ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Սիոնիստ ռաբբիները կոչ են անում աջակցել Ալիեւին՝ ընդդէմ Արցախի եւ Իրանի

ՍԻՈՆԻՍՏՆԵՐԻ ԵՒ ԲԱՔՒԻ ԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՆՈՐ ԵՐԱՆԳԸ

Տարբեր երկրների սիոնիստ ռաբբիները միաժամանակ բողոք են բարձրացրել Արցախի պաշարման պատճառով Ալիեւի քաղաքականութիւնն ու կառավարութեանը քննադատող հրապարակումների դէմ: Նրանք յայտնել են նաեւ, որ ներկայ պայմաններում Բաքւի վրայ հոգեբանական ճնշում գործադրելը կարող է վնասել խաղաղութեան նպատակով ընթացող բանակցութիւններին:

Այս մասին յատուկ անդրադարձ կայ իրանցի փորձագէտ Էհսան Մովահեդեանի «X» հարթակում տեղադրւած գրառման մէջ, ինչը նա վերահրապարակել է նաեւ իր «Տելեգրամ»-եան ալիքում:

Իր միկրոբլոգում փորձագէտը յղում տալով «Azfront» «Տելեգրամ»-ային լրահոսին նշել է, որ աշխարհի մի շարք հրեայ ռաբբիներ քննադատել են Արցախի երկարատեւ պաշարումը լուսաբանող հրապարակումները, ինչպէս նաեւ կատարւածը Հոլոկոստ կոչած հայամէտ կողմերի յայտարարութիւնները, անընդունելի են համարել Բաքւին դատապարտելու համար հայկական կողմի պահանջները:

Մովահեդեանը յաւելել է, որ սա Բաքւի ու սիոնիստական ռեժիմի միջեւ անվտանգութեան, քաղաքական եւ ռազմավարական խորը կապերի վառ ապացոյցը լինելուց բացի, փաստում է, թէ Իսրայէլի համար շատ կարեւոր է Արցախի նկատմամբ Բաքւի ամբողջական վերահսկողութեան սահմանումը: Պատճառը մէկն է՝ սիոնիստները կարող են մեծացնել իրենց ազդեցութիւնը Կովկասի սրտում գտնւող այս զգայուն հատւածում, որն Իրանի սահմանակիցն է:

«Այս տարածաշրջանում սիոնիստների ներկայութիւնը նաեւ ապահովելու է նրանց մուտքը Կասպից ծով, այնտեղից էլ Կենտրոնական Ասիա՝ Չինաստանին մօտենալու համար: Եւ, իհարկէ, սա համահունչ է ՆԱՏՕ-ին ու Թուրքիային, ում համար ողջունելի է այս ներկայութիւնը»,- յաւելել է Մովահեդեանը:

Վերադառնալով սիոնիստ ռաբբիներին փորձագէտը նշել է, որ նրանց դեռ վաղուց էր խանգարել Հայոց Ցեղասպանութեան փաստի շեշտադրումը: Նրանք համոզւած են, որ դա մարգինալացրել է Հոլոկոստի ուղղութեամբ իրենց քարոզչութիւնը: Այդ իսկ պատճառով, նրանք լիովին աջակցել են եւ շարունակում են աջակցել տարածաշրջանում Ալեւի նկրտումներին՝ պաշարելու եւ զաւթելու Արցախը, որպէսզի վերջ տրւի Հոլոկոստի հետ նոյնականացմանը:

Նրանք Հայաստանին են մեղադրում Բաքւին միջազգայնօրէն նւաստացնելու եւ այն ոճրագործ ներկայացնելու հարցում, եւ միաժամանակ պնդում, որ կատարւածը նախագիծ է, որի թիկունքում կանգնած է Իրանը: Հետաքրքիր նմանութեամբ ամենուր նրանք բարձրացրել են նոյն պաստառը, որում ասւած է. «Արցախի պաշարումը Հոլոկոստի հետ համեմատելու ցանկացած փորձ անարժէք է դարձնում միլիոնաւոր հրեաների յիշողութիւնը»,- արձանագրել է փորձագէտը:

Մովահեդեանը ուշադրութեան արժանի է համարել վերջերս Վրաստանի հրէական-սեֆարդական համայնքի ղեկավարի՝ ռաբբի Զամիր Իւսոֆի աշխուժացումը, ով նաեւ միաժամանակ Բաքւի հրէական համայնքի դպրոցի տնօրէնն է եւ յայտնի է որպէս Լաչինի ճանապարհաշրջափակման հիմնական կազմակերպիչներից մէկը: Հրապարակաւ նա շրջափակումը Հոլոկոստից զատելու անհրաժեշտութեան թեմայով հաղորդագրութիւն էր հրապարակել «Ֆէյսբուք»-եան իր էջում։ Նրա հրապարակումից անմիջապէս յետոյ Իսրայէլի հետ կապւած խոշոր կրօնական եւ աշխարհիկ քարոզչամեքենան ու աշխարհի տարբեր երկրներում լրատւամիջոցները վերահրապարակելով նրա թէզը՝ հակազդեցին արցախահայութեան պահանջներին:

Իւսոֆի յայտարարութեան համաձայն՝ Ալիեւի կառավարութեան դէմ գործողութիւնները արշաւ է ռաբբիի եւ Իսրայէլի դէմ։ Մովահեդեանը շարունակելով խօսքը նշել է, որ Բաքւի հրէական համայնքի դպրոցի տնօրէնը նշել է նաեւ, որ Իրանն է գլխաւորում հակաիսրայէլական այդ արշաւը, իսկ հայերը գործիք են «այաթօլլահների» ձեռքում, որոնք այժմ Իսրայէլի իսկական բարեկամ, Ադրբեջանի Հանրապետութեանը զրպարտելով, հարւածում են հէնց Իսրայէլին:

Իւսոֆը նշել է նաեւ, որ Բաքւի թշնամիները մեղադրում են Ադրբեջանի Հանրապետութեանը Արցախում ապրող հազարաւոր հայերի սովամահ անելու մէջ։ «Բայց Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանի Հանրապետութեանը, իսկ Ադրբեջանի բնակչութիւնը Ղարաբաղից քշւել է հայերի կողմից»։

Այս ռաբբին հայերին ցեղասպանութեան ենթարկելու, կամ սովի մատնելու մեղադրանքը բարդել է արցախահայութեան վրայ, եւ նշել. «Առկայ է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը, որը փակել են հայ անջատողականները, իսկ ամօթանքը տալիս են Բաքւին, հետն էլ Հոլոկոստի զոհերի յիշատակը զրպարտութեան առիթ դարձնում»:

Իւսոֆը նաեւ քննադատել է հայերին Գարեգին Նժդեհի արձանը կանգնեցնելու, ինչպէս նաեւ Թեհրանի հետ խորացող յարաբերութիւնների համար եւ յաւելել, որ 2022 թւականի ամռանը ԿՀՎ (CIA) ղեկավարի Երեւան կատարած այցի ժամանակ, նոյնի մասին էր զգուշացրել նա Երեւանին, սակայն հայերը շարունակում են դա անտեսել:

Վերջում Զամիր Իւսոֆը Իսրայէլում եւ նրա սահմաններից դուրս հրեայ առաջնորդներին կոչ է արել աջակցել Ադրբեջանի Հանրապետութեան ժողովրդին, որը սերնդէսերունդ եղել է Իսրայէլի կողքին:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտութիւնը աւելի քան երեք տասնամեակ է ինչ շարունակւում է։ Երեք տարի առաջ վերջին պատերազմում Ադրբեջանը Իսրայէլի աջակցութեամբ յետ վերցրեց տարածքների մեծ մասը, ապա ստանալով նաեւ Ղարաբաղը, որտեղ ապրում են մի քանի տասնեակ հազար հայեր (շրջապատւած տարածքում): ԱՄՆ-ը եւ Եւրոմիութիւնը փորձում են սատարել խաղաղութեան բանակցութիւներին: Այս պահին նման հոգեբանական ճնշում գործադրելը (Ադրբեջանի վրայ)՝ եւ «ցեղասպանութեան» հարցը կապելով այս շրջափակման հետ, միայն կարող է վնասել բանակցային գործընթացին»,- ասւած է նրա յայտարարութեան մէջ:

Մովահեդեանը նոյն առիթով յետգրութիւն հրապարակելով յաւելել է, որ վերջին երկու օրերին Իւսոֆի կոչին են միացել ԱՄՆ-ի եւ Կանադայի Ռաբբինական ասոցիացիայի ղեկավար Արի Ռալբագը, Գերմանական Ուղղափառ Ռաբբինական կոնֆերանսի ղեկավար Աւիչայ Ափելը, ինչպէս նաեւ Ստրասբուրգի ու Ռայնի ռաբբիը։

Նրանք հրէական առաջնորդներին խնդրել են աջակցել Ադրբեջանի Հանրապետութեան ժողովրդին ընդդէմ ընդհանուր թշնամիների:

Առնչւող Յօդւածներ

Back to top button