ՄիջազգայինՔաղաքական

ԻՐԱՔԻ ԳԱՂՈՒԹԱՑՈՒՄԸ՝ ԱՆԿԱՐԱՅԻ ՆՈՐ ՆՊԱՏԱԿԸ Ֆիդանի իրաքեան այցի ո՞ր հանդիպումն է թաքցւել

«ԱԼԻՔ»- Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Իրաք կատարած այցի ընթացքում մեծ ջանքեր է գործադրել Իրանով անցնող հիւսիս-հարաւ միջանցքին դիմակայելու համար Իրաքի Ֆաւից դէպի Թուրքիա միջանցք բացելու համար: Չնայած ինչպէս տեղեկացրել էինք նախօրօք, նա այցի ընթացքում կոպտօրէն խախտել է Իրաքի ազգային ինքնիշխանութիւնը հանդիպելով թուրքմենական անջատողականների ղեկավարութեան հետ։

Սակայն, ինչպէս տեղեկացնում են իրաքեան աղբիւրներն, այցերից մէկը չի անցել թուրքական յատուկ ծառայութիւնների նախկին ղեկավարի ցանկութիւններին համընթաց, եւ ենթարկւել է գրաքննութեան՝ թուրքական կողմի հրապարակումներում: Սակայն իրաքեան աղբիւրներում «Ասայիբ Ահլ ալ-Հաղ» շարժման ղեկավար Ղէյս-օլ-Խազալի հետ այդ հանդիպման մասին տեղեկութիւնները շարունակում են մնալ ուշադրութեան կենտրոնում:

Ղէյս-օլ-Խազալին Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ պահանջել է թուրքական ստորաբաժանումների դուրս բերում՝ Իրաքի միջազգայնօրէն ճանաչւած սահմաններից եւ զգուշացրել՝ այդ երկրում նրանց անօրինական ներկայութեան հետ կապւած վտանգների մասին:

«Ասայիբ Ահլ ալ-Հաղ» շարժման ղեկավարը Իրաքի հիւսիսային շրջաններում Թուրքիայի ռազմական գործողութիւններին դէմ արտայայտւելուց բացի, անդրադարձել է նաեւ Թուրքիայի կողմից վարած հիդրոքաղաքականութեան վտանգներին, որից առաջինն են տուժել Տիգրիս եւ Եփրատ գետաւազաններով սնւող շրջանները, այդ թւում՝ Իրաքը, եւ յիշեցրել, որ Իրաքի անապատացումից ու տարածւող երաշտից չի տուժելու միայն Իրաքը:

Աղբիւրի համաձայն՝ պարզ չէ, սակայն, թէ ինչպէս է արձագանգել Ֆիդանն այս յայտարարութիւններին, քանի որ «Ասայիբ» շարժման կայքում միայն նշւած է, որ նախկին հետախոյզ սպան շնորհակալութիւն է յայտնել Ղէյս-օլ-Խազալին հանդիպման համար:

Թուրքիան իր հետախուզական եւ յատուկ ծառայութիւնների գործողութիւնների համար բազմիցս է զգուշացւել հարեւան երկրների կողմից: Նպատակը պարզ է եւ մասամբ շօշափելի՝ որոշ երկրների համար. տրածաշրջանային մրցակիցների մեկուսացում, եւ հարեւան երկրների գաղութացում:

Թուրքիան աշխարհաքաղաքական ներկայ իրավիճակում նոր թափ հաղորդելով իր ծրագրերին, փորձում է ահաբեկչական նոր խմբաւորումներ ձեւաւորելով հաւասարում թելադրել արմատական խմբերին՝ նրանց պարտադրելով համագործակցութեան հեռանկարների իր թէզը:

Այս դէպքում, վերջին տասը տարիների ընթացքում մենք ականատեսն էինք Իսլամական աշխարհի ազդեցիկ շարժումներից մէկի՝ «Էխւան-ալ-մոսլեմին»-ի քաղաքական քաշի, յատկապէս Եգիպտոսում: Այս ընթացքում խմբաւորման գործողութիւնների արդիւնքում միաւորներ կորզեց յատկապէս՝ Լոնդոնը: Եւ դժւար չէ եզրակացնել, որ էխւանիզմը, որը Եգիպտոսում իրականացւող գործողութիւնների եւ սահմանափակումների հետեւանքով գնալով կորցրել էր իր հեղինակութիւնը, այժմ իր քաղաքականութիւնն ու գործողութիւնները համաձայնեցնում է Լոնդոնի հետ:

Տարածաշրջանում այդօրինակ նախագծերի գլխաւոր յանցակիցը, թերեւս, Թուրքիայի նախագահն է, ով սկզբնական շրջանում բացայայտ կերպով աջակցում էր էխւանականներին, իսկ այժմ իր քաղաքական շահերի համար էխւանականների կողքին յայտնւելով մնում է անգլիացիների ողորմածութեանը կարօտ:

Աւելորդ կը լինէր նշելը, որ սիոնիստների հետ համատեղ առաջ մղւած Թուրքիայի ծրագրերը այժմ կենտրոնացւած են համընթաց միջանցքների բացմանը, կամ եղածը փակելով:

Արժէ նշել, որ միջանցքներով միայն տնտեսութիւնը չէ, որ շնչում է: Միջանցքները միմեանց են կապում տարածաշրջանի երկրներին, նրանց մղելով համատեղ անվտանգային գօտիների ստեղծմանն ու ռազմավարական դաշինքների գոյացմանը:

Այն կարող է նոր հարեւանութիւնների եւ յարաբերութիւնների բարելաւման առիթներ ստեղծել, ինչպիսին ենթադրւում է Իրանից՝ Իրաք, եւ այնտեղից Սիրիա երկարող միջանցքը, որին սկսել են ուշադրութիւն դարձնել նաեւ արաբական որոշ երկրներ, այդ թւում, նաեւ Եգիպտոսը: Ենթադրութիւններից վեր է, որ վերջին շրջանում Թեհրանի եւ Կահիրէի միջեւ շրջանառւող մեսիջները խօսում են այն դրական ազդակների մասին, որոնք կարող են նպաստել որոշակի հեռանկարների գոյացմանն, այդ թւում՝ զբօսաշրջային կապերի:

Իսկ Թուրքիայի ԱԳ նախարարի Իրաք կատարած այցին հարկաւոր է մատների արանքով չնայել: Այցը կատարւել է Իրանից դէպի Սիրիա ձգւող «Արեւելք-արեւմուտք» միջանցքին դէմ հեռանկարներով, միաժամանակ առաջ քաշելով «Ֆաւ-Տրապիզոն» միջանցքով Իրաքին առաջարկւած բոնուսային իրավիճակը, ինչով Անկարան փորձում է շրջանցելով Թեհրանը, Իրանին դուրս մղել տարածաշրջանային տնտեսական եւ անվտանգային բոլոր ծրագրերից:

ՀԱՏԻՍ

Առնչւող Յօդւածներ

Back to top button