ՌԴ ՊՆ. «Կիեւն ահաբեկչութիւն է իրականացրել ՌԴ ռազմական օդանաւակայանների ուղղութեամբ»

«ԱԼԻՔ» – Մայիսի 1-ին Կիեւի ռեժիմը FPV տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական յարձակում է իրականացրել Մուրմանսկի, Իրկուտսկի, Իւանովոյի, Ռիազանի եւ Ամուրի մարզերի ռազմական օդանաւակայանների վրայ։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ ասւում է Ռուսաստանի Դաշնութեան Պաշտպանութեան նախարարութեան հաղորդագրութեան մէջ:
Գերատեսչութեան փոխանցմամբ՝ Իւանովոյի, Ռիազանի եւ Ամուրի մարզերում յարձակումները յաջողութեամբ յետ են մղւել։
Միեւնոյն ժամանակ, BBC-ին ուկրաինական ծառայութեանը Ուկրաինայի անվտանգութեան ծառայութեան աղբիւրը յայտնել է, որ պատերազմից ի վեր ամենամեծ նման յարձակման հետեւանքով խոցւել է ՌԴ աւիացիայի աւելի քան 40 ինքնաթիռ, այդ թւում՝ A-50, SU-95, TU-22 M3։
Ռուսական իշխանութիւնները դեռ չեն մեկնաբանել պատճառւած վնասը:
Որոշ տեղեկութիւնների համաձայն՝ անօդաչու սարքերը գործարկւել են Ռուսաստանի տարածքից՝ դուրս թռչելով բեռնատարներից։ Ուկրաինայի անվտանգութեան ծառայութեան աղբիւրը յայտնել է, որ յարձակման են ենթարկւել հետեւեալ աւիաբազաները՝ «Օլենեա» (Մուրմանսկի մարզ), «Բելայա» (Իրկուտսկի մարզ), «Իւանովօ» (Իւանովոյի շրջան) եւ «Դեագլեւօ» (Ռիազանի շրջան):
«Աղբիւրը, որտեղից արձակւել են անօդաչու թռչող սարքերը, արդէն արգելափակւած է։ Դա բեռնատար է»,- սոցցանցում գրել է Իրկուտսկի նահանգապետ Իգոր Կոբզեւը՝ յաւելելով, որ անօդաչու թռչող սարքի յարձակումն առաջինն էր Սիբիրում։
Ըստ ուկրաինական լրատւամիջոցների՝ ընդհանուր վնասը գնահատւում է աւելի քան 2 մլրդ դոլար։