ԹեհրանՀամայնքՀասարակական

«Թեւանիկ»-ը շարունակում է պատերազմ ու զրկանքներ տեսած արցախցիների կողքին լինել

Արցախում 2014 թւականից տարբեր ծրագրեր իրականացրած «Թեւանիկ» բարեգործական կազմակերպութիւնը շարունակում է լինել տեղահանւած, պատերազմ ու զրկանքներ տեսած արցախցիների կողքին։

Կազմակերպութեան պատասխանատու Իւէտ Դանիելեանը «Ապառաժ»-ի հետ զրոյցում նշել է, որ խմբի անդամներին նոր իրավիճակում աշխատելու ուժ է տալիս` կորցրածը յետ բերելու հաւատը։

«Ես հաւատում եմ, որ այս ամէն ինչը ժամանակաւոր է։ Մեր ազգը շատ-շատ դժւարութիւններ է ունեցել եւ կարողացել է մէջքը շտկել, հիմա այդ դժւարութիւնները մի քիչ աւելի շատ են: Բայց հաւատացած եմ՝ մեր թէ անհատական եւ թէ հաւաքական աշխատանքով կարող ենք դաս քաղելով բացթողումներից նորից յետ բերել կորցրածը»,- ասել է նա:

Կազմակերպութեան աշխատանքները միջոց են Սփիւռքում, Արցախում եւ ՀՀ-ում ապրողների համար իրար հետ շփւելու, միասին աշխատելու մեր ժողովրդի համար։

«Այդ աշխատանքներն առիթ են տալիս փայփայելու մեր ունեցած համախմբումը, որ կարողանանք աւելի մեծ ծրագրեր իրագործել»,- ասել է նա:

Կազմակերպութեան ծրագրերը 44-օրյա պատերազմի օրերին որոշակի փոփոխութիւնների են ենթարկւել՝ շեշտը դնելով սոցիալական բաղադրիչի, տեղահանւած մեր հայրենակիցներին առաջին անհրաժեշտութեան պարագաներով ապահովելու վրայ։ «Թեւանիկի» ընկերները եւ միւս հայրենակիցները պատերազմի օրերին հաւաքագրում էին ուտելիք, սնունդ, հիգիենայի, անկողնային պարագաներ, առաջին անհրաժեշտութեան ապրանքներ եւ ըստ հասցէների բաժանում։ Այսպէս կարողացան որոշակի թւով ընտանիքների 3-4 ամիս ապահովել որոշակի պարագաներով եւ թեթեւացնել նրանց հոգսերը։

«Դրան զուգահեռ ՀՕՄ-ի հետ Երեւանում կազմակերպել ենք արցախցի կանանց ձեռքի աշխատանքի դասընթաց, որի արդիւնքում պատրաստւած Նոր տարւայ խաղալիքներն ուղարկել ենք ԱՄՆ վաճառքի։ Այսպէս տեղահանւած արցախցի կանայք որեւէ զբաղմունք ունեցան եւ ցոյց տւեցինք, որ իրենց կողքին ենք»,- պատմում է Իւետ Դանիէլեանը:

Կազմակերպութիւնն իր առաքելութեանը հաւատարիմ է մնացել նաեւ Արցախի տեղահանութիւնից յետոյ՝ չնայած այդ իրողութեան պատճառած հոգեբանական ծանր դրութեանը։

«Հոգեբանօրէն մեզ համար էլ շատ ծանր էր: Այսքան տարի մենք փայփայել ենք Արցախը, կարօտով ենք նայել, ուրախացել ենք նրա առաջադիմութեամբ, զարգացմամբ։ Ստեփանակերտն արդէն հիանալի քաղաք էր, դա մեր ուրախութիւնն էլ էր, մենք էլ ենք յաղթանակի բերկրանքը զգացել, հպարտացել: Բայց միանգամից այդ ամէնը ձեռքից տալը մեր ազգի համար մեծ շոկ էր, ոչ ոք չէր սպասում դրան,- պատմում է նա:

Չնայած այդ ապրումներին՝ խմբի անդամները կազմակերպւեցին եւ սկսեցին ՀՅԴ, ՀՕՄ-ի կառոյցների հետ օժանդակել տեղահանւածներին։

«Քանի որ սկզբում Գորիս էին գալիս, հիմնական կարիքն այնտեղ էր: Հիմնականում առաջին անրաժեշտութեան ապրանքների, անկողնային պարագաների, հագուստի կապոցներ էինք պատրաստում եւ ՀՕՄ-ի հետ համադրաբար յատկացնում: Մօտ 1-2 ամիս սա ամենօրեայ աշխատանք էր մեզ համար, որ կարողանանք գոնէ առաջնային կարիքներում օգնել»,- նշել է նա:

Այդ օրերին երեք մեծ բեռնատար եւ ուտելիք, անկողնային պարագաներ, տաքացուցիչներ է ուղարկւել Իրանի հայ համայնքից։

Կազմակերպութիւնն աւանդոյթ էր դարձրել Արցախի երեխաներին ամանորեայ նւէրներ ուղարկելը։ Բռնի տեղահանութիւնից յետոյ այս ծրագիրը շարունակւել է։

«Թեւանիկի» ընկերուհիները պատրաստում էին մօտ 500 ամանորեայ տոպրակներ, լցնում քաղցրաւենիքով ու ուղարկում Արցախի դպրոցներում բաժանելու: Թեհրանի հայկական դպրոցի երեխաներն իրենց նամակներով, նկարներով աջակցում էին արցախցի դպրոցականներին։

Այդ աշխատանքը 44-օրեայ պատերազմից յետոյ եւս շարունակւել է, երկու տարի Սիւնիքի շրջանում հաստատւած արցախցիների համար կապոցներ են ուղարկւել, իսկ 2025 թւականի Նոր տարւայ կապոցները յատկացւել են Վայքի շրջանում հաստատւած արցախցիներին։

«Թեւանիկ» խմբի պատասխանատու Իւէտ Դանիէլեանը յաւելել է, որ ՀՕՄ-ի Արցախի վարչութեան հետ քննարկել են որոշ առաջնահերթ ծրագրեր իրագործելու եւ արցախցի հայրենակիցներին օգտակար լինելու հարցը, այժմ փորձում են աւելի երկարաժամկէտ ծրագրեր իրականութիւն դարձնել:

Արցախի օժանդակութեան «Թեւանիկ» խմբի անունը ոգեշնչւած է Ջիւան Աւետիսեանի նկարահանած «Թեւանիկ» ֆիլմից, Թեւանիկի եւ Աստղիկի կերպարից։ Այն յարգանք է Արցախի պատերազմի ընթացքում ծնւած, մեծացած բոլոր մանուկներին ու երեխաներին, որոնք իրենց մանկութեան անհոգ օրերը կիսեցին պատերազմի դաժան իրականութեան հետ եւ իրենց անբաժան մասնիկն ունեցան յաղթանակի գործում։

Related Articles

Back to top button