Հայաստան - Արցախ

Գասպար Կարապետեան. «Պահանջելու ենք ազատ արձակել Բաքւում պահւող Արցախի պաշտօնեաներին եւ միւս գերիներին»

Այն պահից, երբ Եւրոպան դարձաւ կարեւոր դերակատար Արցախի հարցի լուծման մէջ եւ Շառլ Միշէլը սկսեց անձամբ զբաղւել այդ հարցով, նկատեցինք, որ պէտք է Եւրոպայի ձայնը աւելի լսելի դարձնել: Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը:

«Մեր գրասենեակը միշտ շփումների մէջ է Եւրոխորհրդարանի հետ, եւ խորհրդարանը յաճախ դրական բանաձեւեր է քւէարկել եւ ընդունել թէ՛ Արցախի հարցի հետ կապւած, թէ՛ Հայաստանի: Բայց գործադիրի հետ աւելի դժւար էր, եւ երբ հանդիպումներ էինք ունենում, հարցնում էին՝ որպէս Եւրոպայի ներկայացուցիչներ ինչ տեսակէտ ունենք: Եւ մենք որոշեցինք ընդլայնւել: Առաջին հանդիպումը եղաւ յունիսին՝ 7 երկրների համայնքների նախագահների ներկայութեամբ, այնուհետեւ ներքին հանդիպում ունեցանք, յետոյ գործադիրին հանդիպեցինք, եւ Եւրոպայի մեր գործընկերները ներկայացրին իրենց տեսակէտը Արցախի հարցի վերաբերեալ: Ներքին հանդիպման ընթացքում, որոշեցինք կազմել «Եւրոպացիները յանուն Արցախի» հարթակը: Այս պահին 15 երկրների ներկայացուցիչներ մասնակցում են ծրագրին: Այդ երկրների ներկայացուցիչները ներկայացնում են իրենց համայնքները»,- ասաց Կարապետեանը:

Նրա փոխանցմամբ՝ յունւարի 27-ին եւ 28-ին աշխարհի տարբեր քաղաքներում Բաքւում պահւող Արցախի նախկին պաշտօնեաներին եւ միւս գերիներին ազատ արձակելու պահանջով միջոցառումներ են անցկացւելու:

«Ինչպէս յիշում էք, հոկտեմբերի 5-ին Գրանադայում պէտք է տեղի ունենար Փաշինեան-Մակրոն-Շոլց-Միշէլ-Ալիեւ հնգակողմ հանդիպումը, բայց Ալիեւը չեկաւ: Մենք այդ օրը Գրանադայի կենտրոնական հատւածում ցոյց կազմակերպեցինք, գրեթէ 300 մարդ էր եկել, այդպէս կարողացանք աղմուկ բարձրացնել, եւ լրատւամիջոցները սկսեցին անդրադառնալ ու լուսաբանել: Հիմա յունւարի 27-ին եւ 28-ին համայնքի ներկայացուցիչներն իրենց խորհրդի հետ միասին պէտք է միջոցառումներ կազմակերպեն երկրի ներսում՝ դա կարող է ցոյց լինել, կարող է ցուցահանդէս կամ քաղաքական ելոյթ լինել: Այդ միջոցառումների ընթացքում պէտք է պահանջենք անյապաղ ազատ արձակել Բաքւում պահւող Արցախի նախկին պաշտօնեաներին եւ միւս գերիներին, պահանջելու ենք արցախցիների անվտանգ վերադարձ իրենց պապենական հողեր այն տարբերակով, որը կը նախընտրեն հէնց արցախցիները»,- ընդգծեց Կարապետեանը:

Նա վստահեցրեց՝ «Եւրոպացիները յանուն Արցախի» հարթակում հրապարակւած բոլոր յայտարարութիւնները Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան համար են:

««Եւրոպացիները յանուն Արցախի» հարթակը որեւէ կուսակցական կողմնորոշում չունի, եւ այստեղ հրապարակւած բոլոր յայտարարութիւններն Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան համար են: Այն պէտք է ընդլայնւի եւ մինչ ամսւայ վերջ հարթակին կը միանան եւս 20-25 երկիր: Այս հարթակը նրա համար է, որ աշխարհի հայերը, որ երկրում էլ որ ապրեն, բարձրաձայնեն իրենց խնդիրները եւ մենք կարողանանք միասնական կերպով օգնել նրանց: Մենք ամէն ինչ կանենք, որ յաջողենք եւ օգտակար լինենք մեր հայրենակիցներին»,- եզրափակեց Կարապետեանը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button