Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ղարաբաղեան շարժման ֆենոմենը եւ ինչու է նրա ստւերը հետապնդում թաւշեայ յեղափոխականներին

ԱՇՈՏ ՂՈՒԼԵԱՆ

ԱՀ ԱԺ նախկին նախագահ

Դիւանագէտների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ

 

Ներհայկական հանրային դիսկուրսում արդէն տեւական ժամանակ է, ինչ քննարկման դաշտ է բերւել Ղարաբաղեան շարժման թեման, եւ դրա մոդերատորները Հայաստանի գործող իշխանութիւններն են, իսկ նպատակը՝ Շարժման դերի ու նշանակութեան նսեմացումը:

Առաջին հայեացքից անհաւատալի թւացող, բայց մեր օրերի դիտանկիւնից հերթական արժէքային վերանայումը նպատակ ունի ամբողջացնել 44-օրեայ պատերազմի, Արցախի շրջափակման ու հայաթափման ճակատագրական իրադարձութիւնների նարատիւները եւ խորացնել հանրային քննարկումների մէջ այս թեմաների շուրջ շարունակւող պառակտումները: Թեմայի խիստ վտանգաւորութիւնը, պատմութիւնը կեղծելու միտումները ստիպում են կրկին յենւելով փաստերի վրայ ներկայացնել ճշմարտութիւնը։

 

Ի՞նչ կը լինէր Արցախի հետ, եթէ չլինէր համաժողովրդական շարժումը

Կը փորձենք ուրւագծել այն շրջանակը, որի միջոցով ընթերցողներին կուղղորդենք ինքնուրոյն գտնելու յօդւածի վերնագրի համար ընտրւած հարցի պատասխանն ու արձանագրման հիմքը:

Վստահ եմ, որ գոնէ կարիք չկայ բացատրել, որ Ղարաբաղեան շարժումը 1-2 օրում չի սկսւել եւ, որ 1988 թ. առաջ էլ տեղի են ունեցել նման պոռթկումներ: Բայց թերեւս արժէ յիշեցնել, որ Ղարաբաղի հարցը, որպէս հակամարտութեան նիւթ, ձեւաւորւել է 100 տարի առաջ՝ 1918 թւականից, իսկ 1921 թ., երբ երրորդ երկրի կուսակցական մարմնի ի սկզբանէ անօրէն որոշմամբ Լեռնային Ղարաբաղը բռնակցւեց Ադրբեջանին, այս թեման դարձաւ Հարաւային Կովկասի անվտանգային ճարտարապետութեան անբաժան բաղադրիչը: Համոզւած եմ նաեւ, որ 1945 թ. ՀՀ Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Յարութիւնեանի Ստալինին ուղղւած նամակի մասին շատերն են յիշում, որտեղ Հայաստանի ղեկավարը խնդրում էր Հայրենական պատերազմը յաղթած ԽՍՀՄ առաջնորդին Լեռնային Ղարաբաղը միացնել Հայաստանին, բայց հաւանաբար քչերը գիտեն, որ 1935-36 թթ. բուն Լեռնային Ղարաբաղում լուրջ բողոքներ են գրանցւել՝ մարզի հայկական գիւղերը Մուղանի տափաստաններ տեղափոխելու Ադրբեջանի ղեկավարների հիւսած ծրագրերի դէմ:

1960-ական թւականների կէսերի իրադարձութիւնների մասին աւելի շատ յիշողներ կան, բայց թերեւս քչերին է յայտնի, որ 1965 թ. յունիսին արցախցի 13 մտաւորականների ԽՍՀՄ ղեկավարութեանն ուղղւած նամակին հետեւեց 10 հազար արցախցիների ստորագրութեամբ պահանջագիրը, իսկ 2 տարի յետոյ ողբերգական իրադարձութիւններ տեղի ունեցան՝ հայ երեխայի դաժան սպանութեան եւ այդ եղկելի արարքը շինծու դատավարութեամբ արդարացնելու փորձերի արդիւնքում: Իհարկէ, այս ամէնը միայն արձանագրւած դէպքերն են, իսկ որ այդպիսի բողոքներ, խնդրագրեր եղել են խորհրդային բոլոր տասնամեակներին՝ մնայուն փաստեր կան:

Այնպէս որ 80-ական թւականների կէսերից նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ծաւալւած իրադարձութիւնները երկրամասի հայ բնակչութեան ազգային ինքնութիւնը պահելու, արժանապատւութիւնը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ պայքարի դրսեւորումներ էին, որի միջոցով Արցախի հայութիւնը դիմակայում էր Ադրբեջանի՝ հիմա էլ արդէն խորհրդային իշխանութիւնների խտրական քաղաքականութեանը:

Որպէսզի աւելի պարզ լինի, թէ ադրբեջանական առաւելապաշտական քաղաքական ուղեգիծն ինչ նպատակ էր հետապնդում եւ ինչ հետեւանքներ կարող էր ունենալ, բաւական է դիտարկել Նախիջեւանի խորհրդային ժամանակաշրջանի ժողովրդագրական պատկերը: 70 տարւայ ընթացքում, խորհրդային Հայաստանի հետ ընդհանուր սահման ունենալու պարագայում, Նախիջեւանի հայ բնակչութիւնը 40 տոկոսից հասաւ 0,5 տոկոսի՝ երբեմնի հայաշատ երկրամասից վերափոխւելով Հայաստանի սահմանների անվտանգութեան համար սպառնալիք դարձած տարածաշրջանի:

Արդեօ՞ք Լեռնային Ղարաբաղը կը մնար հայկական Խորհրդային Միութեան փլուզման արդիւնքում, եթէ չսկսւէր Ղարաբաղեան շարժումը: Հնարաւոր է հարցը հռետորական է հնչում, սակայն նոյնիսկ այդ պարագայում, հիմք ընդունելով նախորդ տարիների զարգացումները, առանց երկմտելու կարելի է պատասխանել՝ ոչ մի դէպքում: Ադրբեջանի նպատակադրութիւնը պարզ էր՝ ժողովրդագրական իրավիճակը փոխելով հասնել հայկական երկրամասի ազգային նկարագրի փոփոխմանը: Ի դէպ, 1988 թ. նախօրեակին հիմնական տրիգերներից մէկը Ստեփանակերտում նոր արհեստագործական ուսումնարան բացելու Բաքւի իշխանութիւնների ցանկութիւնն է եղել, որը պէտք է ամբողջովին ծառայէր հայկական մարզին յարակից ադրբեջանական շրջանների երիտասարդներին կրթելու ծրագրին:

Նոյն այդ վտանգը՝ ժողովրդագրական իրավիճակը փոխելով ազդել հետագայ քաղաքական զարգացումների վրայ, կախւած էր նաեւ Հայաստանի Հանրապետութեան գլխին ու դրա չէզոքացումը տեղի ունեցաւ միայն Ղարաբաղեան շարժման արդիւնքում։

 

Ինչո՞ւ է Ղարաբաղեան շարժման ստւերը հետապնդում թաւշեայ յեղափոխականներին

Ղարաբաղեան շարժման հիմնական գաղափարախօսութիւնը պատմական Արցախից մնացած այդ հատւածը հայկական պահելն էր՝ փոփոխւող իրավիճակի պայմաններում, եւ ի սկզբանէ այդ նպատակի համար ընտրւեց «Միացում» կարգախօսը: Այսինքն, Արցախի հայկական ապագան երաշխաւորւած է համարւել միմիայն Հայաստանին վերամիաւորւելու պարագայում, եւ մինչեւ 1991 թ. կէսերը իրադարձութիւնները զարգանում էին հէնց այդ սցենարով:

Ակնյայտ է, որ Ղարաբաղեան շարժումը մեկնարկեց որպէս Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի հայութեան իրաւունքների պաշտպանութեան համար ժողովրդական շարժում, բայց շատ կարճ ժամանակ յետոյ այն դարձաւ համազգային շարժում՝ Արցախ էպիկենտրոնով, եւ դրա պատճառը աշխարհով մէկ ցրւած հայութեան երազանքն էր՝ տէր կանգնել գոնէ Հայրենիքի մի հատւածին եւ ամէն ինչով նպաստել պատմական արդարութեան վերականգնմանը: Բուն Մայր Հայրենիքում՝ Հայաստանում, հէնց Ղարաբաղեան շարժումը դարձաւ անկախութիւնը վաստակելու (այլ ոչ թէ որպէս նւէր ստանալու) եւ ազգային արժանապատւութիւնը վերադարձնելու գաղափարական հիմնաւորում: Հէնց այս մասշտաբայնութեան ու համատարածութեան մէջ է Ղարաբաղեան շարժման իւրայատկութիւնը, ինչն, իհարկէ, միւս կողմից մոբիլիզացրեց հակահայկական ճամբարի բոլոր շահառուներին:

Որքան էլ տարօրինակ հնչի, հայ ժողովրդի ազատագրական շարժումը հակառակորդներ է ձեռք բերել ոչ միայն դրսից. Ղարաբաղեան շարժումն այսօր հանգիստ չի տալիս Հայաստանի գործող իշխանութիւններին: Դժւար է այս զաւեշտին ընկալելի բացատրութիւն տալ, սակայն հիմնական պատճառն այն է, որ նրանք չեն կարողանում եւ չեն ցանկանում հաշտւել այն մտքի հետ, որ Ղարաբաղեան շարժումը միաւորեց եւ երկար տարիներ համախմբւած պահեց ազգի բոլոր հատւածներին՝ Մայր Հայրենիքում, Արցախում եւ Սփիւռքում, իսկ «ոչ բռնի, ժողովրդական յեղափոխութիւնը», չնայած նախնական փուլում գրանցած որոշակի ոգեւորութեանը, այդպէս էլ չարժանացաւ սպասւած համատարած աջակցութեանը: Աւելին, շատ երկար ժամանակ չպահանջւեց, որպէսզի մեր ժողովրդի տարբեր հատւածների մօտ չխորանային կասկածները, թէ ինչպէ՞ս է հնարաւոր պետականութիւն կառուցել՝ ժխտելով այդ պետութեան ինքնութեան եւ պատմական ինքնագիտակցութեան ելակէտը։

Այս իշխանութեան խնդիրն այն է, որ Ղարաբաղեան շարժման արժէքները մէկ կողմից եւ իրենց քաղաքական ինքնութիւնն ու ընթացիկ օրակարգը՝ միւս կողմից, կտրականապէս հակադրւում են իրար։ Եւ որքան էլ գործող իշխանութիւնը ձգտում է շարժման պատմական նշանակութիւնը նսեմացնել՝ այն ներկայացնելով որպէս արկածախնդրութիւն, սխալմունք կամ «խաղաղութեան խափանում», այնքան աւելի անխուսափելի է դառնում պատմական հակադրութիւնը. Ղարաբաղեան շարժման նպատակը հայ ժողովրդի արժանապատիւ գոյութիւնն ու ինքնիշխան ապագան էր ու է, մինչդեռ ներկայիս իշխանութիւնը փորձում է ներմուծել խաղաղութիւն՝ հիմնւած հնազանդութեան, մոռացութեան ու պետական կամքի իսպառ բացակայութեան վրայ։

Իշխանութիւնը շարժման ժառանգութիւնը փորձում է ոչնչացնել ոչ միայն խօսքով, այլ գործով: Բայց շարժման մէջ դրւած արժէքները չեն ջնջւում պետական քարոզչութեամբ կամ քաղաքական մանիպուլիացիայով։ Ազատութեան, ինքնութեան եւ միասնութեան գաղափարները մնում են որպէս անսպառ սնուցող ուժ, որը շարունակում է հետապնդել բոլոր այն իշխանութիւններին, որոնք դաւաճանում են դրանց։ Ահա թէ ինչու Ղարաբաղեան շարժումը ոչ միայն պատմութիւն է, այլեւ մեզ հետ քայլող մեր ներկան է։ Այդ պատճառով այն ամենաուժեղ հակաքարոզչական ազդակն է մի համակարգի դէմ, որն առաջնորդւում է ապագան յանձնելու եւ յաղթանակները ժխտելու սկզբունքով։

Մեր օրերում, երբ այդ ժառանգութիւնը միտումնաւոր կերպով նսեմացւում է, երբ փորձ է արւում պատմութիւնը վերաշարադրել՝ արդարացնելու թուլութիւնը, պարտութիւնը եւ ինքնիշխանութեան հրաժարումը, Ղարաբաղեան շարժումը վերածւում է ոչ միայն յիշողութեան, այլ քաղաքական դատաստանի։

Անկախ նրանից, թէ քաղաքական դաշտում ով ինչ դիրքորոշում ունի, մէկ բան անվիճելի է՝ Ղարաբաղեան շարժումը ստեղծել է հայկական պետականութեան նոր գաղափարական հիմքը, որի ժխտումը նշանակում է պետականութեան ինքնաոչնչացում։ Եւ հէնց այս պատճառով է շարժման գաղափարախօսութիւնն այսօր աւելի արդիական, քան երբեւէ։ Այն մարմնաւորում էր արժանապատւութեան յաղթանակը՝ երաշխաւորելով խաղաղութիւնը որպէս ուժի, դիմադրութեան եւ նպատակադրութեան արդիւնք։

Եթէ հայ ժողովուրդը ցանկութիւն ունի վերականգնւելու, ապա նա կարիք ունի ազգային նոր զարթօնքի, որի նախադէպն արդէն կայ, եւ այն ոչ հեռաւոր անցեալում չէ, այլ Ղարաբաղեան շարժման ժառանգութեան մէջ: Եթէ այս իրողութիւնը չտեսնելուն ենք տալիս, ուրեմն Խաղաղութեան փոխարէն կը ստանանք ինքնութեան քայքայում, տարածքների կորուստ եւ պետականութեան արժէզրկում:

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Related Articles

Back to top button