Հայաստան - ԱրցախՀարցազրոյցՄշակութային

Աննա Մայիլեանը՝ «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում. «Հայաստանի պետականութեան պահպանումը բոլորիս գերնպատակն է, եւ այսօր երաժշտական մշակոյթի նշանակութիւնը կրկնակի է շեշտադրւում»

ՀՀ վաստակաւոր արտիստ, Երեւանի Կոմիտասի անւան պետական կոնսերւատորիայի պրոֆեսոր Աննա Մայիլեանը «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում յորդորում է արտասահմանում ապրող հայութեանը միանալ առցանց ստորագրահաւաքին կոնսերւատորիայի հնարաւոր օպտիմալացման եւ ակադեմիական քաղաք տեղափոխելու ծրագրի առնչութեամբ:

Մեր զրուցակիցը ընդգծելով, իր դիրքորոշումը արւեստի ԲՈՒՀ-երի միաւորման եւ Երեւանի Կոմիտասի անւան պետական կոնսերւատորիան ապագայ ակադեմիական քաղաքի մաս դարձնելու, տեղափոխելու վերաբերեալ, շեշտեց, որ կոնսերւատորիայի ղեկավարութիւնը եւ ուսանողութիւնը, ինչպէս նաեւ դասախօսական կազմը ոտքի կանգնեցին լուրն իմանալուն պէս:

«Մենք անմիջապէս ոտքի կանգնեցինք եւ յստակ դիրքորոշում ներկայացրեցինք, որ դէմ ենք նման որոշմանը, որի համար նաեւ ստորագրահաւաք կազմակերպեցինք: Ստորագրահաւաքին կարող են մասնակցել ոչ միայն ուսանողները, դասախօսները, այլ նաեւ իւրաքանչիւր անհատ, ով մտահոգ է այս հարցի շուրջ»,- նշեց նա:

Կարեւորելով երաժշտական կրթութեան հարցը, Աննա Մայիլեանը նշեց, որ երաժշտական կրթութիւնը մշտապէս եղել է Հայաստանի պետական քաղաքականութեան առաջնահերթութիւնների շարքում, եւ կարեւորւել է, որպէս ազգային ինքնութեան հիմնական սիւներից մէկը: Այս պատմական պահին, երբ Հայաստանի պետականութեան պահպանումը բոլորիս գերնպատակն է, երաժշտական մշակոյթի նշանակութիւնը կրկնակի է շեշտադրւում:

Երեւանի Կոմիտասի անւան պետական կոնսերւատորիայի պրոֆեսորը շեշտեց՝ ուրբաթ օրը այդ որոշման դէմ ստորագրահաւաքի վերջնաժամկէտն էր, սակայն հաշւի առնելով մեր արտասահմանում եղած բարեկամների հետաքրքրութիւնը եւ ոչ այնքան պատշաճ տեղեակ լինելու հանգամանքը որոշւեց երկարացնել մինչեւ մարտի 25-ը այնպէս, որ օնլայն հարթակում հնարաւոր է դեռ մասնակցել այդ ստորագրահաւաքին:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ ուսանողութիւնը եւ դասախօսական կազմը շատ վճռական են իրենց դիրքորոշման մէջ եւ թոյլ չեն տայ, որ Հայաստանի Հանրապետութեան երաժշտական մայր ԲՈՒՀ-ը, որը կրում է Կոմիտասի անւանումը, որտեղ կրթութիւն ստացած երաժիշտները բազմիցս են զարդարել աշխարհահռչակ բեմերը եւ Սփիւռքի տարբեր համայնքներում ներկայացրել են հայկական մշակոյթը՝ օպտիմալացւի:

Նա հռետորական հարց ուղղեց թէ՝ ինչպէ՞ս են պատկերացնում մէկ երաժշտական ֆակուլտետ, եւ նման բան չի կարող լինի, որովհետեւ կոնսերւատորիան լինելով քաղաքի կենտրոնում ունենալով շատ կարեւոր դերակատարութիւն, ոչ միայն մշակութային, այլ ուղղակի իր աւանդոյթներով յայտնի է ամբողջ աշխարհում:

«Որոշումը դեռ չի կայացւել դեռ քննարկումների փուլում է, բայց մենք զգօն ենք, որովհետեւ ոչ մի բան այլեւս հաւատ չի ներշնչում եւ չպէտք է ձեռքներս ծալած նստենք եւ գործ չանենք»,- նշեց նա:

Ինչպէս արտասահմանից կարող են միանալ ստորագրահաւաքին Աննա Մայիլեանը պատասխանեց, որ կոնսերւատորիայի էջում առկայ է ստորագրահաւաքի յղումը եւ անհրաժեշտ է հնարաւորինս տարածել, որպէսզի մարդկանց հնարաւոր դառնայ իրենց ձայնը լսելի դարձնել:

Ինչպէս էք պատկերացնում կոնսերւատորիայի ապագայ գործունէութիւնը, արդեօք հնարաւո՞ր է արդիականացման անհրաժեշտութիւնից ելնելով է խնդիր առաջացել, Մայիլեանը նշեց, որ որոշման մէջ տրամաբանութիւն բացարձակ գոյութիւն չունի, անտրամաբանական է նման որոշումը բացարձակ սխալ է:

«Մենք հիմա չպէտք է զբաղւէինք նման հարցի քննարկումներով, կամ աւելի շատ կարեւոր հարցեր պէտք է քննարկէինք, օրինակ մեր երկրի պաշտպանութեան եւ պետականութեան պահպանման հարցը»,- նշեց նա:

Իսկ ինչ վերաբերւում է կոնսերւատորիայի արդիականացման, զարգացմանը, ապա, Մայիլեանը նշեց, որ կոնսերւատորիան ինչպէս ակտիւ եղել է, այնպէս ակտիւ կայ, իր ուսանողական մթնոլորտով, հետաքրքիր գաղափարներով արտասահմանի հետ կապերի առումով եւս: Ըստ նրա՝ այն անվերջանալի պրոցես է եւ կարիք ունի միշտ զարգանալու, բայց այդ գործընթացը երբեք չի դադարել:

«Կը ցանկանայի նաեւ այդ գումարները որոնք ցանկանում են ծախսել այդ ակադեմիական քաղաքի վրայ, ծախսէին կոնսերւատորիայի վերանորոգման ուղղութեամբ»,- նշեց նա՝ յաւելելով, որ վերանորոգման ծրագիրը եւս կարծես թէ առկայ է:

«Ես ցանկանում եմ հաւատալ, որ դա իրօք այդպէս է եւ ամէն դէպքում ղեկավարութիւնը մեզ հաւաստիացնում է, որ դա այդպէս է եւ լինելու է նաեւ վերանորոգում, յուսամ, որ վերանորոգումը կը շարունակւի եւ մենք կունենանք վերանորոգւած կոնսերւատորիա եւ այդ որոշումը երբեք չի կայացւի, այլ կունենանք արդիականացւած կոնսերւատորիա»,- եզրակացրեց նա:

Առնչւող Յօդւածներ

Back to top button