Հայաստան - Արցախ

Բենիամին Մատթէոսեան. «Ինչո՞ւ Մոսկւան կարելի է ռմբակոծել, Երեւանը՝ ո՞չ. մեզ թնդանօթի միս է դարձնում Ռուսաստանի եւ Իրանի դէմ պատերազմում Փաշինեանի իշխանութիւնը»

Հայաստանի այս իշխանութիւնը շատ վաղուց է փոխել մեր երկրի արտաքին քաղաքական վեկտորը. փոխել է առնւազն այն պահից, երբ ստեղծւեց արեւմտեան հարթակ կոչւածը, որի նպատակի մասին օրերս յայտարարւեց ԱՄՆ Կոնգրեսում։

Կոնգրեսում շատ պարզ ասացին, որ ԱՄՆ-ի նպատակն է Հարաւային Կովկասից հեռացնել Ռուսաստանին, տարածաշրջանային կոմունիկացիաներն էլ այնպէս ապաշրջափակել, որ Իրանը հնարաւորութիւն չունենայ դրանից օգտւել։

168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում, խօսելով պատերազմից հինգ պակաս երկրում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխութեան գնացող ՀՀ իշխանութեան որդեգրած քաղաքականութեան մասին, նման տեսակէտ յայտնեց քաղաքագէտ Բենիամին Մատթէոսեանը՝ ընդգծելով.

«Դուք այսքան ժամանակ մի լուրջ եւրոպական կառոյցից կամ ՆԱՏՕ-ական պաշտօնեայից լսե՞լ էք արդեօք, որ պատրաստ են Հայաստանի եւրաինտեգրման կամ ՆԱՏՕ անդամ դարձնելու գործընթաց սկսել։ Չկայ նման որեւէ առաջարկ։ ԱՄՆ-ի նպատակը հետեւեալն է՝ Հարաւային Կովկասում ստեղծել ռազմաքաղաքական ժամանակաւոր միաւոր՝ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի մասնակցութեամբ։ Երբ ԱՄՆ Պետդեպ-ի օգնականը խօսում էր այն մասին, որ իրենք սպասում են, թէ երբ է ստորագրւելու Խաղաղութեան պայմանագիրը, հէնց այդ միութեանը Հայաստանին միանալու մասին են ակնարկում։ Իրենք բացայայտ ասում են՝ Հայաստանին եւ Ադրբեջանին դիտարկում են ընդամէնը որպէս բութ գործիք՝ Իրանի դէմ գործողութիւններ սկսելու համար»,- ասաց Բենիամին Մատթէոսեանը։

Քաղաքագէտն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից արւող, իբրեւ թէ, հայանպաստ յայտարարութիւնները համարում է ընդամէնը ծխածածկոյթ՝ Հայաստանի ինտեգրումը Թուրքիային արեւմտեան շղարշով պատելու համար։

«Հայաստանի իշխանութիւնն ընտրել է դէպի Թուրքիա ճանապարհը։ Իրենց նպատակն է՝ ինտեգրւել թուրքական աշխարհին։ Թուրքական Հայաստանի դէպքում է, որ Հայաստանի այս իշխանութիւնն ունի ապագայ. այս մարդիկ քաղաքական ապագայ չունեն, եթէ Ռուսաստանն է մնում որպէս Հայաստանի դաշնակիցը։ Այն ճանապարհը, որով այս իշխանութիւնը գնում է, յանգեցնելու է Հայաստանի լուծարման, որովհետեւ, երբ Հայաստանը միանայ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ այդ ժամանակաւոր ռազմաքաղաքական դաշինքին, պէտք է նախ դուրս գայ ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից, իսկ նման քայլի գնալուց յետոյ թուրք-ադրբեջանական տանդեմին ոչինչ չի խանգարելու, որ ռազմական ճանապարհով լուծեն Հայաստանի հարցը։ Այս երկու պետութիւնները մտածում են՝ չկայ Հայաստան, ապագայում չի լինի նաեւ հայցւոր կողմ՝ գործընթաց սկսելու համար։ Հայաստանի իշխանութեան կողմից տարւող գործընթացները հէնց այս տրամաբանութեամբ են գնում, որից յետոյ այս քաղաքական թիմը, եթէ հասցնի ճողոպրել, կունենայ անձնական ինչ-որ ապագայ։ Եթէ Մարտի 1-ին կարելի էր անել այնպէս, որ զոհեր լինէին, ու ճողոպրել, ինչո՞ւ հիմա նա չի կարող ճողոպրել՝ աւելի մեծ մասշտաբով»,- ասաց Մատթէոսեանը։

Քաղաքագէտն ընդգծեց՝ Փաշինեանը պատմական փայլուն հնարաւորութիւններ է տւել՝ ինչպէս Ադրբեջանին եւ Թուրքիային, այնպէս էլ՝ Եւրոմիութեանն ու հաւաքական Արեւմուտքին, ուստի պատահական չէ, որ Փաշինեանի իշխանութիւնը նրանք ամէն գնով պահպանում են՝ մի դէպքում՝ դատապարտելով Հայաստանի Գլխաւոր Շտաբի յայտարարութիւնը՝ Փաշինեանի հեռացման պահանջով, միւս դէպքում՝ խոստանում Հայաստանի ներսում անկայունութիւն թոյլ չտալ, ինչպէս յայտարարեց օրերս Եւրոմիութեան արտաքին յարաբերութիւնների եւ անվտանգութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզէպ Բորէլը։

168.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button