Հայաստան - Արցախ

Արցախի ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի վանդալիստական քաղաքականութիւնը

Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծւած լայնամասշտաբ պատերազմից ու ամբողջական բռնազաւթումից յետոյ վտանգւած են Արցախի միջնադարեան բազում հոգեւոր կենտրոններ, կրթահամալիրներ ու յուշակոթողներ, պատմամշակութային արժէքներ հանդիսացող շէնքեր ու շինութիւններ: Այս մասին յայտարարութիւն է տարածել Արցախի Ազգային ժողովը։

«Չնայած խաղաղութեան մասին միջազգային տարբեր հարթակներում սեփական բարձրակոչ յայտարարութիւններին՝ Ադրբեջանն անթաքոյց փորձում է հայ ժողովրդի նկատմամբ իր ցեղասպանական ծրագրերը եզրակէտին հասցնել: Դա հիմնականում արտայայտւում է հայկական քրիստոնէական պատմամշակութային, ազատագրական պայքարի եւ պետականակերտման խորհրդանիշ հանդիսացող յուշարձանների պղծմամբ, ոչնչացմամբ կամ էլ այսպէս կոչւած «աղւանական ծագման» յորջորջմամբ:

Վանդալիզմի վերջին դրսեւորումներն են Ստեփանակերտի Աստւածամօր Սուրբ Յովանի Մայր տաճարի պղծումը, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի եւ Ազատամարտիկների միութեան շէնքերի հիմնայատակ աւերումը:

Ըստ զինւած հակամարտութիւնների ժամանակ արժէքների մասին 1954 թւականի Հաագայի կոնւենցիայի 4-րդ յօդւածի՝ արգելւած է մշակութային ժառանգութեան հանդէպ վանդալիզմի, գողութեան, կողոպուտի, իւրացման, թշնամանքի եւ հաշւեյարդարի որեւէ գործողութիւն: Թէեւ ԻՒՆԵՍԿՕ-ի կողմից մի քանի անգամ կոչեր են հնչել Արցախի պատմամշակութային ժառանգութեան ոչնչացմանը վերջ դնելու համար եւ խոստումներ եղել առաքելութիւն ուղարկելու, սակայն որեւէ առաքելութիւն առ այսօր այդպէս էլ չի ժամանել Արցախ, Ադրբեջանի կողմից արհեստական խոչընդոտների ստեղծման պատրւակով, եւ միջազգային հանրութեան անտարբերութիւնը եւ անուշադրութիւնն ազատութիւն են տւել ագրեսորի վանդալիզմին՝ դառնալով տարածաշրջանում նոր պատերազմների հրձիգ:

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի իշխանութիւնների կողմից հայկական հետքի վերացման բարբարոսական գործողութիւնները եւ իրաւապաշտպան կազմակերպութիւններից, ՀՀ իշխանութիւններից պահանջում ադրբեջանական հակամշակութային բոլոր գործողութիւնների փաստերը մէկ առ մէկ ներկայացնել միջազգային իրաւասու մարմիններին եւ ատեաններին՝ խնդրին տալով միջազգային հնչեղութիւն»,-ասւում է հաղորդագրութեան մէջ:

Yerkir.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button