Հայաստան - ԱրցախՄշակութայինՔաղաքական

Ստեփանակերտի կենտրոնում nչնչացւել է Աշոտ Ղուլեանի յուշարձանը

Օգոստոսի 24-ին՝ Արցախի հերոս Աշոտ Ղուլեանի (Բեկոր) յիշատակի օրը, մենք ստիպւած ենք արձանագրել հերթական մշակութային յանցագործութիւնը․ Ստեփանակերտի կենտրոնում ոչնչացւել է նրա յուշարձանը։

Աշոտ Ղուլեանի յուշարձանը, որը ստեղծւել էր յայտնի հայ քանդակագործ Իւրի Սամուէլեանի կողմից, տեղադրւել էր 1996 թւականին՝ նրա թաղման վայրում, նոյնանուն զբօսայգում։ Աւելի շուտ հերոսի մասունքները տեղափոխւել էին նրա ծննդավայր Խնձրիստան, սակայն այսօր նրա գերեզմանի վիճակի մասին տեղեկութիւններ չկան։

Յուշարձանների ոչնչացումը ոչ միայն վանդալիզմ է, այլեւ Ադրբեջանի համակարգւած քաղաքականութիւն, որն ուղղւած է Արցախի ժողովրդի հերոսների յիշողութիւնն ու մշակութային ինքնութիւնը ջնջելուն։ Այսպիսի գործողութիւնները կոպտօրէն խախտում են մշակութային ժառանգութեան պաշտպանութեան միջազգային կոնւենցիաները եւ արցախցիների իրաւունքները՝ յիշողութիւնը, պատմութիւնը պահպանելու եւ իրենց հայրենիք վերադառնալու։

Մենք պարտաւոր ենք բարձրաձայնել. Ադրբեջանի պատասխանատւութիւնը մշակութային ժառանգութեան ոչնչացման համար պէտք է արձանագրւի միջազգային հանրութեան կողմից։ Միեւնոյն ժամանակ պէտք է ընդգծել, որ մշակութային ժառանգութեան լաւագոյն պաշտպանութիւնը Արցախի ժողովրդի անքակտելի վերադարձի իրաւունքի ապահովումն է։

Արցախի մշակութային եւ զբօսաշրջութեան զարգացման գործակալութիւն

Related Articles

Back to top button