ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգային

Դոկտ. Էհսան Մովահեդեան. «Անկարան ու Բաքուն կեղծ միջանցքների ծրագրով հետեւում են՝ Իրանի համար աշխարհատնտեսական խեղդամահ վիճակ ստեղծելու նպատակին»

«ԱԼԻՔ» – «Եթէ Թուրքիան իսկապէս պատրաստ է հրաժարւել Իրանի հետ ունեցած իր 100-ամեայ յամառութիւնից եւ ցանկանում է իր երկաթուղին միացնել Իրանի երկաթուղուն՝ «Չեշմէ-Սորաեա»-ում, որպէսզի իրանական տարածքով անցնի «Չինաստան-Եւրոպա միջանցքը», ապա դա լաւ լուր է։ Իսկ լրատւամիջոցների համագործակցութեան հարցում պէտք է զգուշանալ, որ այն չյանգեցնի պանթուրքիզմի մշակութային ներխուժմանն ու ուղեղների լւացմանը»,- տարածաշրջանի հարցերով աւագ փորձագէտ եւ «Ալամէ Թաբաթաբայի» համալսարանի դասախօս Էհսան Մովահեդեանը հրապարակած իր այս թւիթով անդրադարձել է նախագահ Ռէյիսիի Անկարա կատարած այցին:

Աւելի ուշ նա իր տելեգրամային ալիքով հրապարակել է Saed News-ին տւած հարցազրոյցը, որտեղ երկու երկրների նախագահների բանակցութիւնների առանցքում, փորձագէտի խօսքով՝ Հարաւային Կովկասի ներկայ իրավիճակն ու տարածաշրջանային անվտանգութեան ապագային վերաբերող խնդիրներն են:

Փորձագէտը պարզաբանել է Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնները, որտեղ նա անդրադառնալով նախագահ Ռէյիսիի Թուրքիա կատարած այցին, մասնաւորապէս նշել է, որ Թուրքիայի եւ Բաքւի ագրեսիւ պահւածքը կովկասեան զարգացումների նկատմամբ սաղմնաւորւում է Թուրքիայի արգանդում: «Ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Բաքւի իշխանութիւնները թէ՛ մեդիա քարոզչութեամբ, թէ՛ իրենց ելոյթներում ամէն կերպ փորձում են շրջափակւած տեսնել Հայաստանը։ Նրանց պրոպագանդայում անգամ Հայաստանի փոխարէն նշւած է Արեւմտեան Ադրբեջան: Նաեւ շարունակ ընդգծւած բարձրաձայնւում է Զանգեզուրի «կեղծ միջանցքի» կեանքի կոչման անհրաժեշտութիւնը: Միաժամանակ, Հայաստանի ներկայացրած խաղաղութեան առաջարկներն են մերժւում: Սա նշանակում է, որ Անկարան ու Բաքուն հետեւում են Հայաստանի հարաւը բռնազաւթելու, Իրան-Հայաստան սահմանը կտրելու, եւ արդիւնքում Իրանի համար աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական խեղդամահ վիճակ ստեղծելու սեփական ծրագրերին»,- նշել է Մովահեդեանը։

Մէկ այլ հարցի պատասխանելով Մովահեդեանը նշել է. «Թուրքիան տարածաշրջանը հասկանում է միայն իր պատկերացրածով: Այն հետեւում է Պարսից ծոցից՝ Ֆաւ, ինչպէս նաեւ «Զանգեզուր»-ի միջանցքների ստեղծման ծրագրերին, եւ որով Կենտրոնական Ասիայի երթուղու աւտոճանապարհային, երկաթուղային եւ էներգիայի փոխանցումներն անց են կացւելու այդ կորիդորներով: Ուստի Թուրքիան եւ Բաքուն մտադիր չեն Իրանի վրայ ճնշումը նւազեցնելու։ Մենք ականատեսը եղանք Քերմանի ահաբեկչութեան, միաժամանակ Լիբանանում եւ Սիրիայում Դիմադրութեան առանցքի ղեկավարների սպանութիւնների: Որոնց յաջորդեց Թուրքիայի ու Բաքւի աւելի բարձր տոնայնութեամբ յայտարարութիւնները: Թուրքիայի տրանսպորտի նախարարը դեռ մէկ շաբաթ առաջ էր յայտարարել «Զանգեզուրի միջանցք»-ի կառուցման աշախատանքների աւարտի մասին, որի համար 2027 թւականն է նշանակւած։ Միւս կողմից, Բաքուն է յայտարարում, որ Հայաստանի երկու կողմերում աւարտին են հասել միջանցքային երթուղիները։ Սա իրավիճակ է, որում մենք եւս պէտք է ամրապնդենք մեր դիրքերը»։

Կովկասի հարցերով փորձագէտը յաւելել է, որ նման ագրեսիւ պահւածքը խաղաղութեան մասին յայտարարութիւններ անելով չէ, որ հնարաւոր է կասեցնել: «Իրանը պէտք է ի ցոյց դնելով իր միջոցները՝ հասկացնի իր լրջութեան մասին, յատկպէս, Հայաստանի հարաւային շրջաններն օկուպացնելու, կամ կեղծ միջանցքների ստեղծման հարցում։ Պէտք է խորացնել Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւնները, յատկապէս միմեանց շուկաներում ինտեգրւելու հարցում։ Մենք պէտք է աւելի զգալի ներկայութիւն ունենանք Հայաստանի հարաւում։ Մենք պէտք է բաւարարենք այս տարածաշրջանի բնակչութեան կարիքները եւ աշխատատեղեր ստեղծել նրանց համար։ Առեւտրային, կրթական եւ մշակութային աշխատանքները խթանելու համար եւս պէտք է ծրագիր ունենալ: Հարկաւոր է աւելի լայն փոխգործակցութեան մէջ մտնենք ռուսների ու չինացիների հետ այս հարցում եւ յիշեցնենք նրանց այդ «Միջանցք»-ի ձեւաւորման անվտանգութեան, քաղաքական եւ տնտեսական ռիսկերի մասին։

Մովահեդեանը համոզւած է, որ Զանգեզուրի կեղծ միջանցքի ստեղծմամբ կարող է կտրուկ աճել անջատողականների, թաքֆիրական եւ ահաբեկչական ուժերի, եւ ՆԱՏՕ-ի գործունէութեան ռիսկերը, յատկապէս Իրանում, Ռուսաստանում եւ Չինաստանում։ Այս մասին հարկաւոր է յիշեցնել ռուսներին ու չինացիներին։ «Պրն. Ռէյիսին Թուրքիա կատարած այցի ժամանակ պէտք է յստակ արտայայտած լինի Իրանի դիրքորոշումներն այս ոլորտում։ Թուրքիան պէտք է հասկանայ, որ եթէ միջանցքի կարիք ունի, ապա այն հասանելի է Իրանով, որը կապում է Նախիջեւանն ու Բաքուն, հասանելի է նաեւ վրացական երթուղին»,- նշել է նա:

Մովահեդեանը յաւելել է, որ թուրքական կառավարութիւնն աջակցում է Պաղեստինի ժողովրդին միայն բանաւոր կերպով: Թուրքիայի եւ Ադրբեջանի տնտեսական եւ առեւտրային յարաբերութիւնները սիոնիստական ​​ռեժիմի հետ օր-օրի աւելանում են։ Իրանը պէտք է յստակ պահանջ ներկայացնի դադարեցնելու Թուրքիայի տնտեսական, առեւտրային եւ ռազմական յարաբերութիւնները սիոնիստական ​​ռեժիմի հետ։ Իրանը չպէտք է թոյլ տայ Թուրքիային, այս հարցում կեղծիքների դիմել: Նա մի կողմից իրեն դրսեւում է որպէս Պաղեստինի կողմնակից, միւս կողմից շարունակում է իր բիզնես յարաբերութիւնները սիոնիստական ​​ռեժիմի հետ։

«Սահմանային պատնէշների տեղադրման, ամբարտակների հարցում, որոնք կառուցւում են Թուրքիայում եւ հաստատ ապագայում անվտանգային եւ տնտեսական խնդիրներ են ստեղծելու Իրանի համար։ Այդպիսով առաջինը Իրանի պարէնային անվտանգութիւնն է, որը կարող է վտանգւել»,- նշել է փորձագէտը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button