Մարզական

Մալխաս Ամոյեանը յաղթեց թուրք ըմբիշին եւ հռչակւեց Եւրոպայի եռակի չեմպիոն

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացւող յունահռոմէական ոճի ըմբշամարտի Եւրոպայի առաջնութիւնում Հայաստանի հաւաքականի առաջատարներից Մալխաս Ամոյեանը երրորդ անգամ նւաճեց Եւրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Աշխարհի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նաճած Մալխաս Ամոյեանը 77 կգ. քաշային կարգի եզրափակիչում գօտեմարտեց Եւրոպայի կրկնակի փոխչեմպիոն թուրք Իւսուն Էմրէ Բաշարի հետ:

Առաջին մրցափուլում գորգի մրցավարը պասիւութիւն տւեց թուրք ըմբիշին: Մալխաս Ամոյեանին յաջողւեց պարտերից պոկել մրցակցին գորգից, բայց չգլորեց: Հայաստանի հաւաքականի մարզիչները բողոքարկեցին: Մրցավարները բաւարարեցին եւ հաշիւը դարձրին 2:0: Երկրորդ մրցափուլում Ամոյեանը հաշիւը դարձրեց 6:0: Բաշարը բողոքարկեց, բայց մրցավարները չբաւարարեցին: Հաշիւը դարձաւ 7:0: Գօտեմարտի աւարտից 30 վայրկեան առաջ թուրք ըմբիշն արդէն յանձնւել էր եւ այլեւս չէր պայքարում:

Ամոյեանն ու Բաշարը նախորդ անգամ հանդիպել էին 2023 թւականի Եւրոպայի առաջնութեան կիսաեզրափակիչում, որտեղ Եւրոպայի եռակի չեմպիոնը 6:1 հաշւով յաղթել էր թուրք ըմբիշին:

Մալխաս Ամոյեանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10:1 հաշւով տպաւորիչ յաղթանակ էր տարել Իտալիայի ներկայացուցիչ Ռիկարդօ Վիտօ Աբրեսցիայի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 3:2 հաշւով պարտութեան էր մատնել ռուսաստանցի Ադլետ Տիւլուբաեւին: Կիսաեզրափակիչի 2:1 հաշւով առաւելութեան էր հասել մոլդովացի Ալեքսանդրին Գուտուի նկատմամբ:

24-ամեայ Ամոյեանը Եւրոպայի չեմպիոն է դարձել նաեւ 2022 եւ 2023 թւականներին:

2023 թւականի սեպտեմբերի 22-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացւած աշխարհի առաջնութիւնում Ամոյեանը երկրորդ անգամ դարձաւ բրոնզէ մեդալակիր եւ նւաճեց իր մարզական կարիերայի առաջին Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Մալխաս Ամոյեանը 24 տարեկան է: Ծնւել է 1999 թւականի յունւարի 22-ին Երեւանում: 72 կգ. քաշային կարգում աշխարհի չեմպիոն է, 77 կգ. քաշային կարգում աշխարհի կրկնակի բրոնզէ մեդալակիր, աշխարհի անհատական գաւաթի խաղարկութեան արծաթէ մեդալակիր է, աշխարհի Մ23 չեմպիոն է: Ամոյեանը Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզէ մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի առաջնութեան կրկնակի բրոնզէ մեդալակիր, Եւրոպայի կրկնակի չեմպիոն, քառակի փոխչեմպիոն, յունահռոմէական ոճի ըմբիշ Ռոման Ամոյեանի եղբօրորդին է:

Sport.news.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button