Հայաստան - Արցախ

Իշխան Սաղաթէլեան․ «Միայն խորհրդարանական գործունէութեամբ չենք կարող ազատւել իշխանութիւններից»

Վերջին տարիներին մեր ունեցած բոլոր կանխատեսումները, որոնց մասին մենք բարձրաձայնել ենք, մեծ մասն իրականութիւն է դարձել։ Այս մասին դեկտեմբերի 18-ին, Վարդենիս համայնքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը։

«Ակնյայտ էր, որ պատերազմից յետոյ երկրին ու ժողովրդին պարտութեան բերած ուժը պէտք է հեռանայ, որպէսզի կարողանանք մեր մէջքը շտկել, փոխենք երկրի քաղաքական ուղեգիծը, եւ գայ մի իշխանութիւնը, որը պատրաստ է իր երկրի տարածքային ամբողջականութիւնը, Արցախն ու իր ժողովրդին պաշտպանել։ Այս քաղաքական ուժը, որը շարունակում է վերջին տարիներին գոյութիւն ունենալ, մեր վերջին տարիների բոլոր դժբախտութիւնն այդ քաղաքական ուժն է՝ իր տեսակով, գաղափարախօսութեամբ, ամենօրեայ գործունէութեամբ։ Սրանք 3 տարի խօսում են խաղաղութիւնից, հիմա էլ սկսել են խօսել «Խաղաղութեան խաչմերուկ»-ից, բայց դրա արդիւնքում այսօր թշնամին եկել ու հասել է շատ քիչ հեռաւորութեան վրայ, դրա համար Սոթքը անցած տարի ռմբակոծւեց։ Մենք որ ասում էինք՝ Արցախը Հայաստանի դարպասն է, շատերը չէին հասկանում, ասում էին՝ Արցախը տանք, որ խաղաղ ապրենք, պարզւեց, որ Արցախը կորցնելուց յետոյ ոչ միայն խաղաղ չենք ապրելու, այլ նաեւ մեր պետութեան գոյութիւնն է հարցականի տակ»,- նշեց Սաղաթէլեանը։

Նրա խօսքով՝ միայն խորհրդարանական գործունէութեամբ ընդդիմութիւնը չի կարող ազատւել իշխանութիւններից․ «Նախաձեռնել ենք «Դիմադրութիւն» շարժումը, կռիւ ենք տւել, պայքարել ենք, եւ մի պահ բաւական մօտ ենք եղել յաջողութեան, սակայն եկել է մի պահ, որ մեր ուժերը չի հերիքել, որովհետեւ պետութիւնը իր լծակներով կարողացաւ էլ աւելի ուժեղ գտնւել։ Հիմնական թէզն այն է, որով ժողովրդին շարունակում են խաբել ու մնալ իշխանութեան այն է, որ ճար չկայ, հնարաւորութիւն չկայ, սա նախկիններն են արել, բերել ու գցել են մեր գրպանը։ Եթէ երկրում տեղի ունենայ իշխանափոխութիւն, ու բոլոր նրանք, ովքեր խօսում են հայրենիքի սահմանները պաշտպանելուց, նրանք պատերազմ են բերելու ձեզ, սրանք՝ խաղաղութիւն, բայց մեր 30 տարւայ պատմութեան մէջ խաղաղութիւն է եղել այն ժամանակ, երբ ժողովուրդն ու իշխանութիւնը պայքարել է իրենց հայրենիքի պաշտպանութեան համար»։

News.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button