
«ԱԼԻՔ» – Երէկ՝ օգոստոսի 1-ին, «Արարատ» մարզաւանի «Շահբազեան» սրահում տեղի ունեցաւ Հայ Գործարարների ցանցի՝ HIECONet-ի հերթական խորհրդակցական հանդիպումը հայ գործարարների հետ՝ յանձնաժողովների կազմութեան օրակարգով:
Հանդիպման սկզբում HIECONet-ի ընթացիկ շրջանի վարչութեան կազմից Էմիլ Մնացականեանի, Արթուր Յովսէփեանի եւ Ռազմիկ Խուդաբախշեանի միջոցով ներկայացւեց կազմակերպութեան հիմնական նպատակները, որտեղ նշւած էր այն մասին, որ HIECONet-ը գործարարների կազմակերպութիւն է, որը հիմնականում նպատակ ունի հայ գործարարների համախմբումով առաջացնելով շարժւել հաւաքական տնտեսական ծրագրերի մշակման եւ իրականացման ուղղութեամբ:
Յատկանշական է, որ այս հանդիպմանը մասնակցող գործարարների մեծ մասը ներկայացնում էր երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին եւ ստարտափերի հիմնադիրներին ու գիւտարարներին, ինչով յատկապէս, քննարկումները տեղափոխւեցին նորաոճ լուծումներով առաջարկների ասպարէզ:
Համահիմնադիր դիւանը նշեց նաեւ, որ գործարարների հետ Անդրանիկ նիստին տեղի եւ հնարաւորութիւնների սահմանափակ լինելու պատճառով հնարաւոր չեղաւ այս հանդիպման հրաւիրեալների ներկայութիւնը եւս ապահովել: «Սակայն նոյն «Արարատ» մարզաւանում՝ օգոստոսի երկրորդ կէսին սպասւող հերթական նիստ պիտի տեղի ունենայ, որտեղ արդէն «տանն ենք» եւ հնարաւորութիւն կայ ամբողջական ցանկով ապահովել բոլոր հայ գործարարների եւ ցանկացողների ներկայութիւնը»,- նշեց Էմիլ Մնացականեանը:
Հարց-պատասխան ձեւաչափով ընթացք առած հանդիպմանն ընդգծւած կերպով ներկանների կողմից շօշափւեցին կազմակերպութեան կողմից առաջարկւող ներդրումային հարթակներում հարկայինի հետ առընչւող խնդիրներ, ինչպէս նաեւ ներդրումների ռիսկերը նւազագոյնի հասցնելու փորձարկւած մոդելների հնարաւորութիւնները: