Հայաստան - Արցախ

Բենիամին Մատթէոսեան. «Նիկոլ Փաշինեանի կարեւոր ու վտանգաւոր յայտարարութիւնները»

Քանի՞ քառակուսի կիլոմետր կը փոքրանայ Հայաստանը Փաշինեանի յաջորդ ասուլիսից առաջ

Քաղաքագէտ Բենիամին Մատթէոսեանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծութիւն, որում մասնաւորապէս ասւում է․

Աւելի քան երեք ժամ տեւած ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինեանը հասցրեց պատասխանել տասնեակ հարցերի։ Պատասխաններում կային բազմաթիւ փաստական անճշտութիւններ եւ քաղաքական մանիպուլիացիաներ, սակայն առանձնացրել ենք Փաշինեանի խօսքերից ամենագլխաւորը.

1․ Եթէ նախկինում Նիկոլ Փաշինեանը եւ իր թիմի անդամներն ասում էին, որ «իրենց համար կարմիր գիծը Հայաստանի տարածքն է 29800 քառակուսի կմ.-ի սահմաններում», ապա այսօր Փաշինեանը յայտարարեց, որ Հայաստանի տարածքը իրականում 29743 քառ. է։ Այսպիսով, մայրաքաղաքի կենտրոնում՝ ՀՀ կառավարութեան շէնքում, առանց Ադրբեջանի ռազմական յարձակման, Փաշինեանը մէկ յայտարարութեամբ կրճատեց Հայաստանի տարածքը՝ ոտնատակ տալով իր իսկ ստեղծած «կարմիր գիծը»։

2․ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց Տաւուշի մարզում Ադրբեջանին մի շարք տարածքներ մօտալուտ ժամանակներում յանձնելու մասին։ Կրկին կիրառւեց մանիպուլիատիւ տեխնիկա, եւ ասաց, որ «Հայաստանը չի պատրաստւում յանձնել Տաւուշի մարզում գտնւող բնակավայրերը», բայց միեւնոյն ժամանակ նշեց, որ Հայաստանը նախատեսում է կառուցել ճանապարհների նոր հատւածներ՝ փոխարինելու ճանապարհների սահմաններից դուրս գտնւող հատւածները։

«Հայաստանը պատրաստւում է վերակառուցել Խորհրդային Հայաստանի սահմանից դուրս եկող ճանապարհների հատւածը։

Անընդունելի ու անհեթեթ խօսակցութիւն է, որ Տաւուշի մարզից որեւէ բնակավայր կարող է յանձնւել։ Մենք չենք վերցնում քարտէզը ու որեւէ բան կտրում, այլ ճշգրիտ տեսնում ենք` Տաւուշում կան ճանապարհներ, մասնաւորապէս՝ Ոսկեպար գիւղի հատւածում, որ մի կտոր դէ-իւրէ հատում է ՀՀ տարածքի գիծը ու նորից մտնում ՀՀ տարածք։ Նախկինում քննարկումների ժամանակ ֆոն կար, որ կարող է այնտեղ որտեղ ճանապարհ կայ, պահենք այդ հատւածը, գնանք համարժէք չափով տանք, բայց եկել եմ այն եզրակացութեան, որ պէտք չէ այդպէս անել։ Դա լրացուցիչ անորոշութիւն է ստեղծում։ Փոքր մի քանի կտոր կայ, պէտք է գնալ, այդ ճանապարհները, որոնք դուրս են գալիս Հայաստանի խորհրդային հանրապետութիւնից, վերակառուցել»,- նշել է նա։

Բացայայտելով Փաշինեանի յայտարարութեան էութիւնը՝ գալիս ենք մի տրամաբանական եզրակացութեան՝ Նիկոլ Փաշինեանն այսօր բացայայտ խոստովանեց, որ Հայաստան-Վրաստան աւտոճանապարհի հատւածները յանձնելու է Ադրբեջանի վերահսկողութեանը։ Այն երթուղին, որով անցնում է նաեւ Հայաստան-Վրաստան գազատարը։

Աւելին, այս տարածքների յանձնումը կը վնասի Տաւուշի մարզի տարիների ընթացքում կառուցւած պաշտպանական բնագիծը։ Այդ գիծը, որն, ըստ բազմաթիւ ռազմական փորձագէտների, ամենապատրաստւածն է հակառակորդին դիմակայելու համար։ Եւ այս պաշտպանութեան գծում միանգամայն միտումնաւոր բաց է ստեղծւում։

3․ Փաշինեանը հնարաւոր է համարել Բաքւի հետ խաղաղութեան պայմանագրի կնքման դէպքում հայցերի յետկանչը։

«Բանակցութիւնների ընթացքում այդպիսի հարց քննարկւել է եւ քննարկւում է»,- այս մասին նշեց Նիկոլ Փաշինեանը՝ պատասխանելով հարցին, թէ արդեօք Հայաստանի իշխանութիւնների օրակարգում կայ միջազգային ատեաններում ընդդէմ Ադրբեջանի գանգատներից հրաժարւելու հարց:

«Մեր դիրքորոշումը հետեւեալն է․ դա մի հարց է, որը կարող է քննարկւել ամենավերջում, երբ ըստ էութեան, խաղաղութեան պայմանագրի դրոյթներն արդէն իսկ համաձայնեցւած կը լինեն եւ ակնյայտ կը լինի, որ կողմերը պատրաստ են դա ստորագրել: Դա տրամաբանական է, որովհետեւ եթէ կողմերը գալիս են համաձայնութեան եւ հասնում են ստորագրման փուլին, ես չեմ բացառում եւ նոյնիսկ տրամաբանական կը համարեմ երկուստեք նաեւ նման լուծման գնալը»,- ասաց նա։

Յիշէք, որ երբ Հայաստանը վաւերացրեց Հռոմի ստատուտը, պետական պաշտօնեաներն ասում էին, որ դա արւում է հէնց Ադրբեջանի վրայ լծակներ ունենալու, միջազգային ասպարէզում նրան պատասխանատւութեան ենթարկելու համար, իսկ հիմա բացայայտ ասում են, որ պահանջները յետ են կանչւելու։

Սա իր հերթին նշանակում է, որ իրաւացի էին բոլոր այն փորձագէտներն ու քաղաքական գործիչները, որոնք յայտարարեցին՝ Հռոմի ստատուտի վաւերացումը զուտ քաղաքական ակտ էր, որի նպատակն է ցոյց տալ Փաշինեանի արեւմտեան գործընկերներին՝ Հայաստանն այլեւս Ռուսաստանի դաշնակիցը չէ, որ Հայաստանը պատրաստ է գործողութիւններ իրականացնել անգամ ՌԴ ղեկավարութեան դէմ: Փաշինեանն այս թէզը հաստատեց իր յայտարարութեամբ, որ երկիրը պատրաստ է յետ կանչել Ադրբեջանի նկատմամբ հայցերը։

4․ Եւ մինչ ՀԱՊԿ-ը «Հայաստանի քաղաքական առաջնորդներին սթափութեան կոչ է անում», Նիկոլ Փաշինեանն իր ասուլիսի ժամանակ ոչ միայն ուրւագծեց Կազմակերպութիւնից դուրս գալու Հանրապետութեան ցանկութիւնը, այլեւ առաջ է քաշել հետեւեալ թէզը՝ «Հայաստանի բոլոր դժբախտութիւնների մեղաւորը Ռուսաստանն է եւ ռուսական գործօնը»:

Ըստ Փաշինեանի

  • Ռուսաստանը չօգնեց 1915 թւականի Ցեղասպանութեան ժամանակ
  • Ռուսաստանը հրահրեց 2020 թւականի պատերազմը, եւ ընդհանրապէս «ղարաբաղեան խնդիրը ստեղծեց Հայաստանի վրայ լծակներ ունենալու համար»
  • Ռուսաստանը փորձեց իշխանափոխութիւն կատարել Հայաստանում 2020 թւականի նոյեմբերի 9-ից յետոյ
  • Ռուսաստանի Դաշնութեան իշխանափոխութեան վերջին փորձը եղել է 2023 թւականի սեպտեմբերին, երբ ամէն ինչ արւեց, որ Արցախը կործանւի, իսկ Հայաստան եկող արցախցին իշխանափոխութիւն իրականացնի եւ այլն։

Եւ այստեղ մենք արդէն ունենք մի շարք լեգիտիմ հարցեր՝ եթէ Նիկոլ Փաշինեանը իրաւացի է, եւ եթէ Ռուսաստանի Դաշնութիւնը կարող է ստիպել Ադրբեջանին յարձակւել Հայաստանի վրայ (ինչն, ըստ իրեն, դրսեւորւել է 2020, 2021 եւ 2023 թւականների իրադարձութիւններով), արդեօք ճիշտ քաղաքական ռազմավարութիւն է ամբողջութեամբ խզել յարաբերութիւնները Ռուսաստանի հետ: Տրամաբանական չէ՞ ենթադրել, որ եթէ Փաշինեանը իրաւացի է, եւ Ռուսաստանի Դաշնութիւնը Բաքւին ագրեսիայի է հրահրում, ապա ՀԱՊԿ-ից դուրս գալուց յետոյ Մոսկւան Բաքւին աւելի ակտիւ է մղելու նոր պատերազմի, եւ դա այն իրավիճակում, երբ ՀԱՊԿ-ի ելքը կազատի կազմակերպութիւնը Հայաստանը պաշտպանելու պարտաւորութիւնից:

Փաշինեանը բազմիցս քողարկւած կերպով կրկնել է այն միտքը, որ Ռուսաստանը (որին նա այս անգամ անւանեց «օտար ուժ») փորձում է Հայաստանում իշխանութիւն փոխել եւ իրեն հեռացնել իր պաշտօնից։ Քաղաքական շահարկումն էլ պէտք է սահման ունենայ ու Նիկոլ Փաշինեանը լաւ գիտի, որ հաւանականութեան շատ բարձր աստիճանով 2021-ին նա վարչապետ չէր դառնայ, եթէ 2020-ի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր յայտնի հարցազրոյցում չյայտարարէր, որ «Փաշինեանը դաւաճան չէ»։

Փաշինեանը շատ լաւ գիտի, որ հաւանականութեան շատ բարձր աստիճանով ինքը վարչապետ չէր դառնայ 2021-ին, եթէ ընտրութիւնների ժամանակ չլինէր Փաշինեանի նկատմամբ Կրեմլի որոշ աշտարակների լոյալ վերաբերմունքը։ Նիկոլ Փաշինեանը հիանալի հասկանում է այս ամէնը, բայց երախտագիտութեան փոխարէն Ռուսաստանին է մեղադրում նոյնիսկ 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան մէջ…

Մտածէ՛ք այդ մասին…»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button