Հայաստան - Արցախ

Նման հասարակութիւն եւ իշխանութիւն ունեցող ժողովրդին յաղթելը խաղ ու պար է. նման երկիրն ի սկզբանէ պարտւած է ստեօպաների առատութեան պատճառով

Ուշացումով, միայն նախօրէին (նոյ. 29) կարդացի Արցախի ԱԺ պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանին եւ արցախցիներին ուղղւած հայհոյանքներն ու լուտանքները։ Մետաքսէ Յակոբեանն առաջարկել էր, որ Արցախի Աժ պատգամաւորներն իրենց աշխատավարձերը Հայաստանում շարունակեն ստանալ։

Մետաքսէ Յակոբեանի այս խօսքն առիթ է հանդիսացել, որ տարբեր մաստի գործիչներ իրենց ատելութիւնն արտայայտեն իրենց հազարամեակների հայրենիքից տեղահանւած մեր հայրենակից արցախցիների հասցէին։ Բայց ամենազարմանալին այն է, որ այդ գործիչներից շատերը հանրութեանը յայտնի, իրենց առաջադէմ, արեւմտեան արժէքներին նւիրեալ համարող մարդիկ են, ինչպիսիք են՝ Ստեօպա Սաֆարեանը, Լեւոն Բարսեղեանը, Ռուբէն Մեհրաբեանը, Մուշեղ Եկմալեանը։

Կարդալով նրանց գրառումները, չդիմացայ եւ որոշեցի անուն առ անուն անդրադառնալ նրանց բարոյական կերպարներին։

1․ Ահա Ստեօպա Սաֆարեանի խօսքերը․ «Հա, գիշերները չէի քնել, որ կրկնակի հարկ վճարեմ աշխատավարձի համար… էշն էր պակաս, պարախոդով եկաւ»: «Մի հատ էլ պարգեւավճար չտա՞նք հողը լքելու համար», «Իրօ՞ք, ձեր աղբ Շահրամանեանից ուզէք», «Սրան նոյնիսկ Հայաստան մուտքը պէտք է արգելւէր», «30 տարի քերեցին, հլը էլի են ուզում քերել», «Խի՞ են թոյլ տւել մտնի ՀՀ տարածք, պիտի մնար ինտեգրւէր», «Ընդհանրապէս ոչ մի արցախցի ղեկավարի չպէտք է թողնէին ստեղ գայ», «Հաւաքարարի գործ եմ առաջարկում», «Նամուս ունենայիր՝ Հայաստան չէիր գայ», «Քո տեղը բերդն ա», «Օրէնքով սրանց աշխատավարձը Ալիեւը պիտի տայ», «Ում հաշւին, Հայաստանի հարկատուների՞, վեր ընկի տեղդ», «Այ чушка-ներ, բա ասում էիք՝ Հայաստանը թող չխառնւի Արցախի գործերին, ի՞նչ էք ուզում մեզանից», «Գնացէք ձեր սպիտակ պապայից ուզէք», «Լրիւ էշի տեղ են դրել Հայաստանի իշխանութեանը», «Ձրիակերներ, դուք պիտի ամաչէիք աշխատավարձ ստանալուց»։

Ստեօպա Սաֆարեան, մարդ, որը 2008թ․ մարտի 1-ին հրապարակային ստեց, թէ ոստիկանները մանկահասակ երեխայ են սպանել։ Հետագայում Wikileaks-ը հրապարակեց Ստեօպա Սաֆարեանի հաղորդած տեղեկութիւնը ԱՄՆ դեսպանատուն․ «Արդէն 3 մարդ է զոհւել՝ մի մանկահասակ մի տղայ եւ երկու տարեց մարդ։ Նրանք նաեւ նշել են, որ ոստիկանը ծեծել է տարեց մարդուն եւ սպանել նրան։ Ըստ այս երկուսի՝ այդ պատճառով է զայրացած ամբոխը հաւաքւել դեսպանատների մօտ» (Երկրորդը Անահիտ Բախշեանն է):

Քաղաքակիրթ հասարակութիւն ունենալու դէպքում, այս բացայայտումներից յետոյ նման հանրային գործիչ բացառւում է, որ Հայաստանում շարունակեր գործել։ Բայց, Ստեօպա Սաֆարեանը հանգիստ շարունակում էր եւ է իր ստայօդ եւ քայքայիչ գործունէութիւնը։

«Մոռանալով» 2008թ մարտի 1-ի ստախօսութիւնները, Ստեօպա Սաֆարեանը յաջողութեամբ փոխեց իր քաղաքական կողմնորոշումը եւ դարձաւ ՀՀԿի քաղաքական դպրոցի դասընթացավար։

Երբ Ադրբեջանի նախագահի պահանջով փակւեց ԵԱՀԿ երեւանեան գրասենեակը, Ստեօպա Սաֆարեան խոշոր վերլուծաբանը բացայայտեց, որ իրականում գրասենեակը փակւել է Ռուսաստանի պահանջով։ Իսկապէս հզօր գուշակ։

2․ «Ֆաքի մէջ ենք again, լրիւ լաւրովի խելքից է…»: Սա էլ հանրայայտ Լեւոն Բարսեղեանի խօսքերը։ Ինձ համար ամենացաւալին է քննադատել Լեւոն Բարսեղեանին։ Նրա հետ ծանօթացել եմ, նրա վաղամեռիկ կնոջ, ազնւաբարոյ Ռուզան Մովսիսեանի միջոցով, որից յետոյ Լեւոն Բարսեղեանի հետ եղել ենք շատ մտերիմ յարաբերութիւնների մէջ։ Մի քանի անգամ, Գիւմրի այցելելիս, գիշերել եմ նրանց տանը։ 2018թ․ ստի եւ կեղծիքի յեղափոխութիւնից յետոյ, կամաց-կամաց մեր յարաբերութիւնները սառեցին եւ այժմ զրոյական մակարդակի են։ Ինձ հաւաստի տեղեկութիւն հասաւ, որ իմ քննադատութիւններին ներկայ իշխանութեանը, Լեւոն Բարսեղեանն արձագանգել է․ «Էդ ի՞նչ ուզեց, որ չտւեցին»։ Պարզւում է, Լեւոն Բարսեղեանի ողջ գործունէութիւնը կապւած է միայն իր հասանելիքը ստանալու պայմանով։ Նրա մասնակցութիւնը 2015թ․ «Էլեկտրիկ Երեւանին», 2016թ․ աջակցութիւնը «Սասնայ ծռերին», 2018թ․ մասնակցութիւնը «Մերժիր Սերժին» շարժմանը, 2021թ․ ֆարսը արդար ընտրութիւններ յայտարարելը, կապւած են եղել միայն իր հասանելիքը ստանալու պայմանով։ Ի՞նչ սկզբունք, ի՞նչ արժէք, ի՞նչ լրագրութիւն։

3․ «Էդ 22 դեպուտատ ստահակները պիտի ստանան ոչ թէ աշխատավարձ, այլ լէն չափալախ, ընդորում՝ մարդաշատ տեղերում»: Ահա թէ ինչ է գրում, «Յանուն հանրապետութեան» կուսակցութեան փոխնախագահ Ռուբէն Մեհրաբեանը։ Այն կուսակցութեան, որը հիմնադրել է եւ որի նախագահն է փաստաթղթեր կեղծած, բանակից ապօրինի ազատւած, սեփական մօր դէմ ցուցմունք տւած, ըստ էութեան բարոյական արժէքներից զուրկ, դաւաճան Արման Բաբաջանեանը։ Ռուբէն Մեհրաբեանը թունդ ուկրաինապաշտ է, այն երկրի, որը ողջ արցախեան հակամարտութեան ընթացքում Ադրբեջանի դաշնակիցն էր եւ շնորհաւորեց 44-օրեայ պատերազմի յաղթանակի առթիւ։

4. «Գնայ պեսկովից ուզէ։ Էս մետաքսէն սարսափելի կերպար է»։ Սա էլ Բրիւսէլում հանգրւանած, իրեն իրաւապաշտպան, խոշտանգումների դէմ պայքարող Մուշեղ Եկմալեանի խօսքերն են։ Ըստ ականաւոր իրաւապաշտպանի, հոգեբանական, ատելութիւն արտայայտող խօսքը խոշտանգում չի համարւում։ Ցաւալին այն է, որ ինչպէս Լեւոն Բարսեղեանի, այնպէս էլ Մուշեղ Եկմալեանի հետ շատ մտերիմ յարաբերութիւններ եմ ունեցել։ Ի՞նչ արած, ես իմ սխալներն ընդունում եմ եւ դրանց համար ամբողջ հոգով զղջում։

Եւ այս ականաւոր գործիչներին ակտիւօրէն աջակցել են եւ իրենց առաւել սուր հայհոյանքներով արցախցիներին ուղղւած, լրացրել բազմաթիւ այլ ոչնչութիւններ։

Երբ կարդում էի, թէ ինչպէս են արեւելեան Հայաստանում ընդունել 1915թ․ Ցեղասպանութիւնից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին, նրանց անւանելով «կեղտոտ գաղթականներ», հաւատս չէր գալիս։ Ցաւօք, այսօր մեր սերունդն էլ նոյն ձեւով է ընդունում, շուրջ մէկ տարի շրջափակմանը դիմակայած, փախստական դարձած, արցախցի մեր քոյրերին եւ եղբայրներին։ Հետաքրքիր է, որ ոչ միայն ողջ Արաբական աշխարհն է գրկաբաց ընդունում պաղեստինցի փախստականերին, այլեւ այլ, ոչ միայն մուսուլմանական երկրներ։ Այո՛․ 1915թ․ Ցեղասպանութիւնից մազապուրծ եղած հայերին արաբներն աւելի լաւ ընդունեցին, քան արեւելեան Հայաստանի նրանց հայրենակիցները։

Նման մտածողութեան տէր մարդկանցով, հնարաւո՞ր է ունենալ քաղաքակիրթ հասարակութիւն, ժողովուրդ, իր արժեհամակարգով եւ վերջապէս՝ պետութիւն։ Միանշանակ պատասխանում եմ՝ ո՛չ եւ եւս մէկ անգամ՝ ո՛չ։ Հակառակ դէպքում, այս մարդիկ չէին համարձակւի նման մտքեր արտայայտել, քանի որ հասարակութիւնը նրանց չէր հանդուրժի եւ այո՛, հէնց փողոցում նրանց հետ հաշւեյարդար կը տեսնէր։ Իսկ սրանք հանգիստ խղճով շարունակում են իրենց գործունէութիւնը՝ քննարկումներ, սեմինարներ, ինչպէս նաեւ ցանկալի հիւրեր են մերձիշխանական լրատւամիջոցների։ Ի՞նչ ասեմ, նմանները հէնց այսօրւայ վարչապետ կոչեցեալի յենարանն ու կողմնակիցներն են եւ իրենց բաժինն ունեն Արցախի վաճառքից։ Հիմա էլ, նրանք կատարում են, նոյն վարչապետ կոչեցեալի յանձնարարականը, որ արցախցիները հեռանան նաեւ Հայաստանից, դառնալով կրկնակի փախստականներ։ Այդ դէպքում, իրենց պաշտելի վարչապետ կոչեցեալը կազատւի արցախցիներին նիւթական օգնութիւն տալու բեռից եւ միջազգային ողջ օգնութիւնը կը բաժանւի իւրայինների մէջ եւ իրենց էլ բաժին կը հասնի։ Նրանց համար, ինչպէս միշտ, կարեւորը իրենց բաժին գումարը ստանալն է․ «Ի՞նչ ուզեցինք, որ չտւեցին»։

Արդէն որերոդ անգամ անյարմար եմ զգում, ոչ միայն որ նրանցից ոմանց հետ ջերմ յարաբերութիւններ եմ ունեցել, այլեւ նման մարդկանց հետ նոյն ազգին պատկանելու համար։

Նման հասարակութիւն եւ իշխանութիւն ունեցող ժողովրդին յաղթելը, ցանկացած թշնամու կողմից խաղ ու պար է, քանի որ նման երկիրն ի սկզբանէ պարտւած է ստեօպաների առատութեան պատճառով։ Դժւարանում եմ ասել, թէ ադրբեջանցիներն են աւելի շատ ատում մեզ, թէ՞ ինքներս մեզ։ Կրկնեմ, չեմ ընդունում այն վարկածը, թէ բոլոր ազգերն իրար նման են։ Ո՛չ, համոզւած եմ, որ որեւէ այլ ազգ չէր հանդուրժի նմաններին։

Էհ, նորից ու նորից յիշենք մեծն Գարեգին Նժդեհին․ «Ամէն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»:

ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ

Առնչւող Յօդւածներ

Back to top button