Հայաստան - Արցախ

Արցախի թեմը՝ Արցախեան շարժման 36-ամեակի առիթով. «Մի ողջ ժողովրդի յամառ պայքարի հիմքում ընկած էր միակամութեան արժէքի գիտակցումը»

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը ուղերձ է յղել Արցախեան շարժման 36-ամեակի առթիւ:

«36 տարի առաջ Արցախը ոտքի ելաւ՝ պաշտպանելու իր ինքնորոշման իրաւունքը: Մի ողջ ժողովրդի յամառ պայքարի հիմքում ընկած էր միակամութեան արժէքի գիտակցումը, եւ իւրաքանչիւր ոք խորապէս հասկանում էր անհատական ներդրումի կարեւորութիւնը:

Ցաւօք, յաղթանակով ամրագրւած խաղաղ օրերը տարիներ անց կրկին խաթարւեցին. պատերազմ, շրջափակում եւ հայաթափում: Արցախի ժողովուրդը եւս մէկ անգամ ապացուցեց, որ հայրենիքը վեր է ամէն ինչից, երբ շրջափակման օրերին կրելով բազմաթիւ զրկանքներ, այնուամենայնիւ, չյանձնւեց եւ շարունակեց կառչած մնալ իր հողին: Դա էլ իր հերթին իւրօրինակ պայքարի դրսեւորում էր:

Այսօր, չնայած ցաւալի հանգամանքներին, կարող ենք համարել, որ կայացել է «Միացում»-ը: Այժմ արցախաբնակ ու հայաստանաբնակ մեր քոյրերն ու եղբայրները միաձուլւած են Մայր Հայաստանում: Շատ կարեւոր է իմաստուն եւ արդիւնաւէտ կերպով օգտագործել այս հանգամանքը՝ ոգեշնչւելով մեր նախնիների օրինակով: Այն կարող է դառնալ ազգային վերածննդի վճռորոշ նախապայման:

Սիրելիներ, այս նշանակալից օրը մեր աղօթքն ու մաղթանքն է, որ Տէրը իմաստութիւն եւ արթնութիւն տայ բոլորիս մտքերին, որպէսզի ամէն մի հայ իր անձնական խնդիրներին զուգահեռ՝ կարեւորութիւն տայ նաեւ ազգային խնդիրներին՝ գիտակցելով վերջնիս վեհ գաղափարը»,- ասւած է հրապարակւած ուղերձում:

Tert.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button