Հայաստան - Արցախ

Արմէն Մանուէլեան. «Ալիեւի 60 հազարանոց բանակը կը ներխուժի Հայաստան. Արեւմուտքից օգնութիւն չստանալով՝ Փաշինեանը վազելու է ռուսների դուռը»

Ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ Եւրոմիութեան որեւէ այլ երկրի զինւոր Հայաստան չի՛ գալու, քանի որ այդ երկրների համար Հայաստանը ռազմավարական մակարդակի կարեւորութիւն չունի. այդ երկրները Հայաստանին օգնելու մասին կը խօսեն, Հայաստանի հետ կը լինեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն ունի Ռուսաստանին՝ որպէս դաշնակից, այդ դաշնակցին չէզոքացնելուց յետոյ նրանք կը հեռանան Հայաստանից՝ տեղում թողնելով դատարկութիւն, որն անմիջապէս կը լցնի Թուրքիան՝ իր ռազմական ներկայութեամբ։

168 TV-ի «Ռեւիւ» հաղոդաշարի եթերում, խօսելով Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բրիւսէլի, Գերմանիայի եւ այլ երկրների հետաքրքրութեան, Հայաստանին աջակցելուն միտւած յայտարարութիւնների մասին, նման տեսակէտ յայտնեց միջազգայնագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու, «ՀայաՔւէ» նախաձեռնութեան անդամ Արմէն Մանուէլեանը՝ շեշտելով.

«Հայաստանն այդ երկրներին չի հետաքրքրի այն պահից սկսած, երբ Ռուսաստանը դուրս կը գայ այստեղից, ինչից յետոյ այդ երկրները որեւէ ռեսուրս չեն ուղղի Հայաստանի համար»,- ասաց Մանուէլեանը։

Պատմական գիտութիւնների թեկնածուն միեւնոյն ժամանակ նշեց, որ թէեւ Արեւմուտքից կան ահռելի խոստումներ, գետնի վրայ Փաշինեանը չունի իրական ռեսուրս արտաքին քաղաքականութեան մէջ վեկտորի փոփոխութիւն անելու համար, ինչը շատ լաւ գիտի Ռուսաստանը։

Նրա խօսքով՝ Փաշինեանի պէս կամազուրկը ձեռնտու ղեկավար է Պուտինի համար, որը զբաղւած է ուկրաինական ճակատով եւ չի ցանկանում Հարաւային Կովկասում յաւելեալ գլխացաւանքի մէջ ընկնել։

«Ռուսաստանում շատ լաւ գիտեն, որ Հայաստանի այս ռեժիմը, վաղ թէ ուշ, խնդիրների մէջ է յայտնւելու թուրք-ադրբեջանական տանդեմի պատճառով եւ, չստանալով Արեւմուտքից որեւէ օգնութիւն, գալու են ռուսների դուռը, ուստի ռուսները շտապելու որեւէ բան չունեն, յատկապէս որ իրենց համար ձեռնտու է Հայաստանի իշխանութեան անատամութիւնը։ Կարծում եմ՝ ուկրաինական ճակատում աւարտելուց յետոյ Հայաստանի այս ռեժիմը դժւար երկար մնայ»,- ասաց Մանուէլեանը՝ Արցախը յանձնելուց յետոյ Ադրբեջանի համար յաջորդ ռազմական գործողութիւնների վայր համարելով Հայաստանի սահմանը։

«Ալիեւի 60 հազարանոց բանակը կը ներխուժի Հայաստան. քանի դեռ կար Արցախը, այդ բանակի ռեսուրսներն ուղղւում էին Արցախի դէմ, իսկ հիմա՝ Հայաստանի»,- ասաց Մանուէլեանը։

 168.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button