ՀՅԴ Մամուլ

«Դրօշակ»-ի առաջնորդող. Մէջքը շտկող արժանապատիւ հայը

Սոյն թւականի յունիսի 22-ին Հանքաւանում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան հաւաքի ժամանակ Նիկոլ Փաշինեանն ասում է.

«Մեր հազարամեայ պատմութեան մէջ առաջին անգամ է, երբ մեր ժողովրդի գաղափարախօսութիւնը կարող է դառնալ պետական գաղափարախօսութիւն, մենք այսպիսի պատմական պահ երբեք չենք ունեցել։ Սովորաբար մեկուսացած էլիտաներն իրենց ստեղծած կամ ուրիշների կողմից ստեղծւած իրենց որդեգրած գաղափարախօսութիւնները փորձել են ներդնել ժողովրդի շրջանում, յաճախ պարտադրել են պետական, վարչական լծակներով, նոյնիսկ՝ բռնի ուժով»: Այնուհետեւ նա շարունակում է. «Ժողովրդի ուղերձն իր էլիտարներին եւ կառավարող մեծամասնութեանը հետեւեալն է՝ կարո՞ղ էք ստեղծել պայմաններ, որ ուղղակի ապրենք, պարզապէս լաւ ապրենք։ Այսինքն, ոչ թէ ինչ-որ խաչ լինի մեր վզին դրած, որը մենք պէտք է Գողգոթայի ճանապարհով քարշ տանք դէպի վերեւ կամ ներքեւ, կարո՞ղ էք ստեղծել միջավայր, որ պարզապէս ապրենք, էրեխեք ունենանք, էրեխեքը երջանիկ լինեն, բարեկեցիկ լինեն ու մանաւանդ որ դրա համար անհրաժեշտ առաջնային գործիքն ունենք՝ պետութիւնը»։

Ըստ Հայաստանի այսօրւայ ղեկավարի՝ հայոց հազարակամեակների պատմութեան ընթացքում սեփական քաղաքական էլիտաների եւ արտաքին ուժերի պարտադրանքով հայ ժողովուրդն անիմաստ պայքարել ու տառապել է եւ առաջին անգամ այսօրւայ «հայ էլիտայի» քաղաքական առաջնորդութեամբ սխալը կարող է շտկւել: Առաջնորդող ուժի քաղաքական առաքելութիւնն է իր «Իրական Հայաստանի» գաղափարախօսութիւնը դարձնել պետական գաղափարախօսութիւն՝ դրանով իրականացնելով ժողովրդի ցանկութիւնը. ̀ չպայքարել, չմաքառել, պարզապէս ապրել, ապրել լաւ, բարեկեցիկ եւ երեխեքը լինեն երջանիկ:

Մեր պատմութեան մէջ նոյնը տեղի է ունեցել 100 տարի առաջ, երբ բոլշեւիկա-ադրբեջանական սրերի վրայ Հայաստանում իշխանութեան բերւած յեղկոմը սխալ համարեց եւ մերժեց հայ ժողովրդի ապրած ողջ պատմութիւնը, ցեղասպանւած ժողովուրդը եւ նրան առաջնորդող ուժերը մեղադրւեցին պայքարելու եւ տառապելու համար եւ բարեկամ հռչակւած երէկւայ ցեղասպաններին, հայրենիքի մեծ տարածքներ զիջելու դիմաց ժողովրդին խոստացան խաղաղ կեանք ու եղբայրութիւն:

Միւս կողմից ներկայացւում է, թէ արտաքին ուժերի ցանկութիւնն էր, որ հայ ժողովուրդը տառապի, իսկ իրենք գան եւ փրկեն հայութեանը: Հարիւր տարի առաջ բոլշեւիկների հայ դրածոների ներկայացմամբ կեղծ փրկիչներն էին միջազգային իմպերիալիստները, իսկ ներկայիս արեւմտեան դրածոների բնութագրմամբ այդ դերում Ռուսաստանն է:

Շատ նման չե՞ն իրար այս մտածողութիւնն ու հարիւրամեակի հեռաւորութեամբ կրկնւած քաղաքական գործընթացները:

Ժողովրդի ինքնապաշտպանութեան գիտակցութիւնն ու կամքը կոտրելու, հայրենի տարածքները յանձնելու, թշնամու ցանկացած այլ պահանջները կատարելու դիմաց այսօրւայ իշխանութիւնը վաղը հոտի վերածւող զանգւածներին խոստանում է խաղաղ ուտելու եւ բազմանալու հնարաւորութիւնը: Այսօրւայ խառնակ աշխարհում բոլորը պայքարի մէջ են իրենց ունեցածը պահպանելու, ուրիշների ունեցածը խլելու համար, իսկ Հայաստանի ղեկավարութիւնն հպարտ է ու գոհ իրենից որ երկիրը տանում է դէպի նորանոր պարտութիւնների եւ ազգային ապագայի խորտակման:

Կասկած չի կարող լինել, որ նման ապազգային մտածողութիւնն ու գործունէութիւնը պայմանաւորւած է միայն արտաքին թելադրանքով: Արտաքին ուժերի նիւթական, քարոզչա-քաղաքական աջակցութիւնը վճռորոշ եղաւ 2018 թւականին Հայաստանում իրականացւած գունաւոր յեղափոխութեան ժամանակ եւ գնալով աւելի ակնյայտ է դառնում ներկայումս: Օտարերկրեայ գործակալներն ու «խորհրդականները» այսօր վխտում են Հայաստանի իշխանական միջանցքներում, պաշտօնական զանազան հաստատութիւններում, երկրի վտանգւած սահմաններին: Հաշւարկելով, թէ իրեն անհրաժեշտ է յաղթահարել ռուսական ազդեցութիւնը, Հայաստանի իշխանութիւնը վերջինիս հակադրելու համար երկրի դռները լայնօրէն բացեց Արեւմուտքի եւ թուրք-ադրբեջանական տանդեմի առջեւ: Չկարողանալով յաղթահարել Ռուսաստանի առարկայական ազդեցութիւնը տնտեսական, էներգետիկ եւ այլ գործօնների պատճառով, միւս կողմից խորացնելով կախւածութիւնը հակառակ բեւեռից՝ Հայաստանի ղեկավարն ու նրա բախտախնդիր թիմը ոչ միայն դարձան այս երկուսի միջեւ մանեւրող խամաճիկներ, այլեւ երկիրը վերածեցին անկայունութեան օջախի, որտեղ գնալով սրւելու է զանազան ուժերի մրցակցութիւնը:

Անհաւասարակշիռ, քաղաքականապէս կախեալ ու ազգային-պետական գործչին յատուկ պատասխանատւութեան զգացումից զուրկ ղեկավարը գիտակցաբար եւ անգիտակցաբար Հայաստանը վերածեց աշխարհակարգերի բախման գօտու: Ի դէպ, նոյն թուրք-ադրբեջանական տանդեմը, հեռացնելով Հայաստանին դէպի հակառուսականութեան դաշտ, ինքը հաւասարակշռում է իր քաղաքականութիւնը երկու հակադիր բեւեռների միջեւ եւ հրաշալի օգտագործում է Ռուսաստանի հետ յարաբերութիւններն ընդդէմ Հայաստանի:

Ռուսաստանի դէմ տարածքային եւ գաղափարախօսական հակամարտութեան մէջ Արեւմուտքը նահանջելով Ուկրաինայում, ձախողւելով Ղազախստանում, այսօր բարենպաստ է համարում ռեւանշի հասնելը Անդրկովկասում: Վրաստանի ինքնիշխանութեան մակարդակի բարձրացումը, ստիպել է, որ Անդրկովկասի համար պայքարը տեղափոխւի Հայաստանի տարածք: Արցախն ու յարակից տարածքները յանձնած, նորանոր զիջումների պատրաստ Հայաստանի կախեալ իշխանութիւնը թուրք-Արեւմտեան ճամբարի համար գտնւած հնարաւորութիւն է Հայաստանի կործանման հաշւին հասնելու Ռուսաստանը շրջանցող եւ Արեւմուտքն Արեւելքին կապող Զանգեզուրեան միջանցքի ձեռքբերման, տարածաշրջանում հակառուսական եւ հակաիրանեան կայուն ֆորպոստի ձեւաւորման համար: Բռնիշխանական վայրագ գործունէութեան վրայ աչք փակելու եւ իշխանութեան պահպանումը երաշխաւորելու դիմաց Հայաստանի ղեկավարներից պահանջւում է գործնական քայլերով եւ առանց ձգձգելու իրականացնել ռազմավարական տարածքների զիջման գործընթացը, ռուսական եւ ՀԱՊԿ ռազմուժի դուրս բերումը երկրից ինչպէս եւ յստակ քայլերով փաստելը, որ մնում է Արեւմտեան ճամբարին հաւատարիմ հակառուսական ուժ:

Նոյն պահանջին հետեւելով Հայաստանի իշխանութիւնը փաստացի հրաժարւել կամ ձեւական բնոյթ է հաղորդել աւանդական դաշնակիցների եւ պոտենցիալ դաշնակիցների հետ յարաբերութիւններին: Փոխարէնը թշնամի հարեւանների ագրեսիւ հաւակնութիւններին պատասխանում է լռութեամբ, քծնանքով եւ կամակատարութեամբ: Էրդողանի հեռախօսազանգը բաւական եղաւ, որպէսզի Հայաստանի իշխանութիւնը ճանաչէր Պաղեստինի անկախութիւնը, երբ վերջինս երբեք չի խօսել այն մասին, որ Իսրայէլն Ադրբեջանի օգտին մեծ դեր խաղաց 2020 թւականի պատերազմի ժամանակ եւ այսօր էլ շարունակում է Հայաստանի դէմ զինել թշնամի հարեւանին: Հայաստանի շահը չհաշւարկելով՝ արտաքին ուժերի թելադրանքով, հայ դրածոները յայտարարութեամբ պաշտպանեցին Ուկրաինայի ամբողջականութիւնը, այն դէպքում, երբ այդ երկիրն անկախացման շրջանից սկսած Արցախի հարցում ունեցել է յստակ հակահայ դիրքորոշում, միջազգային հարթակներում մշտապէս պաշտպանել է Ադրբեջանին, մատակարարել է վերջինիս զէնք, 90-ականների սկզբից ուկրաինացի դիպուկահարները կռւել են Արցախի դէմ: Կարիք չկար, որ Հայաստանի իշխանութիւնը երբեւէ հակաուկրաինական քայլեր անէր, բայց եթէ նա անկախ լիներ, կը կարողանար շարունակել պատերազմող կողմերի նկատմամբ չէզոքութիւնը: Արեւմուտքի շահերի կոյր կամակատարը լինելու եւ իր հակառուսականութիւնը փաստելու յաջորդ քայլը Վրաստանի տարածքային ամբողջականութիւնը ճանաչելն էր, այն դէպքում, երբ 2020 թւականին Ադրբեջան զէնք տեղափոխող թուրքական ինքնաթիռներն ազատօրէն թռչում էին Վրաստանի վրայով, իսկ Հայաստան զէնք ներկրելու համար Վրաստանի ճանապարհները փակ էին: Ոչ խամաճիկ իշխանութիւնը այս հարցում եւս կը շարունակէր պաշտպանել նախկին չէզոքութիւնը: Վտանգաւոր արտաքին քաղաքականութեան կողքին Հայաստանի իշխանութիւնը գործնական ու կոնկրետ քայլեր է անում հէնց Հայաստանի եւ հայ ժողովրդի դէմ:

Ի՞նչ կանէր ազգութեամբ թուրք կամ ադրբեջանցի մի ղեկավար Հայաստանում, եթէ իր ազգակիցների հետ իշխէր Նիկոլ Փաշինեանի փոխարէն. ա) Արցախը, ազատագրւած տարածքների հետ կը յանձնէր Ադրբեջանին, բ) Ադրբեջանին կը յանձնէր ռազմավարական դիրքեր եւ տարածքներ Հայաստանից, գ) կարգելեր Արցախի վտարանդի իշխանութեան, քաղաքական-հասարակական կազմակերպութիւնների գործունէութիւնը Հայաստանում, կը ձերբակալէր, կը հալածէր Արցախի քաղաքական-ռազմական գործիչներին, դ) կը խզէր կապերը երկրի թիկունքն ամրապնդող դաշնակիցների հետ, ե) Հայաստանից դուրս կը բերէր ռուսական ուժերին եւ կը փոխարինէր դրանք ՆԱՏՕ-ական երկրներին պատկանող զինւորականութեամբ, զ) կը ժխտէր եւ կը հրաժարւէր Հայոց Ցեղասպանութեան պահանջից, է) հակաթուրքական եւ հակաադրբեջանական բնոյթի պատմական եւ քաղաքական բոլոր փաստերը, քննադատութիւններն ու պահանջները դուրս կը բերէր Հայաստանի գիտական-կրթական, գեղարւեստական ու պետական պաշտօնական գրականութիւնից եւ փաստաթղթերից, ը) կը հրաժարւէր եւ կը խզէր կապերը Սփիւռքի հետ, թ) կը հալածէր Հայ Առաքելական Եկեղեցուն, ժ) կը հալածէր ազգային օրակարգ ունեցող ներքին ուժերին, կը պայքարէր հայկական ինքնութիւնը հաստատող, եւ զարգացնող երեւոյթների եւ հաստատութիւնների դէմ, ի) կը պառակտէր ազգային միասնականութիւնը, լ) կաղաւաղէր ու կայլասերէր ազգի բարոյական նկարագիրն ու ներքին ամրութիւնը պայմանաւորող արժէքները: Իսկ մի՞թէ նոյնը չի անում Նիկոլ Փաշինեանն իր «գունաւոր» թիմի հետ:

Փաշինեանը հասկանում է, որ իր ազգադաւ ծրագրերը ոչխարի հնազանդութեամբ ընդունելու համար պէտք է նախ մտային ու բարոյական առումով փոխի հայ ժողովրդին եւ դա համարում է իր թիմի առաքելութիւնը: Այդ իմաստով, իհարկէ, նրա համար մեծ ցնցում էր Սրբազան շարժումը, որը փաստեց, որ հրապարակում կամ հրապարակից դուրս հայ ժողովուրդը մերժում է ազգին զոմբիացնելու իր նպատակները: Փաշինեանը հասկանում է, որ կարելի է ուժային կառոյցների միջոցով եւ արտաքին ուժերի բարոյական ու այլ աջակցութեամբ ձգել իր իշխանութեան ժամանակն ինչ-որ չափով, բայց մի ողջ ժողովրդի յաւերժ պահել գետնին տապալած ու ծունկը կոկորդին դրած վիճակում անհնար է: Նա հաշւարկ է անում անորոշ ժամանակի վրայ, եւ սարսափում է այն մտքից, որ փողով ու շանտաժով իր տակ պահւող կամակատարների թիմը մի օր կը փլուզւի, իսկ ուժայինները կը հրաժարւեն անասնաբար վերաբերւել իրենց մայր ժողովրդի հետ:

2024 թ. յունիսի 22-ին Հանքաւանում ունեցած իր ելոյթում Փաշինեանը ազդարարում է. «Հերթական ընդդիմադիր շարժումը ձախողւեց»:

Նա նման յայտարարութիւն է անում, որպէսզի բարոյալքւած թիմին եւ իրեն ծառայող ենիչերիներին խրախուսի: Իհարկէ, Սրբազան շարժումը հրապարակային լայն գործունէութիւնը կը վերսկսի գալիք սեպտեմբերից: Ո՞ւր կը հասնի այս շարժումը, ի՞նչ զարգացումներ կունենայ, դժւար է ասել: Ակնյայտն այն է, որ այսօր ժողովրդի բացարձակ մեծամասնութիւնը զզւած է առկայ վիճակից, նրա մէկ մասը պատրաստ է փողոց դուրս գալու, իսկ երիտասարդ ու ամուր կորիզը մինչեւ վերջ պայքարելը համարում է իր առաքելութիւնը: Փոխւում է երկիրը, եւ փոխւում է աշխարհը: Նիկոլ Փաշինեանը տեսնում է իր գաղափարական եղբայրների ֆիասկոն Վրաստանում ու Ուկրաինայում: Իհարկէ, աթոռը պահելու համար նա վաղը կարող է դառնալ ռուսամէտ, միւս օրը՝ Եհովայի վկայ, յաջորդ օրը՝ տրանսգենդեր: Բայց նրա դէմ յառնող իրական ճակատը դրսում չէ, այլ մէջքը շտկող արժանապատիւ հայն է, որը երբեք չի ներելու այն աւերը, որ գործել է Նիկոլը, նման նրան ինչ իրենից առաջ արել էին Պետրոս Գետադարձը, Աւիսը կամ Թալէաթը:

«Դրօշակ» թիւ 7, 2024 թ.

Related Articles

Back to top button