

Հետաքրքիր է Ջեմալ փաշայի անձնական օգնական Ֆալիխ Ռիֆքի Աթայի յիշատակումն այն մասին, որ լսելով «հայրենիքի պաշտպանութեան ջոկատների» կազմաւորման մասին՝ նա դիմում է Նազըմին՝ ցանկանալով հաւաքագրւել դրանց մէջ, սակայն վերջինս, ժպիտը դէմքին, մերժում է, քանի որ այդ ջոկատները կազմաւորւում էին «յանցագործներից եւ մարդասպաններից, եւ ձեր նման երիտասարդը գործ չունի այնտեղ»։ «Ես այդպէս էլ բան չհասկացայ այդ մարդասպանների բանակի մասին»,- գրում է Ֆալիխ Ռիֆկի Աթայը։

Էրզրումում չեթեները ստեղծւում էին «իսլամական ﬕլիցիայի» տեսքով Բեհաէդդին Շաքիրի ղեկավարութեամբ 1914 թ. օգոստոսին։ Երզնկայի մութասերիֆին, Բայբուրդի, Դերջանի եւ Կիղի կայմակամներին յղւած հեռագրում թւարկւում էին նրանց անունները, ովքեր պատասխանատու էին չեթեների ստեղծման համար, եւ նշւում էր. «…անցէ՛ք գործի գաղտնի եւ առանց աղմուկի եւ մշտապէս յայտնէ՛ք արդիւնքի մասին»։ Ռիզէում լեռներում գործող աւազակներին ուղղակի առաջարկւեց ամբողջ կազմով դառնալ Յատուկ կազմակերպութեան անդամներ, ինչն ընդունւեց ﬔծ պատրաստակամութեամբ։

Գործընթաց ներգրաււում էին նաեւ քրդական աշիրեթները: Այսպէս, Էրզրումում կուսակցութեան տեսուչ Հիլﬕն գրում է քրդական աշիրաթապետերից մէկին.

«…քանի որ եկել է ժամանակը լուծելու այն խնդիրը, որի մասին ﬔնք խօսում էինք Էրզնկայում… ինձ անհրաժեշտ է 50 տղաներ… ես այստեղ նրանց համար կը նախապատրաստեմ բոլոր պայմանները: Պէտք է ընտրել այն սկզբունքով, որ ընտրւածները լինեն երիտասարդ կամ ﬕջին տարիքի, հաստատակամ եւ վճռական, պատրաստ իրենց կեանքը տալու յանուն երկրի եւ ժողովրդի: Առաջին իսկ պահանջի դէպքում ուղարկէ՛ք նրանց այստեղ… Պատրա՛ստ եղէք եւ տեղեկութի՛ւն հաղորդէ՛ք Բեհաէդդին Շաքիր բէյ էֆենդիին…»:

Քրդերից ստեղծւած ջոկատները հսկայական դերակատարում ունեցան արեւելեան վիլայեթներում հայերի ոչնչացումն իրականացնելու գործում: Դրա նախապայմաններից մէկը քրդերի գրեթէ համատարած զինւած լինելն էր: Բացի այդ, քրդերը հայերի ոչնչացումով ազատում էին ﬕ տարածք, որի նկատմամբ երկար տարիներ յաւակնութիւն ունէին: Ընդորում, քրդերը հիմնականում յարձակւում էին գիւղերի վրայ, կոտորում բնակչութեանը եւ ոչ թէ տեղահանում նրան: Գեղեցիկ կանայք եւ աղջիկները քշւում էին հարեմներ: Գիւղերը յաճախ հրի էին մատնւում:

դ. «Շարքային» մարդասպանները

Հայ բնակչութեան ոչնչացման համակարգի ստորին հատւածում «շարքային» մարդասպաններն էին, ովքեր, օգտւելով անպատժելիութեան մթնոլորտից եւ վայելելով հասարակութեան ընդհանուր հաւանութիւնը, ուղղակիօրէն մասնակցում էին սպանութիւններին կամ գործընթացի իրականացմանը:

Ցանկացած ցեղասպանութեան իրագործում անհնար է առանց լայն զանգւածների մասնակցութեան: Անմիջական սպանութիւնների իրականացման մասնակիցների թիւը կախւած է սպանութեան տեխնոլոգիայից, զոհ խմբի չափերից եւ տեղաբաշխման բնոյթից, ինչպէս նաեւ դիմադրութեան աստիճանից: Ցեղասպանութեան իրականացման գործընթաց մեծ թւով մարդկանց ներգրաւելու որոշումը նոյնպէս կախւած է քաղաքական նպատակներից: Ցեղասպանութեան նախաձեռնողներն իրենց գործողութիւններում ունեն աջակցութեան կարիք եւ հասնում են դրան հնարաւորութիւն տալով հասարակութեան տարբեր խմբերին բաւարարելու իրենց պահանջներն ու ցանկութիւնները: Բնակչութեան մեծ խմբեր ներգրաւելով սպանութիւնների համակարգ՝ նախաձեռնող ուժերն աւելի ամուր են կապում ոճրագործ հասարակութեանը վարչակարգի հետ:

Ըստ Փօլ Բրասսի՝ ցեղասպանական գործողութիւններում բնակչութեան մասնակցութեան համար անհրաժեշտ է երկու բաղադրիչի առկայութիւն՝ «պլանաւորում» եւ «խանդավառութիւն»: Իշխանութիւնները ծրագրում են սպանութիւնների գործընթացը եւ ապահովում դրա կարգապահ իրականացումը, եւ միաժամանակ խրախուսւում է բնակչութեան զանգւածային մասնակցութեան համար անհրաժեշտ միջավայրի ձեւաւորումը: Դրա համար օգտագործւում են ասեկոսեների, մօտալուտ վտանգի մասին լուրերի տարածումը, խորը, ենթագիտակցական մակարդակում գոյութիւն ունեցող նախապաշարումների վերաակտիւացումը եւ նման այլ միջոցներ, որոնք օգնում են որոշակիօրէն արդարացնել ոճիրը եւ մեղքը տեղափոխել իրական ոճրագործից դէպի «անորոշ, վրդովմունքով լցւած մարդկանց բազմութիւն»: Այս իրավիճակը, երբ մարդն ընդամէնը ամբոխի մի մասնիկի է վերածւում, մանրակրկիտ նկարագրւած է ֆրանսիացի սոցիոլոգ Գուստաւ Լը Բոնի «Ամբոխը. հանրութեան գիտակցութեան ուսումնասիրութիւն» աշխատութեան մէջ։ Ցեղասպանութիւնը խմբային գործողութիւն է։ Ոճրագործները հանդէս են գալիս իբրեւ մեծ եւ փոքր խմբերի/ամբոխի անդամներ։ Ըստ Լը Բոնի՝ ամբոխը բնորոշւում է իբրեւ «իմպուլսիւ, դիւրագրգիռ, չպատճառաբանւած, դատողութիւններից եւ քննադատական ոգուց զուրկ, գերզգացմունքային… այն, ինչ նկատւում է էւոլիըիւցիոն աւելի ցածր ձեւերին պատկանող էակների մօտ»։ Ամբոխում մարդկանց անհատականութիւնը լուծւում է հանրային գիտակցութեան մէջ, «…ինչը ստիպում է մարդուն զգալ, մտածել եւ գործել տարբեր, քան այն կը զգար, կը մտածէր կամ կը գործէր մեկուսացման մէջ»։ Լը Բոնը նաեւ պնդում է, որ «…միայն կազմակերպւած խմբի մաս դառնալու փաստով մարդը քաղաքակրթութիւնից իջնում է մի քանի աստիճան ներքեւ։ Մեկուսացւած նա անձնաւորութիւն էր, ամբոխում նա բարբարոս է, մի էակ, որ գործում է բնազդաբար»։ Եւ հետեւաբար խմբի անդամների գործողութիւնները դառնում են աւելի պարզունակ, աւելի զգացմունքային եւ ի վերջոյ աւելի հակասոցիալ։

Հայոց Ցեղասպանութիւնն իրականացնողները երբեմն ներկայացւում են իբրեւ մոլագար բարբարոսներ, իւրայատուկ չարիք մարդկային կերպարանքով։ Սա իրականացւած ոճրին որոշակի մետաֆիզիկական բնոյթ է տալիս։ Նոյն մտայնութիւնը կար նաեւ Հոլոկոստի մեկնաբանման եւ ներկայացման դէպքում, սակայն այն որոշակիօրէն փոխւեց փիլիսոփայ եւ քաղաքագէտ Հաննա Արենդթի «Այխմանը Երուսաղէմում» (“Eichmann in Jerusalem”) գրքի լոյս ընծայումից յետոյ։ Արենդթը, լուսաբանելով Հոլոկոստի հիմնական պատասխանատունէրից մէկի՝ Ադոլֆ Այխմանի դատավարութիւնը, պնդեց, որ վերջինս «չարի առօրեականութեան» մարմնաւորում է։ Արենդթը շեշտում էր, որ Այխմանի ամենասարսափեցնող յատկանիշը ոչ թէ նրա առանձնայատուկ կամ չար լինելն է, այլ նրա ծայրայեղ «հասարակութիւնը»։

Այսպիսով, պէտք է արձանագրել, որ մեծ հաշւով թէ՛ Հոլոկոստի, թէ՛ Հայոց Ցեղասպանութեան, եւ թէ՛ այլ ցեղասպանութիւնների պարագայում ոճրագործները հարիւր հազարաւոր հասարակ մարդիկ էին, ովքեր իրականացրին միլիոնաւոր սպանութիւններ։ Իհարկէ, վստահաբար նրանց մէջ կային հոգեկան խանգարումներ ունեցողներ, սակայն մասնակիցների նման մեծ թիւը թոյլ չի տալիս կապել ցեղասպանութեան իրականացումը մարդասպանների անձնական յատկանիշերի, կամ կրթական մակարդակի ու սոցիալական ծագման հետ։

Շարքային զինւորներ, «Թեշքիլաթ-ի մահսուսէ»–ի կիսառազմականացւած ջոկատներ ներգրաււած կամաւորներ, ժանդարմներ, բանտերից ազատ արձակւած յանցագործներ, բժիշկներ, գիւղացիներ, ուսանողներ, քրդեր, Բալկաններից եկած փախստականներ, այսինքն՝ բնակչութեան գրեթէ բոլոր հատւածները մասնակցութիւն ունեցան հայերի ոչնչացման գործընթացին:

Մասնակցութեան զանգւածային բնոյթը պարզ էր դեռ ժամանակակիցներին։ Այսպէս, բրիտանացի ծովակալ Ռիչարդ Ուեբը, ով Կ. Պոլսի օկուպացիայի ժամանակ քաղաքի գլխաւոր յանձնակատարի տեղակալն էր, 1919 թ. ապրիլի 13-ին հաղորդում էր բրիտանական արտաքին գերատեսչութիւն. «Հայերի կոտորածների բոլոր մեղաւորներին պատժելու համար անհրաժեշտ կը լինէր ողջ թուրք ազգին պատժի ենթարկել: Ուստի առաջարկում եմ որպէս արժանի պատիժ այն էլ համազգային մասշտաբով՝ մասնատել փլուզւող թուրքական կայսրութիւնը, եւ անհատապէս՝ դատելով այն բարձրաստիճան պաշտօնեաներին, ովքեր նշւած են իմ ցուցակում: Նրանց ճակատագիրն օրինակ կը ծառայի»:

Այս կարծիքը կիսում էին թուրք պաշտօնեաները: Այսպէս, 1919 թ. յունւարի 28-ին Ալի Քեմալը՝ հետագայում Օսմանեան կայսրութեան կրթութեան նախարարը, «Սաբահ» օրաթերթում նշում էր. «…չորս կամ հինգ տարի առաջ կատարւեց պատմութեան մէջ նախադէպը չունեցող ոճիր, մի յանցագործութիւն, որը սարսափ յարուցեց համայն աշխարհում։ Եթէ ուզում ենք պատկերացում տալ այդ ոճրագործութեան մասշտաբի եւ պայմանների մասին, ապա պէտք է խօսենք ոչ թէ հինգից տաս, այլ 100 հազարաւոր յանցագործների մասին»։ Իր յուշերում Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանեան խորհրդարանի նախագահի եւ արտաքին գործերի ու արդարադատութեան նախարարների աթոռները զբաղեցրած Հալիլ Մենթեշէն խոստովանում էր. «Անատոլիայում շատ քիչ թուրքեր կային, որ առնչութիւն ունեցած չլինէին այդ տեղահանութեան հետ»:

Այսպիսով, Հայոց Ցեղասպանութեան առանձնայատկութիւններից մէկը թուրք, քուրդ եւ չերքեզ բնակչութեան համատարած, գրեթէ ամբողջական մասնակցութիւնն էր կոտորածներին: Հայոց Ցեղասպանութիւնն իրականացւեց հարիւր հազարաւոր հասարակ մարդկանց ձեռքերով, ովքեր անձնապէս իրականացրել են միլիոնաւոր սպանութիւն։

Ընդորում, այդ զանգւածային մասնակցութիւնը չունէր սեռային եւ տարիքային տարբերակում: Այսպէս, վերապրող Մկրտիչ Քեչեանը յիշում է, թէ ինչպէս հայ կանայք եւ երեխաները շրջապատւել էին Կարահաճիլիից հարաւ թուրք եւ չերքեզ տարբեր սեռերի գիւղացիներով, ովքեր շարունակեցին սպանդի գործընթացը:

Կանանց եւ երեխաների մասնակցութիւնը ոճրագործութեանն առանձին ֆենոմէն է ցեղասպանագիտութեան մէջ։ Բազմաթիւ կին ՍՍ-ականներ աշխատում էին նացիստական համակենտրոնացման եւ ոչնչացման ճամբարներում: Կամբոջայում ցեղասպանութեան իրականացման  մէջ կանանց ներգրաււածութիւնն աւելի մեծ էր, քանի որ ամբողջ երկիրը վերածւել էր փաստացի հսկայական համակենտրոնացման ճամբարի, եւ տասնեակ հազարաւոր կանայք ծառայում էին իբրեւ կարգադրիչներ եւ պահակախմբի անդամներ, նոյնիսկ մասնակցում ուղղակի սպանութեան գործընթացներին: Ռուանդայի ցեղասպանութեան հիմնական կազմակերպիչներից առնւազն երեքը կին էին՝ սպանւած նախագահի կինը եւ կառավարութեան երկու անդամները, իսկ հազարաւոր այլ հութու կանայք միացան ուղղակի սպանութիւնների, թալանի կամ թութսի կանանց բռնաբարելու հրահրման գործընթացին: Կամբոջայում եւ Ռուանդայում երեխաները հեշտութեամբ ներգրաււում էին ցեղասպանական գործողութիւններ։ Նրանց հաւաքագրման ձեւերը տարբեր էին։ Մի մասին քաջալերում էին, միւսներին բռնութեամբ դարձնում մարդասպաններ։ Երեխաները սովորում էին՝ դիտելով սպանութեան տեսարանները, իսկ ընթացքում սպանութիւնները դառնում էին առօրեական մի գործողութիւն, որի միջոցով դրսեւորւում էր հաւատարմութիւնը սեփական խմբի նկատմամբ։ Ռուանդայում աշխատող ֆրանսիացի լրագրող Ջին Հացֆիլդը յիշում է, ինչպէս մօտ 50,000 թութսի սպանած Կիբունգօ կոչւող աւազակախմբի երիտասարդ անդամներից մէկը պարզորոշ բացատրել է «Սպանելը աւելի հեշտ է, քան հող մշակելը»:

Հայոց Ցեղասպանութեան պարագայում դա նոյնպէս նկատելի է։ Օրինակ, Թուրքիայում 1919-1927 թթ. Միացեալ Նահանգների գերագոյն յանձնակատար ծովակալ Մարկ Բրիստոլը 1922 թ. սեպտեմբերի 14-ին ԱՄՆ պէտքարտուղարին յղած հեռագրում, նկարագրելով Զմիւռնիայի քրիստոնեայ բնակչութեան ոչնչացումը, նշում է. «…Նպաստամատոյց կազմակերպութիւնների աշխատակիցները, ինչպէս նաեւ փոխհիւպատոս Բարնեսը զեկուցեցին, որ նկատելի փոփոխութիւն է տեղի ունեցել ծովափին հայերի նկատմամբ թուրքական բանակի եւ քաղաքացիների տրամադրութեան հետ կապւած: Տպաւորութիւնը, որ նրանք ստացել էին, այն էր, որ իւրաքանչիւր ամրակազմ հայ տղամարդ հալածւում եւ սպանւում է, նոյնիսկ մահակներով զինւած 12-15 տարեկան տղաներն էին մասնակցում հալածանքներին»:

Երեխաների մասնակցութիւնը երբեմն նաեւ ոչ տարերային բնոյթ էր ընդունում: Այսպէս, 1912 թ. Բալկանեան պատերազմի ժամանակ Թուրքիայի ռազմական անյաջողութիւններից յետոյ մեկնարկեց թուրք երիտասարդների շրջանում ազգայնամոլական քարոզչութեան եւ կիսառազմական վերապատրաստման համապարփակ ծրագրի իրագործումը: 1913 թ. ստեղծւած «Թուրքական ուժի զարգացման ընկերակցութիւնը» (Turk Giicu Cemiyeti) իր կանոնադրութեան մէջ խօսում է «[երիտասարդների] նախապատրաստման» մասին, ինչն «անհրաժեշտ է, որպէսզի ազգը կրկին դառնայ զինւոր ազգ» կանխելու համար «թուրքական ցեղի քայքայումը» (Turk irki inhitata): Կային նաեւ այլ երիտասարդական խմբեր, որոնք գործում էին Ռազմական նախարարութեան ենթակայութեան տակ եւ նախապատրաստւում էին «պաշտպանել հայրենիքը»: Այդ նպատակով նախարարութիւնն անվճար տրամադրում էր նրանց հրացաններ, փամփուշտներ եւ հանդերձանք: Գործընթացը ղեկավարւում էր ռազմական նախարար Էնւերի եւ Իթթիհաթի գաղափարախօս Զիյա Գեոքալփի կողմից: «Ազգային պաշտպանութեան լիգան» (Mudafaa-i Milliye Cemiyeti), որը ստեղծւել էր Բալկանեան պատերազմի ընթացքում, նոյնպէս նպատակ ունէր ռազմական դաստիարակութիւն իրականացնելու: Լիգայի հիմնադիրների մէջ էին կուսակցութեան եւ կառավարութեան ղեկավարները՝ Թալէաթը, Էնւերը, Սայիդ Հալիմը, Ջեմալը եւ արդարադատութեան նախարար Իբրահիմը:

Զանգւածային մասնակցութիւնն ապահովելու համար կարեւորագոյն նախապայման էր բռնութեան միջավայրի ստեղծումը: Այս իրավիճակում մարդիկ սկսում են աջակցել արմատական տրամադրւած առաջնորդներին: Ընդգծւում է «մենք-նրանք» հակադրութիւնը։ Պատերազմն իր հերթին օգնում է յստակ սահմանազատել «թշնամական խումբը»՝ ընկալելով նրան իբրեւ վտանգ եւ սպառնալիք:

Հայոց Ցեղասպանութեան ընթացքում զանգւածների ներգրաւումը սպանութեան գործընթաց տեղի էր ունենում զուգահեռ ընթացող եւ հատւող մի քանի գործընթացների միջոցով: Պետական քարոզչութիւնը հայերին ներկայացնում էր որպէս թշնամիների հետ համագործակցող «հինգերորդ շարասիւն», դաւաճաններ, ովքեր մեղաւոր էին Թուրքիայի բոլոր պարտութիւնների եւ անյաջողութիւնների մէջ: Բացայայտ այս քարոզչութիւնը տարածւում էր երիտթուրքական ակումբների եւ մզկիթների միջոցով: Անգրագիտութեան բարձր մակարդակը եւ հայերի նկատմամբ մարդկանց հանրային գիտակցութեան մէջ աւանդաբար գոյութիւն ունեցող զգացումների եւ կարծրատիպերի պատճառով այս քարոզչութիւնը բաւականին արդիւնաւէտ էր: Հին կարծրատիպերի այն մասին, որ հայերը ստորադաս՝ ռայաներ, եւ անհաւատներ՝ գյաւուրներ են, գումարւում էր զայրոյթը, որ 1908 թ. երիտթուրքական յեղաշրջումից յետոյ, սահմանադրութիւնը նրանց մուսուլմանների հետ հաւասար իրաւունքներ էր տւել: Այս ամէնը հիմք էր ստեղծում սպանութեան գործընթաց ներգրաւելու պատճառների ռացիոնալացման համար: Շարքային բնակչին փոխանցւում էր մեծ եւ կարեւոր գործողութեան մաս կազմելու, պատմական իրադարձութիւն ներգրաււած լինելու զգացումը (Մեծ Թուրանի կառուցում, Հայրենիքի փրկութիւն), ինչպէս նաեւ ընձեռւում էր զոհերի ունեցւածքին տիրանալու հնարաւորութիւն:

Բնակչութեան շրջանում արժէքային համակարգի բացարձակ կոնսենսուս էր ձեւաւորւել, որը թոյլ է տալիս հասարակութեան տարբեր խաւերից հաւաքագրել ապագայ մարդասպանների ջոկատներ: Նմանատիպ երեւոյթին իր վիճայարոյց գրքում անդրադարձել է Եօհան Գոլդհագենը: Նա գրում է, որ նացիստներին յաջողւեց կազմակերպել Հոլոկոստն առանց մեծ ջանքերի, քանի որ գերմանացիները պատրաստ էին եւ շատ մեծ ցանկութեամբ իրականացրին այն: Համաձայն Գոլդհագենի` Հոլոկոստի ժամանակ վարչակարգը հարկադրւած չէր յաղթահարել ոճրագործների բարոյական տատանումները կամ դժկամութիւնը, քանի որ միջին գերմանացին ներծծւած էր ծայրայեղ հակասեմիտիզմով: Իհարկէ, պատկերը չափազանցւած է, սակայն որոշ չափով այն ներկայացնում է ցեղասպանական գործողութիւնների մէջ հաւաքագրւողների բնութագիրը: Օսմանեան կայսրութեան թուրքերի շրջանում կար գրեթէ նոյն վերաբերմունքը հայերի նկատմամբ. հնարաւորութեան դէպքում մուսուլման բնակչութեան մեծ մասն ի կատար էր ածելու իր մշտական ցանկութիւնը. կը կազմակերպէր հայերի նկատմամբ բռնութիւններ եւ կոտորած: Առաւել եւս, երբ այն «օրհնւել էր» կրօնական առաջնորդի պատգամով՝ անհաւատ քրիստոնեաների նկատմամբ սրբազան ջիհադի յայտարարութեամբ:

Թէեւ երիտթուրքական առաջնորդները հաւատացեալ մուսուլմաններ չէին, սակայն նրանք օգտագործեցին ջիհադի յայտարարումը կայսրութեան կրօնական մոլեռանդութեամբ տոգորւած ուժերին քրիստոնեաների դէմ հանելու համար։

Այն, որ թուրք բնակչութիւնը բաւականին հեշտութեամբ որդեգրեց այս դերը, վկայում են մի քանի դրւագ: Այսպէս, նոյնիսկ թուրքամէտութեամբ աչքի ընկնող ծովակալ Բրիստոլն անհրաժեշտ համարեց խորհուրդ ուղարկել Վաշինգտոն.

«Յայտնի է, որ թուրքերը կը կողոպտեն, կը գողանան, կը տեղահանեն եւ կը սպանեն քրիստոնեաներին, ամէն անգամ, երբ ստեղծւի իրենց կարծիքով բարենպաստ հնարաւորութիւն… իմանալով մուսուլման թուրքերի բնաւորութիւնը, ես կարծում եմ, որ թուրքերի բիրտ բնազդներն արթնացնելու դէպքում կը գումարւեն նաեւ նրանց մոլեռանդ միտումները եւ դա կը բերի քրիստոնէական ազգերի վրայ յարձակումների, մինչեւ դա չկանգնեցւի ազդեցիկ ուժի միջոցով»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button