Հայաստան - Արցախ

Սամուէլ Շահրամանեանի խորհրդական. «Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլեւս գոյութիւն չունի, յունւարի 1 -ից Արցախը չի լուծարւելու»

Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլեւս գոյութիւն չունի, «Ազատութեան» հետ զրոյցում պնդել է Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորեանը, ընդգծելով, որ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի հոկտեմբերի 1-ից Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարութեան անդամները, դատաւորները, մարդու իրաւունքների պաշտպանը, խորհրդարանը, Անվտանգութեան խորհրդի քարտուղարը, իրաւապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտօնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրութեան։

Շահրամանեանի այդ հրամանագրում նաեւ նշւում է, որ 2023 թւականի հոկտեմբերի 1-ից յետոյ Արցախի Հանրապետութեան անունից տրւող փաստաթղթերը վաւերական են:

Վլադիմիր Գրիգորեան– Արդէն իսկ այդ հրամանագրով մենք կարող ենք համարել, որ պարոն Շահրամանեանը չեղարկել է իր սեպտեմբերի 28-ին ստորագրած հրամանագիրը։ Այսինքն՝ Արցախի Հանրապետութիւնը, կառավարութիւնը եւ մնացած բոլոր մարմինները 2024 թ. յունւարի 1-ից յետոյ եւս շարունակելու են իրենց գործունէութիւնը։

«Ազատութիւն»- Արդեօք իրաւական տեսանկիւնից այս մեկնաբանութիւնը խնդրայարոյց չէ՞, ի վերջոյ Արցախի նախագահի կողմից չկայ նոր հրամանագիր իր նախկին հրամանագիրը չեղարկելու մասին։

Վլադիմիր Գրիգորեան– Նման որոշումը քանի որ ի սկզբանէ եղել է ոչ իրաւաչափ, եւ դրանից յետոյ շարունակել է արդէն հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, եւ նաեւ ընդունւել են մի շարք իրաւական նորմատիւ ակտեր, դա ենթադրում է, որ Արցախի Հանրապետութիւնը 2024 թ., 2025 թ. լինելու է, որովհետեւ Արցախի Հանրապետութիւնը լուծարւում է միայն ժողովրդի հանրաքւէով, եւ որեւիցէ անձ, նոյնիսկ նախագահը նման լիազօրութիւններ եւ իրաւունքներ չունի, որպէսզի լուծարի հանրապետութիւն։

«Ազատութիւն»- Այսինքն՝ չսպասե՞լ նոր հրամանագիր Սամուէլ Շահրամանեանից։

Վլադիմիր Գրիգորեան– Ո՛չ, նման սպասելու կարիք չկայ։

Առնչւող Յօդւածներ

Back to top button