ԻրանՀայաստան - ԱրցախՀարցազրոյց

Հայաստան-Իրան սահմանը՝ շնչափող երկու երկրների համար

Հարցազրոյց Իրանի խորհրդարանի նորընտիր հայազգի պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանի հետ

Ուրբաթ՝ մարտի 1-ին Իրանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւնների արդիւքում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան ընտրամասում յաղթեց Գեղարդ Մանսուրեանը՝ ձեռք բերելով քւէների 78 տոկոսը։ Գեղարդ Մանսուրեանը քաղաքագէտ է, միջազգային յարաբերութիւնների փորձագէտ։ Հեղինակն է «Հայաստանը եւ յարակից անվտանգութեան խնդիրները» գրքի։ Բազմաթիւ քաղաքական վերլուծական յօդւածներ է հրապարակել՝ Կովկասի, Հայաստանի ու Արցախի մասին։ Առաջիկայ շաբաթներին պաշտպանելու է դոկտորական ատենախօսութիւնը՝ «Սիւնիքի ապահովութեան դերակատարութիւնը տարածաշրջանի անվտանգութեան հարցում» թեմայով։ Yerkir.amը զրուցել է նորընտիր պատգամաւորի հետ։ 

Շնորհաւորում եմ Ձեզ՝ մաղթելով յաջողութիւններ Ձեր պատասխանատու գործում։ Տարիներ շարունակ ակտիւ գործունէութիւն էք ծաւալել համայնքային կեանքում։ Անդամակցել էք թեմի Պատգամաւորական ժողովի 15, 16 եւ 17-րդ նստաշրջաններին։ Առաջիկայ 4 տարիների համար պատգամաւորի պարտականութիւններ էք ստանձնելու Իրանի Իսլամական խորհրդարանում։ Ի՞նչ նպատակներ էք հետապնդում։ Որո՞նք են այն առանցքային հարցերը, որոնց ուղղութեամբ ուզում էք աշխատել ու բարձրաձայնել խորհրդարանում։

– Առաջին հերթին շնորհակալութիւն պէտք է յայտնեմ իրանահայութեանը, մասնաւորապէս՝ Սպահանի հայ համայնքին ու հարաւային իրանահայութեանը, որ բարձր գիտակցութեամբ՝ 80 տոկոսով մասնակցութիւն ցուցաբերեցին ու փաստեցին, որ կարեւորում են պատգամաւորի դերը թէ՛ իրենց կեանքում, եւ թէ՛ Իրանի պետական-քաղաքական կեանքում։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց քւէն ինձ վստահելով՝ յանձնեցին ինձ մեծ պատասխանատւութիւն՝ պաշտպանելու հայութեան համայնքային շահերը, ինչպէս նաեւ աշխատելու Հայաստան-Իրան յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ։ Առաջիկայ 4 տարիներին, ծրագրիս համաձայն՝ ուշադրութեան կենտրոնում եմ պահելու Սպահանից բացի, Իրանի հարաւային բոլոր այն քաղաքները, որոնցում հայ համայնքներ կան՝ Շիրազը, Ահւազը, Աբադանը, Շահինշահրը, ինչպէս նաեւ Փերիա գաւառը։

Պէտք է փորձենք բարելաւել ժողովրդի ֆինանսական վիճակը, թեթեւացնել ժողովրդի կենցաղային հոգսերը։ Պարզ է՝ երկրի անբարենպաստ տնտեսական իրավիճակն ազդել է նաեւ հայութեան վրայ։ Մի շարք խնդիրներ կան, այդ թւում՝ ուսանողութեան եւ զինւորական ծառայութեան հետ կապւած, որոնց պէտք է ուշադրութիւն դարձնել։ Անհրաժեշտ է սերտ կապ ստեղծել մեր հայրենակից պարսիկ պատգամաւորների, ի մասնաւորի Սպահան նահանգի պատգամաւորների հետ, որը կը նպաստի մեր աշխատանքների դիւրին ընթաքին։

Նպատակս՝ ժողովրդին, իրանահայ համայնքին ծառայելն է, դժւարութիւնները փարատելը։ Իրանի Իսլամական խորհրդարանում հայ պատգամաւորի ներկայութիւնը վկայում է հայութեան կարեւորութիւնը Իրանի պետական ասպարէզում։

Մեզ միասնութիւն է պէտք։ Աշխատանքներս ուղղւած են լինելու միասնութիւնը համայնքում լիակատար դարձնելուն, քանի որ դա է մեր թոյլ կէտը, որով մեզ թուլացնում են, հարւածում եւ հայութեան դէմ գործող թեւերը հէնց դրանով են յաջողութեան հասնում, դա՝ միասնական չլինելն է։ «Հաւատա՛նք մեր միասնութեանը». սա էր իմ կարգախօսը, որին հետեւելու եմ։ Այլեւս էական չէ քւէների քանակը կամ այն, թէ ով է ինձ քւէարկել, ով ոչ։ Ես լինելու եմ ամբողջ հայութեան ներկայացուցիչը։ 

Արցախեան 44-օրեայ պատերազմից յետոյ Հայ Դատի յանձնախմբի եւ Սպահան նահանգի Իսլ Ազատ համալսարանում երկրի հոգեւոր առաջնորդի ներկայացուցչութեան գրասենեակի համատեղ նախաձեռնութեամբ կեանքի էր կոչւել ԻրանՀայաստան յարաբերութիւնների ուսումնասիրութեան աշխատանքային խումբը։ Անդամակցել էք խմբին, ուսումնասիրել տարածաշրջանի անվտանգութիւնը խաթարող երեւոյթները, ինչպէս նաեւ ՀայաստանԻրան յարաբերութիւնների վրայ ազդող խնդիրները։ Այդ խնդիրները կը թւարկէ՞ք։ Ի՞նչն է խանգարում կողմերին խորացնելու յարաբերութիւնները։ 

– Պատերազմի դաժան ու դառը հետեւանքներից յետոյ, անհրաժեշտ էր քարոզչութիւն տանել Հայաստանի, մասնաւորապէս Սիւնիքի եւ նաեւ Արցախի կարեւորութեան, գէոպոլետիկ նշանակութեան մասին հասարակութեան, գիտական ու քաղաքական պատասխանատուների շրջանակներում։ Երկրի առաջնորդի ներկայացուցիչների հետ համագործակցութեամբ համալսարաններում կազմակերպեցինք մի քանի վեբինարներ, որոնց մասնակցեցին հեղինակաւոր գիտնականներ։

Թշնամիների թիրախում երկու երկրներն են՝ Հայաստանն ու Իրանը։ Իսրայէլի դերակատարութիւնը պատերազմում բոլորին է յայտնի, իսկ պատերազմից յետոյ յենակէտեր կառուցեց Արցախի օկուպացւած տարածքներում ու նաեւ Ադրբեջանում։ Դա լուրջ վտանգ է նաեւ Իրանի համար։ Այդ բոլորը ներկայացնելու համար սկսեցինք աշխատանքներ ձեռնարկել։ Ձեռքբերումները շատ արդիւնաւէտ էին։ Ընդգծեցինք ու փաստեցինք Հայաստանի ու Սիւնիքի կարեւորութիւնը, որպէս Իրանի համար անվտանգային նշանակութեան խնդիր։ Ցանկացած հարւած Հայաստանի տարածքային ամբողջականութեանը կը նշանակի հարւած Իրանի անվտանգութեանը:

Ի պատասխան Կապանում հիւպատոսութիւն բացելու Իրանի քայլը՝ հայկական կողմը նախապատրաստական աշխատանքներ է տանում Թաւրիզում հիւպատոսութիւն բացելու։ Ո՞նց կը գնահատէք այդ որոշումը։ Ի՞նչ կը փոխի այն։

– Կապանում հիւպատոսութեան բացումը յստակ ուղերձ էր թշնամիներին առ այն, որ Սիւնիքը Իրանի արտաքին քաղաքականութեան առանցքային ուղղութիւններից է։ Գնահատելի է Իրանի քաղաքական ղեկավարութեան, յատկապէս արտաքին գործերի նախարարութեան աշխատանքը, որ կարողացան շատ արագ իրականացնել Կապանում հիւպատոսարանի բացումը։

Շուտով տեղի կունենայ ՀՀ հիւպատոսարանի բացումը Թաւրիզում։ Յատկանշական է, որ պանթուրքական հոսանքները լայնածաւալ բողոքի ալիք բարձրացրին ու դժգոհութիւն յայտնեցին։ Պէտք է հաշւի առնել, որ Թաւրիզը Իրանի տնտեսական խոշոր քաղաքներից է եւ հիւպատոսարանը կարող է աւելի սահուն դարձնել տնտեսական կապը կողմերի միջեւ։ Իսկ անվտանգային առումով, անկասկած, չափազանց կարեւոր է։  

Հայաստանում այլեւս բոլորը՝ իշխանական ամենաբարձրաստիճան պաշտօնեաներից մինչեւ ընդդիմադիր գործիչներ, փորձագիտական շրջանակներ, խօսում ու զգուշացնում են այն մասին, որ Ալիեւը նոր յարձակման է պատրաստւում։ Իրանում ինչպէ՞ս են գնահատում տարածաշրջանային լարւածութիւնը։ Այդ հնարաւոր սցենարի դէպքում ի՞նչ սպասել Իրանից։

– Իրան-Հայաստանը սահմանը շատ կարեւոր է երկու երկրների համար էլ։ Այն շնչափող է համարւում, որը թոյլ է տալիս Հայաստանին շնչել թուրքական աշխարհից հեռու, իսկ Իրանի համար ստրատեգիական կէտ է։ Իրանը բազմաթիւ հարեւաններով է շրջապատւած, ցամաքային ու ծովային բազում ճանապարհներ ունի, բայց գերագոյն առաջնորդ Ալի Խամենէիի խօսքով՝ Հայաստանի հետ սահմանը պատմական սահման է, որն Իրանի համար տնտեսական, գէոպոլետիկ ու ստրատեգիական մեծ նշանակութիւն ունի։ Իրանը բծախնդիր է, անում է հնարաւորը, որպէսզի ապահով լինի այս ճանապարհը՝ Հայաստանի տարածքային ամբողջականութեան ու հզօրութեան ներքոյ։ Պէտք է տեսնել ինչպիսի զարգացումներ կը լինեն առջեւում։ Իրանի զինավարժութիւնները Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների եւ Նախիջեւանի մօտ փաստում է Հայաստան-Իրան սահմանի կարեւորութիւնն Իրանի համար։ Այս ուղղութեամբ Հայաստանի իշխանութիւնները եւս քայլեր ձեռնարկեն, իրենք էլ աւելի ակնյայտ մտահոգութիւն դրսեւորեն, որպէսզի Իրանը հնարաւորութիւն ունենայ աւելի հզօր քայլերի գնալ։ Հայաստանն իր տարածքային ամբողջականութիւնը պաշտպանելու համար պէտք է կարողանայ անմիջապէս Իրանի հետ անվտանգային պայմանագիր կնքել, որը թոյլ կը տայ Իրանին օժանդակել Հայաստանին ու յարձակման պահին պաշտպանել Հայաստանին։ Այս մասին նաեւ լուրեր են շրջանառւում, յստակ բան չկայ, բայց կարող է շատ կարեւոր լինել Հայաստանի համար։ Իրանն ինչ գնով էլ լինի պէտք է եւ կը պաշտպանի այդ սահմանը, որովհետեւ դա հէնց Իրանի անվտանգութեան խնդիրն է։

ՄԵՂՐԻ ՂՈՒԿԱՍԵԱՆ

Առնչւող Յօդւածներ

Back to top button