Հայաստան - Արցախ

«Կոչ եմ անում բանակին՝ եթէ հրաման լինի յանձնել բարձունքները, չանէք դա». Վազգէն Մանուկեան

Հայաստանի Հանրապետութեան առաջին վարչապետ, պաշտպանութեան նախկին նախարար (1992-1993թթ. ՀՀ պետնախարար, պաշտպանութեան նախարար) Վազգէն Մանուկեանը «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասել է.

«Ադրբեջանն ամէն ինչ անելու է, որպէսզի թոյլ չտայ, որ Հայաստանը երբեւիցէ ոտքի կանգնի, որովհետեւ Ադրբեջանը Հայաստանից վախենում է։ Իրենք գիտեն՝ հայերի հետ գլուխ դնելը դժւար է, դրա համար հիմա ուզում են քօքահան անել։ Ադրբեջանը գիտի՝ պատահականութիւնների հանրագումարն էր, որ նա յաղթեց 44-օրեայ պատերազմում։

Նախորդ 20 տարւայ ընթացքում Ադրբեջանը լաւ զինվեց, բայց 2016թ․ Ապրիլեան պատերազմը 4 օր տեւեց ու դադարեցւեց հէնց Ադրբեջանի խնդրանքով։ Այսինքն՝ իրենք նոյնիսկ այդ պայմաններում չկարողացան յաղթել հայերին։ Ադրբեջանի համար 44-օրեայ պատերազմը յաղթելու համար յարմար, նպաստաւոր պայման եղաւ Նիկոլ Փաշինեանի իշխանութեան գալը։

Ադրբեջանը խաղաղութեան պայմանագիր չի ստորագրելու, որովհետեւ դեռ այնքա՜ն բան ունի ստանալու։

Հայաստանը գտնւում է մի աշխարհագրական դիրքում, որը բոլորին է հետաքրքիր, անգամ մեզնից շատ ու շատ հեռու գտնւող Չինաստանին։

Մի մարդ, որն իրեն իրաւունք է վերապահում ասել՝ բայց սրանք ի՞նչ հողեր են, որ… նշանակում է, որ նա ունակ չէ պետութիւն ղեկավարել։ Ամէն թիզ հողը սուրբ է։ Հսկայական Ռուսաստանն ու Ճապոնիան մինչեւ հիմա խաղաղութեան պայմանագիր չեն կնքում, որովհետև փոքր կղզիների վերաբերեալ հողային վէճ ունեն։

Հիմա Ադրբեջանը կը վախենայ պատերազմ սկսել Հայաստանի դէմ, բայց երբ Տաւուշի գիւղերը յանձնեն, ու բարձունքները վերցնեն, աւելի հեշտ կը լինի։ Դրանով պատերազմը կը մօտենայ Երեւանին։ Տաւուշի տարածքը միայն տաւուշցիներինը չէ, եւ նրանք չէ, որ պիտի որոշեն՝ էդ տարածքը տա՞ն, թէ՞ չտան։ Տաւուշի ամէն թիզ հողը բոլորինս է։ Փաշինեանը չի կարող գնալ, այդ տարածքների բնակիչներին բաներ խոստանալ, որպէսզի լքեն այն։

44-օրեայ պատերազմում մենք կարող էինք չպարտւել։ Ադրբեջանում ապշած էին հայերի ցոյց տւած դիմադրութիւնից։ Ադրբեջանը շատ զոհ տւեց նաեւ Ջերմուկում ու Արցախեան վերջին ներխուժման ժամանակ։ Ադրբեջանցիները զինւոր չեն, հայերը զինւոր են։ Ադրբեջանում զոհերի որոշակի քանակից յետոյ պայթիւն է լինում։ Հիմա էլ եթէ կռւենք, դիմադրենք, Ադրբեջանը կը պայթի։

Ախր էդ տղան հեչ իր տեղում չէ։ Ես լսել եմ՝ մարդն ասում է՝ եթէ ես վարչապետ չլինեմ, Հայաստանը վարչապետ չի ունենայ, բայց ես չեմ լսել, որ մէկն ասի՝ եթէ ես գլխաւոր բալերինկան չլինեմ, Օպերայի եւ բալետի թատրոնը չի լինի։ Եթէ մենք Եւրոպայի կենտրոնում գտնւող փոքր պետութիւն լինէինք, կարող էր պատահական մարդ լինէր, բայց մեր պարագայում այդ մարդը բացարձակապէս իր տեղում չէ, պէտք է կամ ինքը թողնի ու հեռանայ, կամ պէտք է հեռացնենք նրան։

Հիմա Փաշինեանն այլեւս շատ քիչ ազդեցութիւն ունի ժողովրդի ուղեղների վրայ։ Դա նրա գլխաւոր զէնքն էր։

Կոչ եմ անում բանակին՝ եթէ հրաման լինի յանձնել բարձունքները, չանէք դա, այլապէս դուք դաւաճանելու էք ժողովրդին ու կործանելու էք պետութիւնը։ Ամուր կանգնէք ձեր տեղում, ու այդ ժամանակ նա կը կորցնի իր ազդեցութիւնը նաեւ բանակի վրայ։

Մարդկային տեսակի հարց է, ոչ թէ փորձառութեան։ Այդ տեսակի մարդը չի կարող պետութիւն ղեկավարել։

Ադրբեջանն արդէն իսկ որոշ չափով մտել է Երեւան․ նա ներկայ է կառավարական շէնքերում։

Երբ 1990թ․ մենք եկանք իշխանութեան, Խորհրդային Հայաստանից ստացանք մշակւած, փորձառու մարդկանցով համալրւած պետական համակարգ։ 1918թ․ այդպես չի եղել, եւ ես պատկերացնում եմ՝ ինչքան դժւար է եղել այն ժամանակ պետութիւն կառուցելը։

Մեր այսօրւայ իրավիճակում միայն յատուկ ձեւի մարդիկ կարող են պետութիւն ղեկավարել։

Փաշինեանը համ ինքնուրոյն է, համ գործիք է։ Մի մարդ է, ով «աբիժնիկ» լինելով՝ եկել է իշխանութեան։ Փողն ու իշխանութիւնը նրա կոմպլեքսներն են։ Երբ ոչ ճիշտ մարդն այստեղից-այնտեղից վերցնում է գաղափարներ, այդ գաղափարները դառնում են կարիկատուրաներ։ Ինքը շատ յարմար էր օգտագործելու համար։ Իրեն օգտագործում են ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Եւրոպան։ Հայերն օգտագործման բոլոր այդ ձեւերում տուժող են։

Դու չպիտի անցնես մէկի կամ միւսի կողմը, դու պիտի խաղաս հզօրների հետ, բայց դրա համար պիտի լինես վստահելի, քո սեփական պետութեան ու նրա շահերի համար պայքարող։

Ոչ մի պետութիւն նպատակ չունի Հայաստանը փրկելու կամ հզօրացնելու՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Արեւմուտքը։ Բոլորը ուզում են քեզ օգտագործել։ Նրանք միայն յանուն Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս բերելու՝ կարող են քեզ օգնել, բայց այդ պրոբլեմն այստեղ չի լուծւելու, այլ Ուկրաինայում։

Ռուսաստանն այս տարածաշրջանում միշտ ունենալու է իր ազդեցութիւնը, եւ ուզես թէ չուզես՝ դու նրա հետ պիտի հաշւի նստես»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button