Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Քաղաքագէտ. «ՀՀ-ին ուղղւած հիմնական սպառնալիքները գալիս են Թուրքիայից եւ Ադրբեջանից. Լոնդոնը պատրաստ չէ օգնել այս հարցում»

Քաղաքագէտ Սերգէյ Մելքոնեանը մեկնաբանել է նախօրէին Մեծ Բրիտանիայի զինւած ուժերի նախարար Ջէյմս Հիպիի յայտարարութիւնը, թէ Լոնդոնը «կաշխատի եւրաատլանտեան դաշնակիցների հետ՝ աջակցելու Հայաստանին Ռուսաստանի պատասխան սպառնալիքների դէպքում»։

«Կեղծ ընկալումներ ու շահեր․ երաշխիքներ գետնին, այլ՝ ոչ թէ օդում:

Այսօր լսեցինք Միացեալ Թագաւորութեան պաշտպանութեան փոխնախարար Ջէյմս Հիպիի յայտարարութիւնը.

Մեծ Բրիտանիան ճանաչում է ՀԱՊԿ-ին անդամակցութիւնը սառեցնելու Հայաստանի իշխանութիւնների որոշումը եւ պատրաստ է աջակցութիւն ցուցաբերել Ռուսաստանից բխող սպառնալիքների դէպքում։

Հիմնական եզրակացութիւններ.

Նախ՝ Լոնդոնը պատրաստ է օգնել Հայաստանին միայն Ռուսաստանից բխող սպառնալիքների համատեքստում։ Այսինքն՝ Երեւանը Արեւմուտքի աջակցութիւնը կը ստանայ այնքան ժամանակ, քանի դեռ հակառուսական կուրս է վարում։ Հակառակ դէպքում «ակտիւի» արժէքը կորչում է:

Երկրորդ՝ Հայաստանին ուղղւած հիմնական սպառնալիքներն այսօր գալիս են Թուրքիայից ու Ադրբեջանից, այլ ոչ թէ Ռուսաստանից։ Այս առումով Լոնդոնը պատրաստ չէ օգնելու։

Երրորդ, փաստացի ընդունւած է, որ հակառուսական կուրսը կը յանգեցնի Մոսկւայի պատասխան արձագանգին, եւ արդէն իսկ երաշխիքներ են հնչում։

Խնդիրն այն է, որ այդ երաշխիքները բաւարար չեն ռազմավարական խորութեան բացակայութեան պատճառով։ Առայժմ Հայաստանին երաշխիքներ են պէտք «գետնի վրայ», այլ՝ ոչ թէ օդում եւ շատ կոնկրետ ագրեսորների՝ Բաքւի եւ Անկարայի առնչութեամբ»,- նշել է քաղաքագէտը։

Նշենք, որ Ջէյմս Հիպին պատասխանելով բրիտանական խորհրդարանի գրաւոր հարցմանն ի պատասխան ընդգծել է, որ Լոնդոնը շարունակելու է սերտօրէն համագործակցել Երեւանի հետ՝ փնտրելով համագործակցութեան խորացման ուղիներ:

«Մեծ Բրիտանիան ընդունում է այդ որոշումը (սառեցնել ՀԱՊԿ անդամակցութիւնը -խմբ.) որպէս Հայաստանի սուվերեն իրաւունքի իրացում։ Բրիտանիան պատրաստ է նաեւ համագործակցել եւրաատլանտեան դաշնակիցների հետ՝ Հայաստանին աջակցութիւն ցուցաբերելու համար՝ ի դէմս Ռուսաստանի պատասխան գործողութիւնների սպառնալիքների»,- ասել է Հիպին։

Առնչւող Յօդւածներ

Back to top button