
«ԱԼԻՔ» – Հոկտեմբերի 10-ին, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահն իր անւան համահունչ, դարձել էր Հայ մշակոյթի մասին բարձրաձայնելու համայնքային բեմ:
«Հայ մաշկոյթին նւիրւած տօնակատարութիւն» անւանումը կրող միջոցառման նախաձեռնող կողմը նոյն միութեան Արւեստից բաժանմունքն էր, որի անունից ելոյթ ունենալով Հիլդա Աղախանեանը նշեց, որ մշակոյթը, յատկապէս Սփիւռքեան գաղթօջախներում, լինելութեան եւ ազգային գիտակցութիւնը սնելու միակ միջոցն է, ինչի ուղղութեամբ համայնքը գիտակցաբար նոր սերունդներ դաստիարակելու եւ ազգային գիտակցութեամբ կրթելու նպատակով ստեղծել է եւ շարունակում է աջակցել իր միութիւններին ու դպրոցներին:
Տէրունական աղօթքով ընթացք առած միջոցառմանը Թ. Հ. Թ. առաջնորդ, Տ. Սեպուհ արք. Սարգսեանի շնորհաւորական պատգամը փոխանցեց Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը: Սրբազան հայրի ուղերձում մասնաւորապէս նշւած էր. «Մեծապէս գնահատելի է իրանահայ համայնքի կատարած նւիրական աշխատանքը Հայ մշակոյթի մեծարման եւ պահպանման գործում: Նման միջոցառումները մեզ յուշում են, որ պէտք է կառչած մնալ մեր մշակոյթին եւ այն սերմանած պատմութեանը: Հայոց գրերի արարիչ՝ սուրբ Մեսրոպ Մաշտոցն իր հաւատարիմ ընկերներն ստեղծագործական աշխատանքով մեզ առաջնորդեցին դէպի յաւիտենականութիւն: Այսօր, երբ տօնում ենք այդ մեծ հարստութիւնը մեր պարտքն է յիշեր այդ հաւատարմութիւնը սերմանած ռահւիրաներին»:
Մշակոյթը եւ հասարակութիւնը թեմայով ելոյթ ունեցաւ օրւայ բանախօս, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:
Մասնագիտութեամբ հասարակագէտ-ժողովրդաբան՝ դոկտ. Արա Շահվերդեանը նշելով, որ ազգերին միմեանցից տարբերող հիմնական տարրը մշակոյթն ու նրանց լեզուն է, որպէս ազգի անձնագիր ներկայացնելով մշակոյթը, անդրադարձաւ այն մարտահրաւէրներին, որոնք դարեր շարունակ կաշի փոխելով շարունակում են հետապնդել հայ ժողովրդին, որպէս մշակոյթի օրինակելի կերտող ազգի:
Որպէս ներկայ ժամանակաշրջանի հիմնական մարտահրաւէր, Արա Շահվերդեանը հասարակութեան մէջ արմատաւորւող անտարբերութիւնը համարեց, որպէս ամենատարածւած խոչընդոտներից մէկն առողջ մթնորլորտ ձեւաւորելու հարցում:
Արա Շահվերդեանի կարծիքով դպրոցը լաւագոյն կենտրոնն է, որտեղ ինքնաբերաբար հաւաքւում է ժողովրդի ապագան եւ այն կորիզը, ում հետ կարելի է արհեստական բանականութեան օգնութեամբ Հայ մշակոյթն առաւել հասանելի դարձնել եւ արդիականացւած աշխատանք կատարել անտարբերութեան ախտանիշը փարատելու համար, ինչն անցումային շրջաններին յատուկ է, նաեւ տարածւած միւս ժողովուրդների մօտ:
Նա նոյնիսկ մէկ քայլ առաջ անցնելով նշեց. «Անհրաժեշտ է ստեղծել տեղական-ազգային արհեստական բանականութեան տեսակը, որը կը ծառայի որպէս հենասիւն սփիւռքեան գաղթօջախներում մշակութային առաքելութիւն իրականացնելու համար»:
Դոկտ. Շահվերդեանը նաեւ նշեց, որ այսօր՝ գոյութիւնը պահպանելու համար անհրաժեշտ է տիրապետել ժամանակի լիզւին ու մտածողութեանը: «Բոլորս պէտք է աշխատենք միասին: Հայ լինելն ու հայ մնալը դատապարտւած է զարգացման ընթացքն ապահովելու ճգնութեամբ: Առհասարակ հասարակագիտական հետազօտութիւններն են փաստում, որ այսօրւայ պայմաններում ազգերը կը գոյատեւեն, եթէ մշակել են զարգացման հեռանկարով հայեցակարգ»:
Նա այս ճանապարհին Հայոց Առաքելական Եկեղեցու դերը կարեւորելով, նշեց, որ եկեղեցին ոչ միայն աղօթքի եւ հաւատամքի ձեւաչափն է ցուցում, այլեւ հայ ժողովրդին միաւորող ու համախմբած միակ հենասիւնն է, ինչը հազարամեակների դպրոց է անցել:
Բանախօսի ելոյթին յաջորդեց գեղարւեստական բաժինը, որտեղ երգային կատարումներով ելոյթ ունեցաւ Լուսինէ Միքայէլեանը: Նա առաջին երգով ներկայացրեց Լուդւիկ Դուրեանի «Ծաղկած բալենին»-ին (երժ. Խաչատուր Աւետիսեանի), ապա «Հայաստան» երգը (խօսք՝ Յովհաննէս Ղուկասեանի, երաժշտութիւն՝ Արտեմ Այւազեանի):
Ընթացքում ասմունքային կատարումներով ներկայացան Ադելինա Թէյմուրեանը եւ Էմելիա Պօղոսեանը: Պատանի ասմունքողները հերթաբար ներկայացրեցին Գէոէգ Էմինի «Մեր Այբուբենը» եւ Ալիսիա Կրակոսեանի «Նամակ առ Հայաստան» ստեղծագործութիւնները:
Պարային պատմողական իւրօրինակ ներկայացմամբ «Նայիրի» պարախմբի սաներից հանդէս եկան Էլին Մելիքսէթեանը եւ Մինէ Միրզախանեանը:
Տօնական միջոցառման եզրափակիչ բաժնում հանդէս եկաւ «Հ. Մ. «Սիփան» միութեան «Կոմիտաս» երգչախումբը ղեկավարութեամբ Լուսինէ Միքայէլեանի: «Կոմիտաս» երգչախմբի կատարմամբ «Քեզ համար, Հայաստան» (խօսք՝ Շարլ Ազնաւուրի, երժ. Ժորժ-Տիրան Կառւարենց-հայկական ծագմամբ ֆրանսիացի կոմպոզիտոր) երգով եզրափակւեց միջոցառման գեղարւեստական բաժինը:
Վերջում Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան վարչութեան նախագահ Սերոժ Օհանեանը շնորհակալական խօսքերով դիմեց միութեան Արւեստից բաժանմունքի սաներին եւ նշեց, որ Հայ մշակոյթը հայի ինքնութեան այցեքարդն է, եւ յաւելեց. «Երբ խօսում ենք հայ մշակոյթի մասին, անհնար է դրա զարգացումը պատկերացնել առանց հայ ուսուցիչների կրած աշխատանքի ու ճգնութեանը»: Նա խնդրեց ծափահարութիւններով ողջունել եւ գնահատել հայ դահլիճում ներկայ հայ ուսուցիչներին:
Նա նշեց նաեւ, որ երբ այսօր փորձ է արւում ապազգային մօտեցումները դարձնել պետական ուղղւածութիւն, եւ նոյն նպատակներին ծառայելով Արարատը, Արցախը եւ Հայոց եկեղեցին օտարել կամ քարկոծել, կամ չհամարել հայկական, առաւել քան երբեք, պէտք է հայկականութեան շուրջ միաւորել հայութեանը, ինչը հնարաւոր է միայն Հայ մշակոյթի զարգացմամբ:
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ