Հայաստան - Արցախ

Տիգրան Աբրահամեան. «Մի կողմ դնենք սրանց լկտի դրսեւորումները երկրի ներսում, դրսում` Ալիեւի առաջ խոնարհ ստրուկի դէմքով պարտւածների կոյտ են»

ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրում է

«Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիայի/դեմարկացիայի գործընթացը տեղից չի պոկւի ու այս առումով որեւէ լաւատեսական սպասում չի լինելու, որովհետեւ Ադրբեջանի նպատակը ոչ թէ միջազգային սկզբունքներին եւ նախադէպերին համահունչ գործընթացի մէջ մտնելն է, այլ պարզապէս Հայաստանից նոր տարածքներ խլելը:

Հիմա հանրային դիսկուրսը երեւացող եւ մեծամասամբ չերեւացող մակարդակում հետեւեալն է` շարունակել զիջել յանուն խաղաղութեան խոստման, թէ՞ պայքարել ու յաղթել:

Ովքեր դեռ հաւատում են, որ տարածքներ ու ազդեցութիւն զիջելով Հայաստանին կը յաջողւի խաղաղութեան հասնել, նրանց թիւը էականօրէն նւազել է հէնց միայն այն պատճառով, որ կա´մ իշխանութեանն այլեւս չեն հաւատում, կա´մ աչքների առաջ վերջին 5-6 տարիների ցաւալի փորձն է, երբ ՀՀ իշխանութիւնն անընդհատ զիջում է, իսկ Ադրբեջանն անընդհատ պահանջում:

Ինչ վերաբերւում է պայքարելու եւ դիմակայութիւնը յաղթելու մասին, ապա սա վերաբերւում է բոլոր ճակատներին` քարոզչականից մինչեւ դիւանագիտական, իսկ ծայրայեղ դէպքում` ռազմի դաշտում:

Բայց այս դէպքում էլ այլ տրամաբանական հարց է ծագում` ո՞վ պէտք է այդ պայքարը մղի` փաշինեանական իշխանութի՞ւնը:

Մի կողմ դնենք սրանց ամբարտաւան կեցւածքն ու լկտի դրսեւորումները, որն արտայայտւում է բացառապէս երկրի ներսում, իսկ դրսում` Ալիեւի առաջ խոնարհ ստրուկի դէմքով պարտւածների կոյտ են:

Ի՞նչ է հանրութիւնը տեսել վերջին 5-6 տարիներին` վճռականութեան խոստում, հուժկու տեքստեր ու անվերջ երդումներ: Արդիւնքը՝ զրօ, իսկ իշխանութեան խոստացած հեռանկարների նկատմամբ նւազագոյն վստահութիւն:

Ահա մեր խնդիրների ու փակուղու կարճ ձեւակերպումը: Քանի կան նիկոլները` Հայաստանը, ցաւօք, շարունակելու է պարտութեան շղթան»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button