Իրանցի նկարիչների խմբային ցուցահանդէսը Երեւանում՝ Իրանի եւ Հայաստանի միջեւ մշակութային մերձեցման խորհրդանիշ

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլ. Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ մշակութային փոխգործակցութիւնների ընդլայնման նպատակով, երկուշաբթի՝ մայիսի 11-ին, Երեւանի Հայկական կերպարւեստի միութեան ցուցասրահում իր աշխատանքն սկսեց իրանցի նկարիչների խմբային ցուցահանդէսը:
«Դայա» մշակոյթի եւ արւեստի կենտրոնի ՏՆՕՐԷՆ Մոշաֆի Թաւանան «ԱԼԻՔ»-ին տեղեկացնելով այս մասին նշել է, որ «Ինձ չմոռանաս» խորագրով գեղանկարչական ցուցահանդէսը կազմակերպւել էր ՀՀ-ում Իրանի Իս. Հանրապետութեան դեսպանատան մշակութային խորհրդականի նախաձեռնութեամբ, համագործակցութեամբ «Դայա» մշակոյթի եւ արւեստի կենտրոնի եւ «Աւայէ Նասր» արւեստի ինստիտուտի: Բացման հանդիսաւոր արարողութեանը ներկայ էին երկու երկրների մի շարք մշակութային եւ արւեստի պաշտօնեաներ եւ գործիչներ:
Ցուցահանդէսի բացումը տեղի է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպանատան մշակութային խորհրդական Մոհամադ Ասադի-Մովահեդի եւ Հայաստանի Նկարիչների միութեան նախագահ Սուրէն Սաֆարեանի եւ «Դայա» մշակոյթի եւ արւեստի կենտրոնի տնօրէն Մոժդէ Մոշաֆի Թաւանայի (կազմակերպիչը) անմիջական մասնակցութեամբ:
«Ինձ չմոռանաս» խորագիրը կրող ցուցահանդէսով ցուցադրութեան էր հանւել շուրջ 50 իրանցի եւ Իրաքի Քուրդիստանից մասնակցած մէկ նկարչի գործերից նմուշներ:
Բացման օրը Սաֆարեանն անդրադարձել է նման որակով ցուցահանդէսների կարեւորութեանը եւ առհասարակ գեղարւեստական փոխազդեցութիւնների կարեւորութեանը, եւ նման միջոցառումների անցկացումը որակել է որպէս Իրանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ մշակութային կապերի եւ բարեկամութեան ամրապնդման արդիւնաւէտ քայլ։
Նա նաեւ շնորհակալութիւն է յայտնել «Դայա» կենտրոնին եւ Իրանի դեսպանատան մշակութային խորհրդականին ժամանակակից իրանական արւեստը ներկայացնելու ջանքերի կապակցութեամբ:
Սաֆարեանը նշել է նաեւ, որ ցուցահանդէսում ներկայացւած աշխատանքները ոչ միայն արեւելեան գեղագիտութեան դրսեւորում են, այլեւ պատմում են երկու ազգերի միջեւ խորը մշակութային ընդհանրութիւնների մասին։
Ընթացքում Ասադի Մովահեդը եւս իր գոհունակութիւնն է յայտնել Մշակութային խորհրդի (դեսպանաետան) եւ Հայաստանի նկարիչների միութեան միջեւ համագործակցութեան շարունակականութեան կապակցութեամբ եւ նշել. «Այս ցուցահանդէսի անցկացումը, որը ձեւաւորւել է, յատկապէս, իրանցի կին նկարիչների աշխատանքների վրայ կենտրոնանալով, երեւակում է արւեստի դերը՝ ազգերի միջեւ ընդհանուր լեզուն իցոյց դնելու առումով։ Այս աշխատանքները, որոնցից մի քանիսը վերաբերում են երկու երկրների ընդհանուր մշակութային խորհրդանիշներին, յարմար հարթակ են ստեղծում փոխադարձ ճանաչման եւ մերձեցման համար»։
Նա նաեւ ընդգծել է, որ ՀՀ-ում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպանատան մշակութային հարցերով գրասենեակը պատրաստ է աջակցել հայ նկարիչների ներկայութեանը Իրանում՝ նմանատիպ ցուցահանդէսներ անցկացնելու համար, որպէսզի այս մշակութային փոխանակումները լինեն շարունակական՝ պատասխան հիւրընկալութեամբ:
Մոժդէ Մոշաֆի Թաւանան «ԱԼԻՔ»-ին յայտնեց, որ ցուցահանդէսին ներկայ արւեստի գործիչները ներկայացւած աշխատանքները բնութագրել են որպէս հիացմունքի արժանի, ընդգծելով այդ աշխատանքների հայեցակարգային ու տեխնիկական լուծումները, ինչպէս նաեւ երկու երկրների ընդհանուր մշակութային տարրերից ոգեշնչւած լինելը։
Նա նշեց նաեւ, որ որոշ աշխատանքներ, օգտագործելով այնպիսի խորհրդանիշներ, ինչպիսիք են իրանահայ ճարտարապետութիւնը, աւանդական ու պատմական տարազները եւ ընդհանուր դիցաբանական թեմաները, Իրանի եւ Հայաստանի միջեւ պատմական եւ մշակութային խորը կապերի վկաներն էին։
Ցուցահանդէսն իր աշխատանքն է շարունակել 3 օր՝ մայիսի 21-ից 23-ը:
Մոժդէ Մոշաֆի Թաւանան յաւելեց, որ «Ինձ չմոռանաս» ցուցահանդէսի անցկացումը մշակութային դիւանագիտութեան շրջանակներում, մասնաւորապէս՝ կին նկարիչների աշխատանքների վրայ կենտրոնանալով, Իրանի Իսլ. Հանրապետութեան յստակ ուղերձն էր մշակութային երկխօսութեան եւ գեղարւեստի ոլորտներիփոխազդեցութիւնների կարեւորութեան վերաբերեալ՝ որպէս ազգերի մերձեցման արդիւնաւէտ միջոց։
Նա նշեց նաեւ, որ այս միջոցառումը արտացոլեց Իրանի մշակութային արտաքին քաղաքականութեան ռազմավարութիւնը, որը ձգտում է ամրապնդել ժողովուրդների միջեւ կապերն ու խթանել Իրանի խաղաղ եւ ստեղծագործական կերպարը միջազգային ասպարէզներում: