Հայաստան - Արցախ

«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը

«ԱԼԻՔ» – «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը: Այս մասին ֆէյսբուքի իր էջում գրել է «Առաջին ալիք»-ի նախկին լրագրող Մարիաննա Փայտեանը։

«Անկեղծ ասած, «Առաջին ալիք»-ի կայքէջում փնտրում էի մեր սիրուն «Կեանքը սահմանին» ֆիլմաշարի Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը, պարզւեց՝ ամբողջ շարքը կայքից ջնջւած է, լաւ է, որ ես արխիւները լաւ պահելու սովորութիւն ունեմ, անպայման առանձին ափլոդ կանեմ ու կը տարածեմ մեր սահմանամերձ հերոս-գիւղերի մասին պատմութիւնները ու կը սկսեմ Ոսկեպարից։ Իսկ քանի դեռ այս անոնսն էլ չեն ջնջել, սա տարածեմ՝ 1 ու կէս րոպէում սահմանապահ մարդիկ հայրենիք սիրելու իրական ճանապարհն են ասում։ Ու ի դէպ, էն որ ասում են՝ նոր յիշեցիք Ոսկեպարի եկեղեցու մասին։ Շարքը 2017-ին ենք նկարահանել, Ոսկեպարի եկեղեցու մասին ոչ միայն յիշել ենք, այլեւ` հէնց եկեղեցու շնորհիւ էլ այն ժամանակ Բագրատ Սրբազանի հետ ծանօթացայ։ Սրբազանի գլխաւորութեամբ Տաւուշի հոգեւորականները հաւաքւեցին Ոսկեպարի Սուրբ Աստւածածին եկեղեցում, ու պատարագ մատուցւեց, որին նաեւ մի քանի տասնեակ ժամկէտային զինծառայողներ էին մասնակցում։ Երանութեամբ եմ յիշում այդ օրերը, երանութեամբ յիշում այն ոգին, որ կար, որ պէտք է նորից արթնանայ…

Յ. Գ. – Շարունակեցի Հանրայինի կայքում դեգերումներս, պարզւեց՝ Շուշիի ազատագրման մասին պատմող ֆիլմն էլ է հեռացւել։ Չէ, լու՞րջ, դասագրքերից էլ է ամբողջը ջնջւելու, վե՞րջ, 30 տարին չի՞ եղել։ Ախր իմ, էն միւսի ձեզ չներելը մի կողմ, էս հայրենիքը ձեզ չի ներելու, ուրանալն էլ ո՞նց է լինում։ Ձեր անձնագրերն էլ այրէք կամ «քաղաքացիութիւնը՝ Հայաստանի Հանրապետութիւն» հատւածն էն սպիտակ ներկով փակէք։

Յ. Գ. – 2 Անգամ Ստեփանակերտի Հանրապետական հիւանդանոցի մասին մեր պատրաստած խաղարկային տեսարաններով դոկումենտալն է ջնջւել»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button