Հայաստան - Արցախ

Արթուր Մոսիեան. «ՀՀ գործող վարչախումբը եւ Ադրբեջանի իշխանութիւններն Արցախի հարցում գործում են համատեղ. սա երեւի այդ հարցերից մէկն է»

Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական նախկին ղեկավարութիւնը, Արցախի ԱԺ ներկայիս նախագահը եւ հարիւրաւոր հայեր շարունակում են մնալ ադրբեջանական գերութեան մէջ։

Դեկտեմբերի 13-ին ադրբեջանական գերութեան մէջ գտնւող հայերից 32-ը վերադարձւեցին Հայաստան, փոխարէնը՝ Հայաստանն Ադրբեջանին յանձնեց երկու ադրբեջանցի զինւորների, որոնցից մէկը սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին։

Ադրբեջանական գերութեան մէջ գտնւող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարութեան վերաբերեալ ՀՀ ղեկավարութիւնը միջազգային կառոյցներից չի բարձրաձայնում՝ որեւէ խօսք չի ասում, փոխարէնը՝ միջազգային հարթակներն օգտագործում են՝ խօսելու ՀՀ ժողովրդավարութեան, իրենց մշակած «Խաղաղութեան խաչմերուկ» նախագծի մասին։ Միայն իրաւապաշտպանները եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի ներկայացուցիչներն են, որ պարբերաբար իրազեկող հաղորդագրութիւններ են տարածում, այցելում Բաքւում պահւող հայերին։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետութեան ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը խօսելով ադրբեջանական գերութեան մէջ գտնւող Արցախի նախկին ու ներկայ պաշտօնեաներին հայրենիք վերադարձնելու քայլերի մասին, նկատեց՝ բոլորը պէտք է աշխատանքներ տանեն՝ պետական կառոյցներից սկսած՝ մինչեւ միջազգային կառոյցներ։

«Կարծում եմ՝ բոլոր միջոցներով, ե՛ւ պետական մակարդակով, ե՛ւ միջազգային ճնշումներ գործադրելով՝ պէտք է ամէն ինչ անել, որ այդ գերեվարւած, պատանդառու մարդիկ վերադարձւեն հայրենիք։ Այն, որ Հայաստանի իշխանութիւնները ոչինչ չեն անում, պարզ երեւում է։ Ամէն ինչ է պէտք անել, անգամ միջազգային ճնշում գործադրելով պէտք է կարողանանք պատանդառու մեր ընկերներին վերադարձնենք հայրենիք»,- շեշտեց Արթուր Մոսիեանը։

Հարցին՝ եթէ ՀՀ իշխանութիւնը ոչինչ չի անում, ապա պետական մակարդակով ինչպէ՞ս է պատկերացնում քայլերի իրականացնում, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Ես բազմիցս ասել եմ, որ ՀՀ գործող վարչախումբը եւ Ադրբեջանի իշխանութիւններն Արցախի հարցում գործում են համատեղ, սա էլ երեւի այդ հարցերից մէկն է»։

Ինչ վերաբերում է ՀՀ-ում Արցախի պետական ինստիտուտների գործունէութեանը եւ ՀՀ իշխանութիւնների յայտարարութիւններին, որ եթէ Հայաստանում գործեն Արցախի պետական ինստիտուտները, դրանք կը վտանգեն Հայաստանի անվտանգութիւնը, Արցախի ԱԺ պատգամաւորն ասաց, որ Արցախի պետական ինստիտուտները, անշուշտ, պէտք է գործեն Հայաստանում, որեւէ մէկը չի կարող ասել, թէ դա ինչով է վտանգում ՀՀ ազգային անվտանգութիւնը։

«Արցախահայութեան շահերի պաշտպանութեան, վերադարձի, գոյքային իրաւունքները, ինչպէս նաեւ իրենց երկրում ապրելու իրաւունքը պէտք է երաշխաւորւած լինի։ Եթէ ՀՀ իշխանութիւնն այդ առումով ոչինչ չի անում, պէտք է Արցախի պետական ինստիտուտները մնան ու պայքարեն Արցախի ու արցախահայութեան իրաւունքների համար։

Ես գիտեմ, որ Արցախի ԱԺ-ն պէտք է աշխատի՝ խոչընդոտներով, թէ առանց խոչընդոտների, թէպէտ լաւ կը լինի, որ առանց խոչընդոտների աշխատի»,- եզրափակեց Արթուր Մոսիեանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button