Այլ

Չորս գործօն, որոնք յանգեցնում են տեսողութեան վատթարացման

Երկար ժամանակ համակարգչով աշխատելը կամ սմարթֆոնի էկրանին նայելը տեսողութեան վրայ բացասաբար անդրադարձող ամենայայտնի գործօններն են, բայց իրականում կայ առնւազն չորս այլ գործօն, որոնք կարող են յանգեցնել ոչ միայն տեսողութեան վատթարացման, այլեւ անգամ դրա ամբողջական կորստի։ Այս մասին Газета.Ru-ի հետ զրոյցում ասել է ակնաբոյժ Դմիտրի Սագոնենկօն։

«Առաջին գործօնը սխալ սննդակարգն է։ Եթէ ձեր սննդակարգը չի պարունակում բաւարար քանակութեամբ այնպիսի տարրեր, ինչպիսին են լիւտէինը եւ զեաքսանտինը (կարոտինոիդներ), ինչպէս նաեւ օմեգա-3 ճարպաթթուները, դա զգալի մեծացնում է տարիքային մակուլիար դեգեներացիայի (ցանցաթաղանթի կենտրոնի վնասման) եւ կենտրոնական տեսողութեան կորստի վտանգը: Այս հիւանդութիւնն առաւել յաճախ հանդիպում է 50 տարեկանից բարձր անձանց շրջանում, սակայն կարող է ախտորոշւել նաեւ երիտասարդների մօտ։ Դրա կանխարգելման համար անհրաժեշտ է ուտել «գունաւոր մթերք»՝ կարմիր պղպեղ, սպանախ, ձւի դեղնուց, ինչպէս նաեւ իւղոտ ձկնատեսակներ։ Այլընտրանքային տարբերակ կարող է լինել վիտամինահանքանիւթային համալիրների ընդունումը»,- նշել է մասնագէտը։

Երկրորդ գործօնը, ըստ Սագոնենկոյի, բնական արեւային լոյսի բացակայութիւնն է, որը մեծացնում է կարճատեսութեան զարգացման հաւանականութիւնը։ Երբ ցանցաթաղանթը ենթարկւում է արեւի լոյսի ազդեցութեանը, արտազատւում է դոֆամին, որը կանխում է ակնագնդի երկարացումը, որը նկատւում է կարճատեսութեան դէպքում։

«Երրորդ գործօնը աչքերի յաճախակի տրորումն է, յատկապէս ալերգիկ հիւանդութիւնների ֆոնին։ Սա այնպիսի հիւանդութեան զարգացմանը նպաստող ապացուցւած գործօն է, ինչպիսին է կերատոկոնուսը՝ եղջերաթաղանթի (աչքի թափանցիկ թաղանթ) բարակացումը: Այն զգալիօրէն թուլացնում է տեսողութիւնը, իսկ խորացած փուլերում ենթադրում է փոխպատւաստում (կերատոպլաստիկա)»,- նշել է ակնաբոյժը։

Բացի այդ, տեսողութեան վրայ բացասաբար է անդրադառնում նաեւ ծխախոտի գործածութիւնը։ Ենթադրւում է, որ նիկոտինի գործածութիւնը յանգեցնում է ցանցաթաղանթի անօթների վնասման, ինչի հետեւանքով ի յայտ են գալիս աչքի յատակի արիւնազեղումներ եւ այլ պաթոլոգիաներ։ Բացի այդ, ըստ մասնագէտի, հազւադէպ դէպքերում կարող է նկատւել տեսողական նեարդի մահ։ Աւելի՝ ծխախոտի ծուխը կարող է նաեւ գրգռել ու բորբոքել աչքի լորձափաղանթն ու խանգարել արցունքների արտադրութիւնը, ինչը եւս կարող է բացասաբար անդրադառնալ։

Առնչւող Յօդւածներ

Back to top button