Հայաստան - ԱրցախՍփիւռք

Ֆրանսիայի՝ Հայաստանին սպառազինութիւն մատակարարելու գործում դերակատարում ունի նաեւ Ֆրանսիայի հայ համայնքը

Փետրւարի 23-ին Երեւանում ՀՀ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանը եւ Ֆրանսիայի զինւած ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնիւն ստորագրեցին մի շարք պայմանագրեր, որից յետոյ Սուրէն Պապիկեանը եւ Սեբաստիան Լըկորնիւն պատասխանել էին հայաստանեան եւ ֆրանսիական ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

Մասնաւորապէս, ՀՀ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանը յայտարարել էր, որ Ֆրանսիայի հետ ՀՀ ռազմական համագործակցութիւնը համակարգային ու հեռահար բնոյթ ունի, եւ, որ այն ուղղւած չէ որեւէ երկրի դէմ: Իսկ Սեբաստիան Լըկորնիւն էլ նշել էր, որ ՀՀին մատակարարւող բոլոր միջոցները պաշտպանական նշանակութեան են, որովհետեւ առաջնահերթ են համարում Հայաստանի պաշտպանական կարողութիւնների հզօրացումը:

Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցութեան շուրջ 168.am-ը զրուցել է ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեանի հետ՝ պարզելու, թէ որքանով այս հարցում իր մասնաբաժինը կամ դերակատարումն ունի Ֆրանսիայում հայ համայնքը, քանի որ ՀՀ իշխանութիւնները երկու երկրների ռազմական համագործակցութիւնը, սպառազինութիւնների մատակարարման պայմանաւորւածութիւնները միայն իրենց ձեռքբերումն են համարում:

– Հայաստան-Ֆրանսիա յարաբերութիւնները նոր որակ են ստացել այս մէկ տարւայ եւ յատկապէս՝ վերջին ամիսների ընթացքում: Խօսքը, մասնաւորապէս, ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցութեան մասին է, Ֆրանսիան Հայաստանին սպառազինութիւն է վաճառում, եւ ճիշտ են մամուլում շրջանառւող տեղեկութիւնները, որ նաեւ ռազմարդիւնաբերական ծրագրեր կան: Այս գործընթացը ՀՀ իշխանութիւններն իրաւունք չունեն համարելու միայն իրենց ձեռքբերումը: Բնական է, որ ցանկացած իշխանութիւն ինքն է վարում բանակցութիւնները, բայց այստեղ, անշուշտ, կայ նաեւ Ֆրանսիայի հայ համայնքի դերակատարութիւնը: 44-օրեայ պատերազմի օրերին եւ մանաւանդ դրանից յետոյ համայնքը ուղղակի ձեւով տարբեր առիթներով Ֆրանսիայի նախագահ Մակրոնից պահանջել է ռազմական օգնութիւն ցուցաբերել Հայաստանին՝ Ադրբեջանի դէմ իրավիճակում, եւ այս դերակատարութիւնն ուրանալը ոչ միայն բարոյական սխալ է, այլ նաեւ քաղաքական «անհասունութիւն»:

Ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ֆրանսիան Հարաւային Կովկասում՝ Հայաստանին սպառազինութիւն վաճառելով, ո՞րն է Ֆրանսիայի շահը, քաղաքականութեան մէջ հէնց այնպէս ոչինչ չի արւում:

– Նախ միշտ պէտք է ընդունել հայ-ֆրանսիական յարաբերութիւնների պատմական հիմքն ու դարաւոր բարեկամութեան փաստը, որը Ֆրանսիան երբեք չի անտեսում: Բայց, անշուշտ, ինչպէս ասում էք, քաղաքականութեան մէջ հէնց այնպէս ոչինչ չի կատարւում, եւ Ֆրանսիան Հարաւային Կովկաս թափանցելու փորձ է կատարում՝ Եւրոմիութեան իր գործընկերների համաձայնութեամբ, ինչպէս նաեւ՝ իր դաշնակից ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համադրաբար: Սակայն գաղտնիք չէ, եւ միամիտ պէտք է լինես, որ չտեսնես՝ այս ամէնը նաեւ Ռուսաստանի դէմ իրենց արշաւի մաս է կազմում, եւ ուղղւած է ուղղակիօրէն Ռուսաստանի դէմ:

ՖրանսիաԹուրքիա, ԱդրբեջանՖրանսիա յարաբերութիւնները լարւած են, երբ ժամանակին Ֆրանսիան Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական լուրջ համագործակցութիւն ունէր: Որքանո՞վ է Հայաստանին ռազմական օգնութիւնը պայմանաւորւած Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Ֆրանսիայի վատ յարաբերութիւններով՝ վերեւում նշւած պատճառներից զատ:

– Այո, այդ կէտը եւս կայ, որ այսօր Ֆրանսիայի յարաբերութիւններն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ լարւած են, յատկապէս՝ վերջին ամիսներին, մանրամասնութիւններին, վստահ եմ, տեղեակ էք: Նշեմ, որ Ֆրանսիայի ռազմատեխնիկական համագործակցութիւնն Ադրբեջանի հետ բաւականին նւազել է: Իսկ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Ֆրանսիայի լարւած յարաբերութիւնների պատճառը պէտք է դիտարկել ԵՄ-ի հետ յարաբերութիւնների համատեքստում, հաշւի պէտք է առնել նաեւ վերջին շրջանում թուրք-ադրբեջանական յոխորտացող քաղաքականութիւնը Եւրոպայի նկատմամբ, գազի եւ նաւթի մատակարարման առումով իրենց աշխարհագրական դիրքն օգտագործելու եւ ԵՄ-ին բաւական նեղ կացութեան մատնելու փաստը եւ այլն: Այս բոլոր պատճառները կան լարւած յարաբերութիւնների հիմքում: Բայցեւ պէտք է ընդունել մէկ այլ փաստ, ինչի մասին Ադրբեջանն ու Թուրքիան էլ են յայտարարում, ֆրանսիական վերլուծաբաններն էլ են խօսում, որ Ֆրանսիայի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ յարաբերութիւնների վատթարացումը պայմանաւորւած է նաեւ Արցախի հարցով Ֆրանսիայի կեցւածքով, ինչը դիտարկւում է՝ որպէս պրոհայկական կեցւածք: Եւ, ընդհանրապէս, վերջին պատերազմից յետոյ Ֆրանսիայի պրոհայկական կեցւածքն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ յարաբերութիւնները լարւածութեան մէջ է պահում: Եւ այս փաստը եւս պէտք է դիտարկել ՀՀ-ին ռազմական օգնութիւն ցուցաբերելու պատճառների շարքում:

Ադրբեջանը փորձում է աշխատանք տանել կորսիկացիների հետ եւ խաղալ Ֆրանսիայի ներքին քաղաքական խնդիրների վրայ: Ի՞նչ խնդիրներ կան Ֆրանսիայի ներսում, եւ հայ համայնքն ի՞նչ ազդեցութիւն ունի դրանց լուծման հարցում:

– Նախ պիտի ասեմ, որ Ադրբեջանի՝ կորսիկացիների հետ աշխատանք տանելու խօսակցութիւնները թէական են՝ ենթադրական, կորսիկացիները, ընդհանրապէս, հայերի նկատմամբ դրական կեցւածք ունեն: Երկրորդ, անհաւանական է, որ կորսիկացիները՝ ադրբեջանական կամ թուրքական գործօնով պայմանաւորւած, Ֆրանսիայի ներքին քաղաքական կեանքում վատ դերակատարութիւն ունենան: Իսկ հայ համայնքի ազդեցութիւնը Ֆրանսիայի ներքաղաքական կեանքում ամէն օր ուժեղանում է, եւ նոր կառավարութեան կազմում նաեւ հայազգի նախարար ունեցանք։

Հայ համայնքն իր ազդեցութիւնն ու դերակատարումն ունի Ֆրանսիայի ներքին կեանքի բոլոր ոլորտներում՝ տնտեսական, առեւտրային, տեխնոլոգիական, արդիւնաբերական, բայց նաեւ քաղաքական, ունենք պատգամաւորներ ԱԺ-ում եւ այլն: Այսինքն, հայ համայնքի դերակատարումը Ֆրանսիայի ներքին կեանքում ակներեւ է, եւ սա տեսանելի է նաեւ ընտրական առումով՝ նախագահականից մինչեւ քաղաքապետի: Բայց յատկապէս խորհրդարանական եւ քաղաքապետի ընտրութիւնների դէպքում Ֆրանսիայի հայ համայնքի դերակատարութիւնը որոշ տեղերում նոյնիսկ էական է: Օրինակ, Փարիզի մէջ, Կենտրոնական եւ Հարաւային Ֆրանսիայի շրջակայքերում հայկական քւէները կշիռ ունեն: Եւ սա Ֆրանսիայի ներքին կեանքում հայ համայնքի հաստատուն ներկայութեան եւ դերակատարութեան հզօր ազդակ եւ փաստ է, ինչը գնալով էլ աւելի է ամրապնդւում: Դրա համար վերեւում ասացի, որ Հայաստանին Ֆրանսիայի ռազմական օգնութեան գործում չպէտք է անտեսել հայ համայնքի դերը:

Ի՞նչ էք կարծում՝ Ֆրանսիայի ղեկավարութիւնը վստահո՞ւմ է Նիկոլ Փաշինեանին: Այսինքն, կարո՞ղ է պատմութիւն յարգող Ֆրանսիան յարգանք կամ վստահութիւն տածել մի ղեկավարի նկատմամբ, ով ջնջում է սեփական ազգի եւ երկրի պատմութիւնը:

– Ասեմ, որ, բնականաբար, չի վստահի, եւ չվստահելու շատ պատճառներ ունի: Բոլորը գիտեն Նիկոլ Փաշինեանի լարախաղաց եւ յարափոփոխ քաղաքականութիւնը, ուստի անվստահելի գործընկեր կարող է դիտարկւել եւ դիտարկւում է: Իսկ յարգանքը քաղաքական աշխարհում կարեւոր ազդակ չէ, կան միայն փոխադարձ շահեր եւ վստահութեան հարց, եւ ինչպէս ասացի՝ ոչ մէկը չի վստահում նրան:

Ի դէպ, երբեմն տպաւորութիւն է, որ Նիկոլ Փաշինեանն իրեն Շառլ Դը Գոլի տեղն է դնում, երբ խօսում է Հայաստանի 4-րդ հանրապետութիւնից, ամէն ինչ նորից սկսելուց, պրոֆեսիոնալ բանակից: Իրականում Նիկոլ Փաշինեանն ընդհանրութիւն ունի՞ Դը Գոլի հետ:

– Ես շատ կուզենայի, որ Արամ Մանուկեանից յետոյ այսօր Դը Գոլ ունենայինք: Առաջին Հանրապետութեան ժամանակ ունեցանք Արամ Մանուկեան, բայց, ցաւօք, դրանից յետոյ չունեցանք Արամ Մանուկեան կամ Դը Գոլ: Եւ, այո, ցաւօք, դեռ չունենք: Իսկ Նիկոլ Փաշինեանի եւ Դը Գոլի միջեւ համեմատութիւն կամաչեմ նոյնիսկ անել, որովհետեւ նրանք 180 աստիճան տարբեր դիրքերում են:

Դը Գոլը ֆրանսիական դիմադրութեան հայրն է, նա իր գործընկերներով եւ խմբերով ազատեց Ֆրանսիան գերմանական լծից, մինչդեռ Նիկոլ Փաշինեանը զիջեց հայրենի հողը թշնամի թուրքին եւ կքեց թշնամու առջեւ, ինչը շարունակում է անել մինչ այսօր՝ տեղի տալով նրանց բոլոր սպառնալիքներին, քմահաճոյքներին եւ զիջելով անգամ ազգային կարեւոր բաղադրիչները՝ Սահմանադրութիւնից մինչեւ դրօշ, հիմն, ամբողջ տրցակի մասին լաւ գիտէք: Իսկ Դը Գոլը 5-րդ Հանրապետութիւն հռչակելով՝ առաջին հերթին հզօրացրեց ֆրանսիական բանակը՝ նրան տալով հիուլէական ուժ, մինչդեռ Նիկոլ Փաշինեանը կազմաքանդեց եւ հեղինակազրկեց Հայոց Բանակը:

Յ. Գ. – Յաւելենք, որ Երեւանում լրատւամիջոցների հետ հանդիպմանը Ֆրանսիայի զինւած ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնիւն եւս յիշեցրել էր Դը Գոլի դերը ֆրանսիական բանակի մոդելի ձեւաւորման համատեքստում:

«Պատմականօրէն Ֆրանսիայի բանակի մոդելը, որը Դը Գոլն է ձեւաւորել, սուվերեն բազա ունի: Եւ այն ամէնը, ինչը մենք սպառում ենք, գնում ենք, Ֆրանսիայում է արտադրւում: Սա առանձնայատուկ մոդել է Եւրոպայում, մենք այս արդիւնաբերական ինքնավարութեան եւ ռազմավարութեան մէջ ենք, եւ կարող ենք որոշել արտահանումը, ունենալ ինքնավար դիւանագիտութիւն: Սա գալիս է մեր պատմութիւնից»,- շեշտել էր նա:

Առնչւող Յօդւածներ

Back to top button