Հայաստան - Արցախ

Սիրանուշ Սահակեան. «Եթէ Հայաստանը հրաժարւի Ադրբեջանի դէմ գանգատներից, ապա դա հիասթափութեան մեծ ալիք կը բարձրացնի»

Եթէ Հայաստանը հրաժարւի Ադրբեջանի դէմ գանգատներից, ապա դա Հայաստանում հիասթափութեան մեծ ալիք կը բարձրացնի։ Այս մասին News.am-ին ասել է Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակեանը։

Յիշեցնենք՝ Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանը յայտարարել էր, որ եթէ Ադրբեջանը հրաժարւի Հայաստանի դէմ միջազգային հայցերից, ապա հնարաւոր է, որ Հայաստանն էլ հրաժարւի Ադրբեջանի դէմ հայցերից։

Սիրանուշ Սահակեանի խօսքով՝ երկու երկրների հայցերի իրաւական արժէքները նոյնական չեն․

«Նախ Ադրբեջանը հայցերը ներկայացրել է հայելային պատկեր ստանալու նպատակով եւ չունի որեւէ իրաւական հիմք, այդպիսով եթէ նա հրաժարւում է հայցից, մեծ բան չի կորցնում՝ ի տարբերութիւն Հայաստանի։ Նախ Ադրբեջանը հայցերը ներկայացրել է հայելային պատկեր ստանալու նպատակով, նա արհեստական խնդիրներ ներմուծելով եւ դրա նպատակը միջազգային հանրութեան կողմից հաւասարութեան միջոցով արձագանգ կորզելն է, եւ այս հայցերը ոչ թէ իրականում ունեն լուրջ իրաւական եւ փաստական հիմքեր, այլ հայելային կերպով անդրադառնում են Հայաստանի գործելակերպին, եթէ մենք խրոնոլոգիան էլ տեսնենք, սա եւս յաւելեալ ապացոյց է այս միտումը հիմնաւորելու համար։ Ադրբեջանն այն երկիրն է, որը խախտել է միջազգային իրաւունքը, մարդու իրաւունքները, նաեւ մարդասիրական ստանդարտները։ Չմոռանանք, թէ՛ ռասիստական խտրականութիւն իրականացնողը, թէ՛ սուվերեն տարածքի նկատմամբ յարձակում իրականացնողը, թէ՛ ագրեսիա ցուցաբերողը հէնց Ադրբեջանն է»։

Սահակեանն ընդգծել է, որ փաստացի, միջազգային իրաւունքի խախտմամբ, ուժի գործադրմամբ Ադրբեջանը հասել է մի ցանկալի վիճակի, որ եթէ իրաւունքը չաշխատի, ինքը քաղաքականութեան մէջ կը ստանայ լուծում, որը թէեւ իրաւական չէ, բայց կը նպաստի ադրբեջանական շահերի սպասարկմանը․ «Ուստի Հայաստանն է, որ հանդիսանում է զոհ, եւ իրաւունքի կիրառման միջոցով պէտք է հաւասարակշռութիւնը վերականգնի, եւ հասնի իր շահերի իրաւական պաշտպանութեան։ Մենք տեսանք, որ հայերի իրաւունքները ռազմական ճանապարհով կոպտօրէն խախտւում են, միակ ուղին այս վիճակի շտկման, դա իրաւական ճանապարհն է։ Ուստի եթէ Հայաստանն է հրաժարւում այդ գործերից, զրկւում է իր հանդէպ կատարւած անարդարութիւնը շտկելու, իրաւունքները վերականգնելու հնարաւորութիւնից, իսկ եթէ Ադրբեջանն է հրաժարւում, որի գանգատները ի սկզբանէ առարկայազուրկ են։ Այստեղ հաւասար իրավիճակ չի կարող լինել, քանի որ զոհ հանդիսացող պետութիւնը Հայաստանն է, որը ապաւինել է իրաւունքին, իր համար միակ ու վերջին ճանապարհը՝ իր սուվերեն իրաւունքները պաշտպանելու եւ հայերի անվտանգութիւնը երաշխաւորելու տեսանկիւնից»։

Սիրանուշ Սահակեանը չի բացառել, որ պետութիւնները հնարաւորութիւն ունեն վերանայելու իրաւական ճանապարհով հարցի հանգուցալուծման հնարաւորութիւնը եւ հրաժարւելու հայցերից, բայց չպէտք է մոռանալ, որ Հայաստանը բացի ՄԻԵԴ-ում ունեցած գանգատներից, ունի եւս մէկ հայց ՄԱԿ-ի Միջազգային դատարանում, որը վերաբերում է նաեւ արցախցիների գոյքային պահանջներին։

«Այդ հարցը շատ կարեւոր է, ՄԱԿ-ում դա խտրականութեան քաղաքականութիւնն է, որը ազդելու է արցախցիների վերադարձի պարագայում անվտանգութեան մեխանիզմի եւ ռեժիմի հետ։ Կարծում եմ՝ անվտանգային լուծումները չեն կարող նոյնական լինել այն պայմաններում, երբ հաստատւում է, որ հայերը ենթարկւել են ռասիստական քաղաքականութեան ի համեմատութիւն այն իրավիճակի, որ այդ փաստերը կը հերքւեն, եւ ռասիստական քաղաքականութեան ենթարկւող ազգային միաւորի յետվերադարձը եւ պէտք է ուղեկցւի շատ լուրջ անվտանգային երաշխիքներով եւ դրանց լուծումների բանալին կարող է տալ հէնց ՄԱԿ-ի Միջազգային դատարանը»։

Սահակեանն ասել է, որ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկւած արցախցիների մեծամասնութիւնը որպէս գոյքային պահանջ Միջազգային դատարան առանձին հայցեր չի ներկայացրել, այն ակնկալիքով, որ Հայաստանի կառավարութիւնն իրենց անունից կը ներկայացնի իրենց շահերը, իսկ գանգատներից յետ կանգնելու պարագայում նրանց ակնկալիքները պարզապէս կը մնամ օդում կախւած․

«Հայաստանը սպասումներ է ձեւաւորել արցախցիների մասով, որ գոյքային իրաւունքների վերականգնում կը լինի եւ յայտարարել է, որ կառավարութիւնն է հանդէս գալիս, մեծամասնութիւնը չի դիմել իր իրաւունքների պաշտպանութեան համար՝ վստահելով դա Հայաստանին, եթէ Հայաստանը հրաժարւի ՄԻԵԴ-ի գործերից, այս անձանց գոյքային իրաւունքները կը մնան չպաշտպանւած։ Օրինակ՝ 2020 թւականի պատերազմի մասով ժամկէտներն անցել են, եւ եթէ հիմա Հայաստանը հրաժարւի հայցից, ապա անհատները զրկւած են լինելու դատարան դիմելու հնարաւորութիւնից։ Սա կարող է նաեւ Հայաստանում հիասթափութեան մեծ ալիք բարձրացնել»։

Նշենք, որ Հայաստանն ընդդէմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացրել Եւրոդատարան, եւս մէկ գանգատ էլ քննւում է ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանում:

Առնչւող Յօդւածներ

Back to top button