Հայաստան - Արցախ

Հայաստանի սահմանները՝ նոր հնարաւոր հարւածների տակ. Մէկ հոգին երկիրը բացայայտ տանում է նոր աղէտի

Այս իշխանութեան ցանկացած յայտարարութիւն նոր իրականութիւն է ստեղծում՝ նախորդից աւելի վտանգաւոր ու աւելի ռիսկային։ Հէնց հրահանգը եղաւ, լարած տիկնիկի նման բոլորը սկսեցին խօսել «Զւարթնոց»-ից ռուսների դուրսբերման մասին։ Այստեղ հարցն օդանաւակայանը չէ։ Պայմանագրով ռուսները պահում են ԱՊՀ սահմանները, մասնաւորապէս՝ Թուրքիայի հետ սահմանը։

Եւ շատ հաւանական է, որ նիկոլա-ալենական արկածախնդրութեանը ռուսները պատասխանեն շատ հանգիստ. եթէ պնդում էք, ապա ոչ մի խնդիր, եւ ոչ միայն «Զւարթնոց»-ից ենք դուրս գալիս, այլեւ՝ միւս սահմաններից։

Ու մենք կը ստանանք նոր իրականութիւն՝ բաց հայ-թուրքական սահման։ Այն բաց է լինելու ոչ միայն թուրքական բանակի, այլեւ՝ բազմապիսի զինեալ խմբերի, Սիրիայից, Իրաքից անվերահսկելի խմբերի, խմբաւորումների համար՝ սկսած տեռորիստներից, վարձկաններից, մինչեւ քաղաքացիական հոծ խմբեր։ Պատկերացնո՞ւմ էք ինչ իրականութիւն կարող է ստեղծւել սահմանակից մեր մարզերում, եւ ապակայունացման ի´նչ պոտենցիալ ունի հեռանկարը։

Այս պահին արդեօք Հայաստանն ունի՞ նոր սահման պահելու եւ նոր լարւածութեան օջախ զսպելու ռեսուրս։ Թուրքիան, վստահաբար, մեծ սիրով պրոքսի ուժերով կը ցանկանայ ապակայունացնել իրավիճակը Հայաստանում։

Ես բերեցի միայն մէկ օրինակ, բայց այս իշխանութեան քայլերը, յայտարարութիւնները մէկը մէկից վտանգաւոր են։ Միայն պատմական արկածախնդիրները կարող են խօսել նոր պատերազմի վտանգի մասին եւ զուգահեռ խզել յարաբերութիւնները անվտանգային միակ իրական համակարգի հետ։ Մէկ հոգին երկիրը բացայայտ տանում է նոր աղէտի, միայնակ ճակատագրական որոշումներ է կայացնում, անում է բոլոր վտանգաւոր յայտարարութիւններն ու քայլերը։

Ողբերգութիւնն այն է, որ դիմացը չկայ մէկ այլ ՄԷԿ. այս պահին մենք բոլորս՝ հարուստ, ազդեցիկ, ինտելեկտուալ, ազնիւ, մտահոգ, հարիւրաւոր կուսակցութիւններով, ազնիւ սրբազաններով, ընդդիմադիր բազմապիսի ֆորմատներով համատեղ չենք ձգում ինստիտուցիոնալ ՄԷԿ-ի, որ նրան կասեցնենք։

Սա աբսուրդ վիճակ է, աննորմալ իրականութիւն է, որը պէտք է փոխել, ու լինել կոշտ` բոլոր խանգարողների հանդէպ։

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր

Առնչւող Յօդւածներ

Back to top button