Հայաստան - Արցախ

Վարդան Ոսկանեան. «Պատրանքները, որ մեր տարածաշրջանում կառուցւելու է յաւերժական խաղաղութիւն, 2024-ին ի դերեւ են լինելու»

Տարածաշրջանի ու դրա երկրների համար 2023-ը լարւած ու դժւար տարի էր՝ լի զինւած իրադարձութիւններով, կորուստներով… Միջազգային հանրութեան ուշադրութեան կենտրոնում անցնող տարւայ ընթացքում էլ մնացին Հայաստան-Ադրբեջան հակամարտութիւնը, երկու երկրների միջեւ յարաբերութիւնների կարգաւորումը, Իրանը, Ռուսաստանը։ Խաղաղութեան մասին յայտարարութիւններ էլ շատ հնչեցին։

Panorama.am-ը իրանագէտ, ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանի հետ ամփոփել է անցնող տարին. ինչպիսի՞ն էր 2023 թւականը հայ-իրանական յարաբերութիւնների համար, ո՞վ է մեղաւոր առկայ պոտենցիալի չօգտագործման համար, ի՞նչ սպասել 2024-ին, ինչո՞ւ են մերթընդմերթ ջերմանում Ադրբեջան-Իրան յարաբերութիւնները։

Վարդան Ոսկանեան- Թէ՛ Հայաստանի, թէ՛ Իրանի համար բաւական բարդ տարի էր։ 2023-ը ծանր էր յատկապէս մեզ համար, գիտէք, տեղի ունեցաւ Բաքւի բարբարոսական վարչախմբի կողմից Արցախի ամբողջական բռնազաւթում, տեղի բնակիչների՝ մեր հայրենակիցների նկատմամբ ցեղասպանական գործողութիւն, էթնիկ զտում։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա տարածաշրջանում ամենակարեւոր զարգացումը ադրբեջանա-թուրքական դաշինքի դիրքերի ուժեղացմանն էր վերաբերում, ինչպէս նաեւ իսրայէլա-պաղեստինեան հակամարտութեանը, որ մինչ օրս շարունակւում է Գազայի հատւածում։ Երկու պետութիւնների համար էլ ծանր տարի էր, Հայաստանի համար կորուստներով լի։ Կարծում եմ՝ այդ կորուստները պէտք է մեզ սթափեցնեն, որ մենք հնարաւորինս վերագտնենք մեզ ու գնանք բռնազաւթւած տարածքների վերաազատագրման ուղիով։

Իրականում հայ-իրանական յարաբերութիւնների հեռանկարը հասկանալու համար մենք պէտք է յստակօրէն սահմանենք Հայաստանի պետութեան տեսլականը, այսինքն ինչպիսի պետութիւն ենք մենք ձգտում ունենալ։ Ակնյայտ է, որ մեր տարածշրջանում կան երկու թշնամական ուժեր, որոնք փաստացի ձեւաւորել են միասնական աշխարհքաղաքական, ծաւալապաշտական նկրտումներ։ Խօսքը Բաքւի ու Էրդողանական վարչախմբի մասին է։ Հայաստանն ունի երկու բարեկամ-հարեւան պետութիւններ՝ Վրաստանը եւ Իրանը։ Պարզ է, որ իմ նշած թշնամական դաշինքի հետ Հայաստանի համար անհնար է յարաբերութիւնները կարգաւորել արժանապատիւ կերպով, մի քանի ամիս առաջ Բաքւի բարբարոսական վարչախումբն իրականացրել է ցեղասպանական գործողութիւն արցախահայութեան նկատմամբ։ Եւ չի պատրաստւում, ի դէպ, որեւէ գործողութիւն կատարել, որը միտւած կը լինի Հայաստանի Հանրապետութիւնից բռնազաւթւած տարածքներից իր բաշիբոզուկներին դուրս բերմանը։ Հետեւաբար հայ-իրանական յարաբերութիւնների օրակարագը պէտք է ձեւաւորել ու ձեւակերպել Հայաստանի պետութեան տեսլականից, որը պէտք է ենթադրի Հիւսիս-հարաւ առանցքի ձեւաւորումը, այս առումով Հայաստանը կարող է դառնալ իրական հարթակ։ Իրանի հետ աշխատանքներն էլ պէտք է ընթանան հէնց այս ուղղութեամբ։

Կան ծրագրեր, որոնք ունեն ոչ միայն տնտեսական, այլեւ անվտանգային, աշխարհաքաղաքական նշանակութիւն։ Խօսքը վերաբերում է Պարսից ծոցը Սեւ ծովին կապող տրանսպորտային հանգոյցին, ինչպէս նաեւ հնդկական հիւսիս-հարաւ ծրագրում Հայաստանի ներգրաււածութեան խնդրի ամրագրմանը, որը չափազանց կարեւոր է մեզ համար։

Panorama.am- Հայաստան-Իրան համագործակցութեան համար ո՞ր ոլորտում առաւել մեծ պոտենցիալ կայ։ Եւ ինչպիսի գնահատական կը տա՞ք հայ-իրանական յարաբերութիւնների առկայ մակարդակին։

Վարդան Ոսկանեան- Հայ-իրանական յարաբերութիւնների պոտենցիալը չափազանց մեծ է, ես չէի վախենայ ասել՝ հսկայական։ Ցաւալիօրէն, տարիներ շարունակ մենք խօսում ենք դրա մասին, բայց չենք իրացնում, այդ պոտենցիալի գոնէ գերակշիռ մասը։ Բնական է, որ յատկապէս 44-օրեայ պատերազմից յետոյ ընկած ժամանակահատւածում Իրանը կարեւոր նշանակութիւն ունի ադրբեջանա-թուրքական դաշինքի զսպման գործում։ Ուստի հայ-իրանական յարաբերութիւնների համատեքստում շատ արդիական է դարձել յատկապէս անվտանգային ոլորտում համագործակցութիւնը։ Այս պոտենցիալը չօգտագործելն առնւազն շռայլութիւն պէտք է որակւի առնւազն մեր հասարակական խօսոյթում։

Panorama.am- Հիմա մենք ականատեսն ենք իրանա-ադրբեջանական յարաբերութիւնների՝ չասեմ ջերմացման, բայց ինչ-որ դրական դինամիկա կայ։ Ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում հիմա երկու պետութիւնների յարաբերութիւններում, ի՞նչ արդիւնքների կարող ենք ականատես լինել այդ շրջանակում։

Վարդան Ոսկանեան- Իրան-Ադրբեջան յարաբերութիւններում խնդիրներն այնքան շատ են ու այնքան խորքային, որ դրանցից շատերի լուծումն, ըստ էութեան, գոյութիւն չունի։ Ակնյայտ է, որ Ադրբեջան կոչւող արհեստածին կազմաւորումը եւ դրա ինքնութիւնը կազմաւորւել են մի կողմից հակահայկականութեան, միւս կողմից հակաիրանականութեան շուրջ։ Ուստի Ադրբեջան-Իրան յարաբերութիւններում բարեկամական բնոյթի որեւէ ջերմացում բերելու է ադրբեջանական ինքնութեան ժխտման, որն անհնարին է։

Խնդիրներն առկայ են, բայց պարզ է, որ իրանական կողմը, նաեւ Բաքւի բարբարոսական վարչախումբը ցանկանում են կառավարել այն ռիսկերը, որոնք առկայ են։ Ադրբեջանը փորձում է Իրանի հետ յարաբերութիւններն օգտագործել Հայաստանի վրայ ճնշում գործադրելու նպատակով, մասնաւորապէս, կեղծ խօսոյթն առ այն, որ եթէ Հայաստանը չի տրամադրում ադրբեջանա-թուրքական երազանքների այսպէս կոչւած «Զանգեզուրեան միջանցք»-ը, որն իրականում թուրանական միջանցքն է, իրենք ճանապարհ կունենան Իրանի տարածքով, ըստ էութեան խաբկանք է, քանի որ այդ ճանապարհը գործել է ԽՍՀՄ փլուզումից ի վեր եւ հիմա էլ գործում է, որեւէ կերպ չի ազդում Հայաստանի հեռագնայ տեսլականի վրայ։ Այս համատեքստում պէտք է շատ ուշադիր լինել, որպէսզի հասկանան՝ Բաքւից պարբերաբար եկող հոսքերը, որոնք ուղղւած են մեր հասարակութեան ներսում լրացուցիչ անհանգստութիւններ ստեղծելու առ այն, որ Իրանը եւ Ադրբեջանը կարող են դաշնակցել միմեանց հետ Հայաստանի դէմ, ըստ էութեան հիմնազուրկ են։

Առնչւող Յօդւածներ

Back to top button