Ինչպէս հաւատալով խաղաղութեան կեղծ խոստումներին՝ յանձնեցին Կարսն ու Ալեքսանդրապոլը
Այս մասին պատմող ֆիլմը՝ յաղթող միջազգային մի քանի փառատօներում

«Կեղծ խաղաղութեան գինը» փաստավաւերագրական ֆիլմը, որի փաստահաւաք-հեղինակը ճանաչւած հեռուստամեկնաբան Դերենիկ Մալխասեանն է, ռեժիսորը՝ Մարիամ Եգորեանը, պրոդիւսերները՝ Յարութիւն Յարութիւնեանն ու Արմէն Անդրէասեանն են, տեւական ժամանակ է՝ միջազգային կինոփառատօներում տարբեր մրցանակների է արժանանում։
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում ապրիլին տեղի ունեցած Beyond Border միջազգային կինոփառատօնում յաղթել է «Լաւագոյն կրթական ֆիլմ» անւանակարգում: Ֆիլմը նաեւ մրցանակ է ստացել «Լաւագոյն մոնտաժ» անւանակարգում:
Իսկ մայիսի 15-ին Kollywood միջազգային կիոնփառատօնում յաղթող է ճանաչւել միանգամից երկու անւանակարգերում. ճանաչւել է «Լաւագոյն փաստավաւերագրական ֆիլմ» եւ «Լաւագոյն թրէյլեր»։
Ֆիլմի ամերիկեան ցուցադրութիւնից յետոյ էլ պատւոգրեր են յանձնւել Կալիֆորնիայի նահանգային սենատի եւ Գլենդելի քաղաքապետարանի կողմից։
Իսկ օրերս փաստավաւերագրական այս ֆիլմն անցել է Բրազիլիայում անցկացւող T.I.F.A միջազգային փառատօնի մրցոյթային փուլ:
Բրազիլիայից մրցանակի սպասող փաստավաւերագրական ֆիլմի փաստահաւաք-հեղինակ Դերենիկ Մալխասեանն Aravot.am-ի հետ զրոյցում տեղեկացրեց, որ ֆիմը թարգմանւած է թէ՛ անգլերէն, եւ թէ՛ ռուսերէն լեզուներով, նպատակ կայ նաեւ ռուսական կինոփառատօների մասնակցելու։ Ըստ հեղինակի, պրոդիւսեր Յարութիւն Յարութիւնեանը փորձում է բոլոր հնարաւոր կինոփառատօներում մասնակցութիւն ունենալ։
Ֆիլմը ԱՄՆ-ի հայ համայնքի համար կազմակերպւած ցուցադրութիւնից բացի ցուցադրւել է նաեւ Կանադայում։ Շնորհանդէսը տեղի է ունեցել մայրաքաղաքում, երեք անգամ էլ ցուցադրւել է Գիւմրիում։ Մայիսի 28-ին դարձեալ ցուցադրութիւն տեղի կունենայ Գիւմրիում, սակայն սահմանափակ թւով հանդիսատեսի՝ մասնագէտների մասնակցութեամբ։
«Կեղծ խաղաղութեան գինը» ֆիլմն արդարացրեց մեր բոլոր սպասելիքները. թէ՛ բովանդակային առումով, եւ թէ՛ ռեժիսուրայի տեսանկիւնից այն ամենուր տպաւորիչ արդիւնքներ է ունենում։
Բացի այն, որ ֆիլմը մենք համարում ենք յիշողութեան դեղահաբ մեր հայրենակիցների համար, միջազգային հանրութեան առաջ փորձում ենք ներկայացնել հայոց պատմութեան փոքր դրւագը, որն այս փուլում շատ կարեւոր է՝ հաշւի առնելով, որ գործող իշխանութիւններն ամէն կերպ փորձում են մեր յիշողութիւնը խմբագրել կամ ջնջել։ Մենք ֆիլմի միջոցով հակառակն ենք անում, փորձում ենք թարմացնել յիշողութիւնը»,-ասաց Դերենիկ Մալխասեանը։
Ֆիմլը նկարահանւել է Գիւմրիում, Շիրակի մարզի սահմանային գօտում, որովհետեւ առանցքում Ալեքսանդրապոլում տեղի ունեցած իրադարձութիւններն են. ներկայացւած է Ալեքսանդրապոլի ու Կարսի գրաւումը թուրքերի կողմից, իսկ որ աւելի ճիշտ է ասել՝ յանձնումը։ Ֆիլմում ներկայացւում է 1918 թւականի ապրիլից մինչեւ մայիս ընկած ժամանակահատւածը։
«Ֆիլմում մէկ ամսում տեղի ունեցած իրադարձութիւններն են, թէ ինչպէս հայ ժողովուրդը, հիմնականում հայկական էլիտան, հաւատալով թուրքերի խոստումներին խաղաղութեան մասին, համաձայնեցին յանձնել պատմական Կարսը, յետոյ նաեւ Ալեքսանդրապոլը՝ ակնկալելով, որ խաղաղութիւն կը լինի։ Ֆիլմն այդ մասին է, թէ ինչպէս մենք մեր միամտութեան, ինչպէս նաեւ իրողութիւնը ճիշտ չգնահատելու պատճառով յայտնւեցինք շատ բարդ իրավիճակում։
Ֆիլմը դիտելուց յետոյ 99 տոկոսը զուգահեռներ է անցկացնում մեր իրականութեան հետ, թէեւ մեր իրականութիւնից մի տող անգամ չկայ այնտեղ։ Ու շատերը նշում են, որ գրեթէ ամբողջութեամբ համընկնում է մերօրեայ իրադարձութեան, խօսոյթի հետ։
Որպէս օրինակ նշեմ, երբ թուրքերը գալիս են Կարսի մօտ, հայերը լաւ զինւած էին, լաւ պաշտպանւած Կարսի բերդում. ունէին մթերք, ռազմամթերք, մի խօսքով բոլոր հնարաւոր պայմանները կային թուրքերին դիմակայելու համար, բայց թուրքերն ասում էին՝ Կարսը տւէք, նահանջէք միչեւ Ալեքսանդրապոլ, մինչեւ Ախուրեանի ափ, մենք ձեր հետ խաղաղութիւն կը կնքենք, բարիդրացիական յարաբերութիւններ կը լինեն եւ այլն, եւ այլն։
Ֆիլմում ներկայացւած է պատմութեան այն դրւագը, որ Կարսը թուրքերին յանձնելուց յետոյ նրանք գալիս, կանգնում են Ախուրեան գետի ափին՝ Առափի գիւղի վերեւի հատւածում ու պահանջում են, որ Ալեքսանդրապոլն էլ յանձնեք։ Այսինքն՝ թուրքերի խոստացած խաղաղութիւնը չի լինում, ընդհակառակը՝ թուրքերի ագրեսիան տասնապատիկ անգամ մեծանում է, բնականաբար Ալեքսանդրապոլն էլ են յանձնում այդ ժամանակ, քանի որ Կարսը Հայաստանի պաշտպանական համակարգի կարեւոր հանգոյցներից էր, եւ Կարսի անկումից յետոյ դոմինոյի էֆեկտով փլւելով՝ հասնում են մինչեւ Սարդարապատ։
Ալեքսանադրապոլի գաւառն էլ են գրաւում թուրքերը, իսկ այն շատ աւելի մեծ էր Շիրակի մարզից, հասնում էր մինչեւ Վանաձոր եւ Թալին, այդ ամբողջ հատւածը յանձնւած էր։ Թուրքերը դա վերցնում են, սկսում են բռնութիւններ, կոտորած, թալան, բռնաբարութիւններ, ամբողջ գաւառով մէկ՝ գիւղերով, Ալեքսանդրապոլ քաղաքով։
Այսինքն՝ ֆիլմում ցոյց է տրւած, թէ ինչի կարող է հանգեցնել թուրքերի կեղծ խոստումներին հաւատալը, իրավիճակը ճիշտ չգնահատելը, սեփական ուժերին չհաւատալը. բովանդակային մասը դա է»,-ներկայացրեց հեղինակը։
Նա նշեց, որ ֆիլմում չկան կարծիքներ, ժամանակակիցների մեկնաբանութիւններ, փորձել են չմիջամտել, ֆիլմում ներկայացւած են ականատեսների, իրադարձութիւնների մասնակիցների յուշերը, վկայութիւններն ու փաստաթղթերը։ Ֆիլմի արժանիքներից մէկն էլ հէնց դա է։
«Մեր համար սկզբունքային էր այդպէս ներկայացել ֆիլմը եւ ի պատիւ ռեժիսոր Մարիամ Եգորեանի՝ նա կարողացել է բոնադակութիւնն ամբողջովին էկրանաւորել եւ շատ հետաքրքիր լուծումներով, արհեստական բանականութեան եւ մի շարք այլ հնարանքների օգտագործմամբ՝ ստանալ տպաւորիչ ֆիլմը։
Ֆիլմում կան զինւորականներ, պետական պաշտօնեաներ, հասարակ քաղաքացիներ, բժիշկներ, տարբեր խաւերի ներկայացուցիչների յուշագրութիւններ են վերցւած, ինչպէս նաեւ փաստաթղթեր ու մամուլի հրապարակումներ, մենք առանց որեւէ մեկանաբանութեան ու միջամտութեան ներկայացրել ենք։
Կան շատ թեթեւ մեկնաբանութիւններ՝ ուղղակի անցումներն ապահովելու համար, դա ֆիլմի 1-2 տոկոսն է, կազմում, մենք միջնորդ ենք հանդիսացել այն ժամանակւայ ականատեսների ու ներկայիս հանրութեան՝ ժամանակակիցներիս համար, որպէսզի չասեն՝ աղճատեցիք, սխալ էք մեկնաբանել։
Ֆիլմի արժէքը նաեւ այն է, որ չկայ մեկաբանութիւն ժամանակակիցների կողմից, շատ հեշտ է յետին թւով ինչ-որ բան վերլուծելը, մեկնաբանելն, ասելը, թէ՝ եթէ այսպէս չանէիք, ուրիշ կերպ կը լինէր, հեշտ է, որովհետեւ դու գիտես իրադարձութիւնների ընթացքը, շարքը։ Բայց այս դէպքում այդ ականատեսը չի իմացել մէկ-երկու ժամ յետոյ ինչ է լինելու, ինքն ապրել է այդ ժամանակահատւածում, հէնց այդ պահին ու ներկայացրել է իր մտորումները։
Պատահական չէ, որ այն «Լաւագոյն կրթական ֆիլմ» անւանակարգի է արժանացել, շատ մասնագէտներ դիտելուց յետոյ նշում են, որ պէտք է ընդգրկել կրթական հաստատութիւններում՝ որպէս այդ ժամանակահատւածը ներկայացնող ֆիլմ-ձեռնարկ»,-ասաց Դերենիկ Մալխասեանը։
ՆՈՒՆԷ ԱՐԵՒՇԱՏԵԱՆ
«Առաւօտ»