Հայաստան - ԱրցախՔաղաքական

Երրորդ սերնդի ժողովրդավարութիւն

Տարբեր քաղաքագիտական դասագրքերում, ուղեցոյցերում մանրամասն բացատրւում է «ժողովրդավարութիւն» բառի իմաստը։ Այսպէս, գոյութիւն ունի դասական ժողովրդավարութիւն հասկացողութիւն։ Այն վերաբերում է անտիկ՝ յունա-հռոմէական շրջանի ժողովրդավարութեանը, երբ ընտրութիւնների միջոցով ձեւաւորւում էին իշխանութեան մարմինները՝ Յունաստանում օրէնսդիր մարմինը, որը քաղաքի հրապարակ-ագորայում նիստեր էր անում, Հռոմում՝ սենատը, կոնսուլներն ու ժողովրդական տրիբունները։ Եւ հէնց այդ մարմիններն էին կատարում նաեւ դատարանի գործառոյթները։

Յիշում եմ ճանաչւած իրաւապաշտպան Մարեկ Նովեցկու դասախօսութիւնները ժողովրդավարութեան մասին։ Որպէս ոչ լիարժէք ժողովրդավարութեան օրինակ, նա բերում էր հէնց անտիկ շրջանի դասական ժողովրդավարութիւնը։ Այսպէս, Յունաստանում ժողովրդի կողմից ընտրւած իշխանութիւնը ագորայում Սոկրատէսին մահւան դատապարտեց ինքնուրոյն կարծիք ունենալու համար։ Ժամանակակից ժողովրդավարութիւն համարւում էին, յատուկ շեշտում եմ՝ էին, ոչ միայն ընտրութիւնների միջոցով ձեւաւորւող օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւնները, այլ ամենակարեւորը՝ անկախ դատական համակարգը։ Անկախ դատական համակարգը դատական իշխանութիւնն էր եւ նշանակում էր իրաւական պետութիւն, ապահովում էր օրէնքի գերակայութիւն, որն էլ երաշխաւորում էր տւեալ երկրում մարդու իրաւունքների պաշտպանութիւնը։

Անհնար էր լինել ժողովրդավարական, բայց ոչ իրաւական երկիր։ Այսպիսով, արձանագրենք, որ ժողովրդավարութիւնն ու իրաւական պետութիւն հասկացողութիւններն անքակտելի էին։ Նոյնիսկ տեսականօրէն հնարաւոր է լինել ոչ ժողովրդավարական, բայց իրաւական պետութիւն։ Հակառակն ուղղակի անհնար էր։ Յօդւածի նպատակը չէ վերլուծութիւն անել, թէ ինչպէս են տարբեր, իրական ժողովրդավարական երկրներում ձեւաւորւում անկախ դատական համակարգերը։ Յօդւածի գաղափարը վաղուց էր հասունացել, բայց երբ կարդացի սոյն վերլուծութեան մասին, որոշեցի այլեւս չծուլանալ եւ ներկայացնել, թէ վերջին տասնամեակներում ինչպիսի փոփոխութիւնների է ենթարկւել «ժողովրդավարութիւն» հասկացողութիւնը։ Ստոկհոլմում գործող Ընտրական աջակցութեան եւ ժողովրդավարութեան միջազգային ինստիտուտի ժողովրդավարական գործընթացների գնահատման ղեկավար Սիմա Շահը «Եւրոնիւզ»-ին տւած հարցազրոյցում յայտարարել է, որ ժողովրդավարութեան էական աճի նոր էպիկենտրոններ են ի յայտ եկել Եւրոպայում. եւ այդ առումով կարելի է առանձնացնել Մոլդովան, Հայաստանը եւ Սլովենիան, որտեղ առաջընթացն ու զարգացումները կրում են դինամիկ բնոյթ։

Մոլդովայի, որպէս ժողովրդավարութեան զարգացման չափանիշ օրինակ է բերւում այնտեղ նոր՝ կոռուպցիայի գործեր քննող դատարանի ստեղծումը։ Ամբողջական զեկոյցին ծանօթ չեմ, բայց հաւանաբար նոյն հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը նոյնպէս դիտարկւում է որպէս Հայաստանում ժողովրդավարութեան յաղթարշաւ։ Տիկին Սիմա Շահին բացարձակապէս չի հետաքրքրում, թէ այդ նոր դատարանների դատաւորներն ինչպէ՞ս են նշանակւում, ներեցէք՝ ընտրւում եւ ում ցուցումով են գործում նորանշանակ, կասկածելի իրաւաբանական կրթութիւն ունեցող դատաւորները։ Չեմ կարծում, որ տիկին Սիմա Շահն այդքան միամիտ ու դիւրահաւատ է, որ հալած իւղի տեղ է ընդունում Մոլդովայում եւ Հայաստանում, կոռուպցիայի դէմ յայտարարւած պայքարը։

Իսկապէս լուրջ հետազօտողը ոչ միայն կուսումնասիրէր ընդունւած օրէնքները, այլ այդ երկրներում տիրող իրական վիճակը։ Եւ եթէ տիկին Սիմա Շահը, որպէս անաչառ փորձագէտ, մանրամասն ուսումնասիրէր Հայաստանի ժողովրդավարութեան մակարդակն իր յստակ չափորոշիչներով, ապա առնւազն կը յայտարարէր, որ Հայաստանը ոչ միայն ժողովրդավարական երկիր չէ, այլ յստակօրէն շարժւում է դէպի բռնապետութիւն։ Իսկ գուցէ այս զեկոյցն արտայայտում է տիկին Սիմա Շահի անձնական, սուբիեկտիւ կարծի՞քը։ Չեմ կարծում, այդ դէպքում, դժւար թէ «Եւրոնիւզ»-ը նման սիրողական հետազօտութեանը յատուկ հաղորդում նւիրէր։ Այդ հետազօտութիւնն ու հաղորդումն արեւմուտքի քաղաքականութեան մասն է կազմում։ Ընդամէնը․․․

Նոյն Եւրոպայի եւ ԱՄՆ-ի աչքի առաջ 2018 թ․, Հայաստանում սկիզբ առաւ յեղափոխա-բռնապետական կարգերի հաստատումը՝ դատարանների ջախջախում եւ վարչապետին հնազանդեցում, քաղաքական հետապնդումներ, աննախադէպ ծաղկող կոռուպցիա, ընտրութիւնների կեղծումներ։ Այս ամէնը չնկատելով՝ ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը երկու անգամ՝ 2021-22 թթ․ հրաւիրում է Հայաստանի վարչապետ կոչեցեալին մասնակցելու ինչ-որ ժողովրդավարական համաժողովի։ 2022 թ․ Հայաստան է այցելում ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խօսնակ Նանսի Փելոսին եւ հիացմունքով խօսում Հայաստանի ժողովրդավարութեան մասին։ Հայաստանի աննախադէպ ժողովրդավարութեամբ հիացած են նաեւ եւրոպական բոլոր երկրների ղեկավարները։

Իհարկէ, Մոլդովայում վիճակն այդքան սարսափելի չէ, որքան Հայաստանում, բայց Մոլդովան նոյնպէս կիլոմետրերով հեռու է ժողովրդավարութիւնից։ Արդ, ի՞նչն է միաւորում Մոլդովային եւ Հայաստանին, արեւմուտքի աչքում։ Միայն ու միայն մէկ բան՝ յստակ, ընդգծւած հակառուսական քաղաքականութիւնը։

Ինչ վերաբերում է զեկոյցի երրորդ երկրին, ապա Սլովենիան յայտնի է որպէս ժողովրդավարական պետութիւն։ Այնպէս որ, հարց է առաջանում, ինչո՞ւ է ժողովրդավարութեան խոշոր մասնագէտը Հայաստանի եւ Մոլդովայի շարքում նշում նաեւ Սլովենիան։ Կարծում եմ, մէկ նպատակով՝ Հայաստանի եւ Մոլդովայի ժողովրդավարութեան մասին հեքիաթները հաւաստի դարձնելու համար։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 21-րդ դարում մենք գործ ունենք երրորդ սերնդի ժողովրդավարութեան հետ։ Եթէ առաջինը անտիկ շրջանի դասական, ոչ լիարժէք ժողովրդավարութիւնն էր, 20-րդ դարում՝ իրաւական, օրէնքի գերակայութեան, մարդու իրաւունքների պաշտպանութիւն հռչակող ժողովրդավարութիւնը, ապա երրորդ, ժամանակակից, առաջադէմ, 21-րդ դարի ժողովրդավարութեան միակ չափանիշը տւեալ երկրի հակառուսական քաղաքականութիւնն է։ Եւ որքան աւելի հակառուսական է տւեալ երկրի քաղաքականութիւնը, այդքան այն աւելի ժողովրդավարական է։ Այնպէս որ, եթէ վաղը հրաշքով Հիւսիսային Կորէան, Թուրքմենստանը, Սաուդական Արաբիան, չփոխելով իրենց ներքին կեանքը, թշնամանան Ռուսաստանի հետ եւ տանեն ընդգծւած, բոլոր այլ երկրների հետ համեմատած ամենահակառուսական քաղաքականութիւն, ապա կը հռչակւեն որպէս աշխարհի ամենաժողովրդավարական երկրները։

ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ
Aravot.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button