ՄիջազգայինՔաղաքական

Hudson վերլուծական կենտրոն. «ԱՄՆ-ի Եւրասիական C5+1 ձեւաչափը պէտք է համալրել Ադրբեջանով»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ի Hudson վերլուծական կենտրոնն իր պարբերաթերթում հրատարակած ուսումնասիրութիւնների հերթական համարում «ԱՄՆ-ին անհրաժեշտ է դիւանագիտական գրոհ կազմակերպել Եւրասիայում» վերնագրով յօդւածում ընդգծել է՝ Մոսկւային դիմակայելու 10 ռազմավարական գործողութիւն է անհրաժեշտ իրականացնել, որով ամրապնդւելու է Վաշինգտոնի ազդեցութիւնը Եւրասիայում, յատկապէս Կենտրոնական Ասիայում։

Այս մասին տեղեկացնելով «Կենտրոնական Ասիայի հետազօտութիւնների կենտրոն»-ը նշել է, որ Hudson.org ուղեղային կենտրոնի նպատակն է զարգացնել եւ ամրապնդել Վաշինգտոնի դերակատարութիւնն աշխարհում: Կենտրոնը յատուկ հետազօտութիւններ է անցկացնում ներքին եւ արտաքին քաղաքականութեան ոլորտներում եւ առաջարկութիւններ անում ԱՄՆ-ի կառավարութեանը:

Աղբիւրի համաձայն ամերիկեան հետազօտութիւնների կենտրոնի հրապարակած ուսումնասիրութեան ներածութիւնում նշւած է, որ Ուկրաինայի պատերազմը փոխել է Եւրասիայի աշխարհաքաղաքական հեռանկարները, իսկ տարածաշրջանը գտնւում է վճռորոշ եւ բեկումնային կէտում: Այնպէս, որ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Եւրասիան, յատկապէս Կենտրոնական Ասիայի երկրները, մինչ օրս նման վերափոխում չեն ապրել։

Յօդւածում նաեւ ասւած է. «Քանի որ Ուկրաինայի պատերազմը թեւակոխում է իր երրորդ տարին, ամերիկացի քաղաքական գործիչները պէտք է ընդլայնեն իրենց դիւանագիտական ջանքերը աւելին քան կայ։ Ուկրաինայում Ռուսաստանի զբաղւածութիւնն ու Եւրասիայում Մոսկւայի ազդեցութեան նւազումը հնարաւորութիւն են տալիս առաջ տանել Վաշինգտոնի շահերը։ Դա անելու համար Վաշինգտոնին պէտք է դիւանագիտական գրոհի դիմել տարածաշրջանում՝ առաւելագոյնի հասցնելով ԱՄՆ-ի ազդեցութիւնը, կառուցելով երկկողմ ու բազմակողմ յարաբերութիւններ եւ վերակենդանացնել կամ բարելաւել գոյութիւն ունեցող կապերը»:

Hudson վերլուծական կենտրոնը ռազմավարութեան երրորդ ուղղութիւնը դիտարկել է ԱՄՆ-ի նախաձեռնած C5+1 պլատֆորմի մշակման մէջ: Կենտրոնն առաջարկել է C5+1 հարթակը վերածել C5+2-ի՝ պաշտօնապէս աւելացնելով Ադրբեջանի Հանրապետութիւնը։

Յօդւածում մեկնաբանը յաւելել է. «Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի ներգրաւման հիմնական ձեւաչափը եղել է C5+1-ը։ Օբամայի վարչակազմն առաջ մղեց C5+1 նախաձեռնութիւնը 2015 թւականին՝ որպէս բազմակողմ կապերի հարթակ Կենտրոնական Ասիայի հինգ երկրների մասնակցութեամբ, իսկ Թրամփի եւ Բայդէնի վարչակազմերը շարունակեցին այն: Նախաձեռնութիւնը յայտնւեց ԶԼՄ-ների ուշադրութեան կենտրոնում 2023 թւականին, երբ Ջօ Բայդէնը հանդիպեց Կենտրոնական Ասիայի առաջնորդներին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի շրջանակներում՝ դառնալով առաջին նախագահը, որը միաժամանակ հանդիպել է բոլոր հինգ Հանրապետութիւնների ղեկավարների հետ: Բայց սա այն դէպքում, երբ ԱՄՆ-ի փոխգործակցութիւնն այս տարածաշրջանի հետ նւազագոյն չափեր ու աստիճան է ունեցել:

Յօդւածագիրը տւել է նաեւ կարեւոր հարցը. «Ի՞նչ ռազմավարութիւն պէտք է որդեգրի ԱՄՆ-ն այս փուլում։ ԱՄՆ-Կենտրոնական Ասիայի յարաբերութիւններն այնքան անտեսանելի չափերի են, որ նախնական առաջընթացը լինելու է շատ հեշտ: Օրինակ, Վաշինգտոնը կարող է անցնել հետեւեալ միջոցառումների.

  • Միացեալ Նահանգները պէտք է կազմակերպի բարձր մակարդակի այցելութիւններ տարածաշրջան:
  • C5+1-ի շրջանակներում իւրաքանչիւր հանդիպում պէտք է C5+2 ձեւաչափով ներառի Ադրբեջանին եւս: Ադրբեջանը Տրանսատլանտեան թեւի համար դէպի Կենտրոնական Ասիա տանող դարպասն է եւ այս տարածաշրջանի հետ ունի բազմաթիւ տնտեսական, մշակութային եւ տարանցիկ կապեր:
  • Միացեալ Նահանգներին հրատապ անհրաժեշտ է Կենտրոնական Ասիայում նոր ռազմավարութիւն, որը կարտացոլի տարածաշրջանի նոր իրողութիւնը Ուկրաինա-Ռուսաստան պատերազմից եւ Աֆղանստանը թալիբների կողմից գրաւելուց յետոյ (զարգացնելով փափուկ ազդեցութիւն եւ ուժեղացնել հետախուզական գործօնը):
  • Տարածաշրջանը պէտք է դիտարկել նոր ռազմավարութեան տեսանկիւնից ու տեսլականով (օրինակ՝ նոր ռազմավարութեան մէջ նւազեցւած է լինելու Աֆղանստանի դերակատարութիւնը):
  • Միացեալ Նահանգները պէտք է վարի Վաշինգտոնի եւ Կենտրոնական Ասիայի երկրների միջեւ վստահութիւն ստեղծելու քաղաքականութիւն՝ կայուն յարաբերութիւնների հիմքերը կառուցելու համար: Վաշինգտոնը չպէտք է շարունակի սեպտեմբերի 11-ին յաջորդած՝ Կենտրոնական Ասիայում միակողմանի շահոյթ փնտրելու իր ծպտեալ մօտեցումները:

Առնչւող Յօդւածներ

Back to top button