ՄիջազգայինՔաղաքական

Ալեքսէյ Լէօնկովը՝ Զելենսկիի՝ Երեւան հաւանական այցի մասին. «Դա կը թաղի Հայաստանի եւ Ռուսաստանի յարաբերութիւնները»

Ռուս ռազմական փորձագէտ Ալեքսէյ Լէօնկովը Alpha News-ին մեկնաբանել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարաւոր դուրս գալը, ինչպէս նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Հարաւային Կովկաս։

«Փաշինեանը մի կողմից կտրուկ շարժումներ չի անում, որովհետեւ, ըստ երեւոյթին, մինչեւ վերջ վստահ չէ որպէս քաղաքական գործիչ իր ապագայի հարցում, քանի որ իրավիճակն այնպիսին է, որ նա խաղում է երկու կրակի միջեւ։ Եթէ Արեւմուտքն Ուկրաինայում վերջնականապէս պարտւի Ռուսաստանին, ապա նրա որոշումն, ինչպէս ասում են, անխոհեմ կը լինի, եւ նրան էլ կը հետապնդի:

Բայց Փաշինեանն իրականում չի ընտրում: Նա գնում է մի ծրագրով, որի համար նրան բերել են իշխանութեան։ Այսինքն՝ գլխաւոր խնդիրն է Հայաստանը մեկուսացնել Ռուսաստանի հետ համագործակցութիւնից։ Եւ ահա այս բոլոր իրադարձութիւնները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում նրա մասնակցութեամբ, աստիճանական քայլեր են, որոնք յանգեցրել են եւ կը յանգեցնեն այն արդիւնքին, որի մասին երազում են անգլոսաքսերը»,- կարծում է փորձագէտը։

Ըստ քաղաքագէտի՝ Հայաստանի ուղեգծի փոփոխութիւնը պարզ դարձաւ դեռեւս ԱՄՆ պատւիրակութիւնների այցի ժամանակ, իսկ իրավիճակը լրացրեցին Եւրոպական ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ընդգրկման վերաբերեալ Եւրոմիութեան առաջարկները:

«Երբ Ամերիկայի Միացեալ Նահանգների ներկայացուցիչները գալիս էին Հայաստան, այդ ամէնը խօսում էր այն մասին, որ Հայաստանը դուրս կը գայ ՀԱՊԿ-ի կազմից եւ, ամենայն հաւանականութեամբ, կը խզի բոլոր կապերը Ռուսաստանի հետ։ Բացի այդ, այժմ Հայաստանին առաջարկներ են արւել Եւրոմիութեան կողմից Բորէլի՝ դիւնագիտութեան գծով նրանց գլխաւորի շուրթերով։ Այս բոլոր առաջարկները յիշեցնում են այն առաջարկները, որոնք արւել են նաեւ Ուկրաինային։

Այնտեղ խոստացել են առանց վիզայի, այսինքն՝ ազատ տեղաշարժ Եւրոմիութեան երկրներում։ Այնտեղ խօսւում է այն մասին, որ Հայաստանը կընդգրկւի եւրոպական ժողովուրդների եղբայրական ընտանիքում՝ որպէս թեկնածու, բայց միեւնոյն ժամանակ նա կը մասնակցի ԵՄ ղեկավարութեան ներքոյ իրականացւող բոլոր առաքելութիւններին եւ գործողութիւններին։ Նրան առաջարկում են ընդգրկւել որոշ էներգետիկ նախագծերում, որոնք կանցնեն Հայաստանի տարածքով։ Միգուցէ դա խողովակաշարեր է կամ որեւէ այլ բան: Բայց բոլորը հասկանում են, որ այս առաջարկը պարզապէս ենթադրում է Հայաստանի տարածքում առկայ բոլոր ազգային հզօրութիւնների գնում»,- ասել է Լէօնկովը։

Ինչ վերաբերում է Զելենսկու այցին, Alpha News-ի զրուցակցի կարծիքով՝ այդ յայտարարւած այցը Հայաստան ոչ մի լաւ բան չի բերի երկու երկրների յարաբերութիւններին եւ խոստանում է վերջնական տարաձայնութիւն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ։

«Եթէ Զելենսկին գայ Հայաստան, այդպիսով Հայաստանը լիովին կը ցուցաբերի իր հակառուսական դիրքորոշումը։ Բոլորը գիտեն, որ Զելենսկին գնում է Ռուսաստանի թշնամիների մօտ, որոնց մենք անւանում ենք ոչ բարեկամ երկրներ։ Եւ նրա գալը Հայաստան ոչ այլ ինչ է, քան նոյն փաստի արձանագրում։ Այսինքն՝ դա կը լինի այն, հաւանաբար, վերջնական կէտը, որը կը թաղի Ռուսաստանի եւ Հայաստանի դարաւոր յարաբերութիւնները»,- եզրափակել է Ալեքսէյ Լէօնկովը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button