
Իրանահայ համայնքը օժտւած է այնպիսի երիտասարդներով, ովքեր գիտական բնագաւառում հետեւելով բազմազան ուղղութիւնների, իրենց հետեւողականութեան շնորհիւ հասնում են բարձրագոյն աստիճանների եւ դառնում պարծանքը ոչ միայն Իրանի, այլ նաեւ իրանահայ համայնքի: Իսկ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ նրանք նաեւ չեն խնայում իրենց գիտելիքները փոխանցել մեր նոր սերնդին եւ ինչու չէ ներդնում են իրենց կարելին համայնքային աշխատանքներում: Յիշեալ երիստսարդներից է Սերժ Եղիազարեանը, ում հետ կատարած հարցազրոյց, ներկայացնում ենք ստորեւ:
Նա իր կենսագրական տւեալները ներկայացնելով անդրադարձաւ իր գիտական ու հասարակական աշխատանքներին:
«Ծնւել եմ 1998 թւականի հոկտեմբերի 4-ին, Թեհրանում: Պատանեկան ու երիտասարդական տարիներին չեմ խնայել իմ ջանքը ուսման ոլորտում: Տարրական եւ ուղեցոյց օղակները սովորել եմ «Մարիամ» հաստատութեան յարկի տակ, որը կարեւոր դեր է խաղացել իմ անհատականութեան ու գիտական հիմքերի ձեւաւորման գործում: Միջնակարգ օղակս սովորել եմ «Ալլամէ Թաբաթաբայի» ուսումնական համալիրում՝ մուտքի քննութիւնը յաջողութեամբ անցկացնելուց յետոյ:
Միջնակարգ օղակում իմ մէջ յատուկ սէր առաջացաւ հանդէպ էլեկտրական ճարտարագիտութիւն եւ 2018 թւականին բակալաւրի աստիճանով ընդունւեցի էլեկտրատեխնիկայի ճարտարագիտութեան ճիւղը կառավարման թեքումով։ Բակալաւրի չորս տարիները պատեհ առիթ ընձեռնեցին, որպէսզի խորապէս ընկալելով գիտական եւ գիտահետազօտական հիմունքները, աւելի մղումով հետեւեմ գիտական աւելի բարձր մակարդակներին: 2022 թւականին աւարտեցի բակալաւրի աստիճանը եւ շնորհիւ գիտական ձեռքբերումներին, նոյն տարում առանց մագիստրոսի ընդունելութեան քննութեանը մասնակցելու «փայլուն տաղանդներ»-ի քւոտայով ուղղակիօրէն ընդունւեցի էլեկտրատեխնիկայի մագիստրոսի աստիճանում, Power electronics թեքումով մագիստրոսի մակարդակում։
Այս մակարդակում, ինձ համար մեծ պատիւ էր վաստակաւոր դասախօս, պրոֆեսոր Գէորգ Կարապետեանի ուսանողը լինել, ով համարւում է աշխարհի մէկ տոկոսանոց գերազանց գիտնականներից եւ երկար տարիներ է ինչ «Ամիր Քաբիր» համալսարանի էլեկտրական ճարտարագիտութեան ֆակուլտետի պրոֆեսորադասախօսական կազմի անդամ է եւ “Iran Grid Secure Operation Research Center (IGSORC)” տնօրէնը: Ուսման այդ տարիներին մեծապէս օգտւեցի պրոֆեսորի գիտական բարձր կարողականութիւնից, ձեռնամուխ եղայ կարեւոր նախագծերի իրականացման, որոնք համրւում են մինչ այժմ իմ գիտական աշխատանքների կարեւորագոյն բաժինը:
Իմ մագիստրոսական թէզի թեման «Ամիր Քաբիր»-ի տեխնոլոգիական համալսարանում “Intelligent Control of Ultracapacitor-Battery Hybrid Energy Storage System(HESS) for DC Microgrid” նախագծումն ու զարգացումն էր։ Այս նախագիծը մեկնաբանւել է, որպէս ազգային էլեկտրացանցի գլխաւոր պլանի մաս՝ Էներգետիկայի նախարարութեան ֆինանսական աջակցութեամբ, եւ առանձնայատուկ տեղ է զբաղեցնում երկրի հետազօտական նախագծերի շարքում»։
Զրոյցի ընթացքում նա ասաց.«Շարունակելով այս ուղին, յարգարժան պրոֆեսոր՝ Գէորգ Կարապետեանի ղեկավարութեամբ եւ առաջնորդութեամբ յաջողւեց առաջին անգամը լինելով նախագծել եւ իրականացնել «Amir Kabir DC microgrid » ը։
Այս նւաճումը գրանցւել է Իրանի ազգային գիտական հիմնադրամի (INSF) կողմից՝ ազգային “Smart Grids and MicroGrids” նախագծերի եւ երկրի փորձնական մոդելի շարքում։ Այս նախագիծը ներկայացւել է 2023 թւականի դեկտեմբերին՝ որպէս գիւտ եւ ազգային նւաճում, եւ դրա մասին ռեպորտաժ եւ հարցազրոյց է հեռարձակւել Իրանի Իսլամական Հանրապետութեան ռադիօհեռուստատեսութեան առաջին ալիքով։ Այս նւաճումը, որը իրականացաւ պրոֆեսոր Գէորգ Կարապետեանի ուղղորդմամբ կատարելագործեց «Ամիրքաբիր»-ի “MicroGrids” ընդլայնման հատւածը: Այս գիտական փորձը ոչ միայն նոր հորիզոններ բացեց ինձ համար “Smart Grids and MicroGrids”-ի եւ էներգիայի կուտակման համակարգերի ոլորտում, այլեւ իմ ուսումնասիրութիւնների ամենափայլուն պահերից մէկը հանդիսացաւ, իմ աւարտաճառի պաշտպանութեան ժամանակ, որտեղ ներկայ էր Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը։ Այս փուլից յետոյ, նոյն 1404 թւականին, եւ անմիջապէս «փայլուն տաղանդներ»-ի քւոտայով, սկսեցի սովորել էլեկտրատեխնիկայի դոկտորական աստիճանի համար՝ մասնագիտանալով էներգետիկ էլեկտրոնիկայի մէջ։ Յուսամ որ իմ լաւագոյն դասախօսների, պրոֆեսորների ու փորձագէտների օգնութեամբ կարողանամ երկրի գիտա-արդիւնաբերական ոլորտում արժէքաւոր նւաճումներ գրանցել»:
Անդրադառնալով իր հասարակական եւ ուսուման աշխատանքներին, Սերժ Եղիազարեանը այսպէս շարունակեց. «Ուսուցման եւ մշակութային-հասարակական գործունէութեան առումով նշեմ, որ 2019 թւականից սկսել եմ համագործակցել «Ղալամչի» կոչւող միջնակարգի եւ կոնկուրսի դասընթացների համար վերապատրաստող կենտրոնի գիտական խմբի հետ եւ ակտիւօրէն մասնակցել եմ այս խմբին՝ որպէս միջնակարգ դպրոցի առաջին եւ երկրորդ դասարանների «երկրաչափութեան» եւ «Դիսկրետ մաթեմատիկա»-ի ոլորտներում։ Նաեւ, 2019-2020 թւականներին, պրն. Քազեմ Ղալամչիի (գիտնական եւ Ղալամչի կենտրոնի հիմնադիր) աջակցութեամբ, ես առաջին անգամ մշակեցի «تعلیمات ادیان الهی و اخلاق(جامع کنکوری) ویژه اقلیت های مذهبی» գիրքը, որպէսզի հայ եւ քրիստոնեայ աշակերտները որոնք մասնակցում են կոնկուրսի մուտքի քննութիւններին կարողանան օգտւել այդ ռեսուրսից։
Մօտաւորապէս մէկ տարի է ինչ համագործակցում եմ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի հետ եւ վայելում խորհրդի անդամների եւ իմասնաւորի խորհրդի ատենապետ Կարինէ Բալըքճեանի անվերապահ աջակցութիւնը: Այդ շրջագծում խորհուրդը իրականացրել է մի շարք աշխատանքներ Թեհրանի հայոց դպրոցների աշակերտների համար, ինչպիսիք են՝ հայկական դպրոցների 11-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտների այցելութիւնը Թեհրանի պետական համալսարան: Մենք նաեւ պլանաւորում ենք համագործակցել Ղալամչի գիտակրթական կենտրոնի հետ՝ ուսուցողական դասընթացներ եւ ծրագրաւորւած քննութիւններ կազմակերպելու համար, ինչը արդիւնաւէտ քայլ կը լինի աշակերտների համար, որոնք ցանկանում են մասնակցել համալսարանների մուտքի քննութիւնների:
Ես աշխատել եմ նաեւ այլ ոլորտներում, այդ թւում՝ դպրոցների խելացի` Smart դարձնելու գործում, անդամակցում եմ Թեհրանի պետական համալսարանի հովանաւորների հիմնադրամին։ Այս տարիների ընթացքում ես ձգտել եմ արդիւնաւէտ քայլեր ձեռնարկել այն համոզմունքը իրականացնելու ուղղութեամբ, որ «ոչ մի աշխատասէր եւ հետամուտ աշակերտ, ֆինանսական դժւարութեան պատճառով չզրկւի ուսում ստանալուց»:
Անդրադառնալով իր մասնագիտական աշխատանքներին, նա ընդգծեց. «Իմ մասնագիտական ոլորտում ես ներկայումս աշխատում եմ որպէս ECU էլեկտրոնիկայի ինժեներ «Քրուզ» արդիւնաբերական գործարաններում։ «Քրուզ» արդիւնաբերական գործարանը, որպէս երկրի աւտոների եւ ինժիներական սարքերի ամենամեծ եւ ամենաառաջադէմ մասերի արտադրութեան համալիրներից մէկը՝ կարեւոր դեր է խաղում Իրանի աւտոմոբիլային արդիւնաբերութեան մատակարարման շղթայում, եւ տեղական տրանսպորտային միջոցների էլեկտրոնային եւ կառավարման համակարգերի մեծ մասը, մասնաւորապէս՝ ECU-ի (էլեկտրոնային կառավարման միաւոր) ոլորտում, նախագծւում եւ արտադրւում է այս ընկերութեան կողմից։
Վերջին տարիներին, երկրի խոշորագոյն աւտոարտադրող Iran Khodro-ի եւ աւտոմեքենաների էլեկտրոնիկայի հիմնական բաղադրիչների արտադրող Քրուզ ընկերութեան միջեւ ինտեգրման եւ համագործակցութեան գործընթացի շնորհիւ, մենք ականատես ենք եղել լայն եւ ռազմավարական համագործակցութեան ձեւաւորմանը: Այս մերձեցումը յանգեցրել է աւտոմեքենաների էլեկտրոնիկայի, կառավարման համակարգերի օպտիմալացման, աղտոտւածութեան կրճատման եւ աւելի մեծ արագութեամբ առաջ շարժւող տրանսպորտային միջոցների ինտելեկտուալացման խթանման ոլորտում բազմաթիւ նոր նախագծերի:
Նման կենտրոնում աշխատելը հնարաւորութիւն է տւել ոչ միայն մասնակցելու երկրի աւտոմոբիլային արդիւնաբերութեան ազգային եւ ռազմավարական նախագծերին, այլ նաեւ մասնակից դառանլու աւտոմոբիլային էլեկտրոնային համակարգերի նախագծման եւ մշակման ոլորտում: Նախագծեր, որոնք ոչ միայն մեծ նշանակութիւն ունեն տեղական տրանսպորտային միջոցների որակի եւ մրցունակութեան բարելաւման գործում, այլեւ հիմնարար դեր են խաղում նոր տեխնոլոգիաների, ինչպիսիք են հիբրիդային եւ էլեկտրական տրանսպորտային միջոցները, արդի տեխնոլոգիաներով օժտելու գործում»։
Հարցազրոյցի աւարտին նա նշեց. «Իմ պարտքն եմ համարում իմ խորին երախտագիտութիւնը, եւ շնորհակալութիւնը յայտնել իմ դասախօս եւ ուղեկցող՝ պրոֆ. Գէորգ Կարապատեանին: Մի անձ, ով փայլուն օրինակ է հանդիսացել բազմաթիւ ուսանողների համար՝ ոչ միայն գիտութեան եւ հետազօտութիւնների ոլորտում, այլեւ էթիկայի, բնաւորութեան եւ ուսանողներին ծառայելու իր գործում։ Որպէս աշխարհի լաւագոյն մէկ տոկոս գիտնականներից մէկը՝ Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի էլեկտրատեխնիկայի ֆակուլտետում իր երկար տարիների աշխատանքի ընթացքում նա վերապատրաստել է հազարաւոր ուսանողների եւ էլիտար մասնագէտների եւ արժէքաւոր ռեսուրսներ է տրամադրել երկրի ճարտարագիտական եւ արդիւնաբերական համայնքին։ Անկասկած, այն ամէնին, ինչ ես այսօր հասել եմ իմ ակադեմիական կարիերայում, համարում եմ նրա ղեկավարութեան ու սրտցաւ մօտեցումների արդիւնքը։ Անհրաժեշտ եմ համարում նաեւ իմ խորին երախտագիտութիւնն ու գնահատանքը յայտնել Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանին։ Նա միշտ խրախուսել է երիտասարդ սերնդին, մասնաւորապէս՝ հայ ուսանողների աջակիցն ու հովանաւորը լինելով արժէքաւոր քայլեր է ձեռնարկել հարցերի կարգաւորման, գիտական եւ մշակութային կարգավիճակի զարգացման եւ հասարակութեանը ծառայելու ուղղութեամբ։ Իր իրազեկւածութեամբ եւ աջակցութեամբ, դոկտ. Շահվերդեանը երբեք չի խնայել պաշտպանել հայ համայնքի իրաւունքները եւ ձգտել է ուսանողների առաջընթացի ուղղութեամբ, նրա ներկայութիւնը տարբեր ոլորտներում խրախուսանքի եւ յոյսի աղբիւր է երիտասարդ սերնդի համար։
Թէ՛ պրոֆեսոր Գէորգ Կարապետեանին, եւ թէ՛ Արա Շահվերդեանին մաղթում եմ քաջառողջութիւն, առաւել յաջողութիւններ իրենց ազգանւէր աշխատանքներում»:
Վերջում, որպէս յաջողակ երիտասարդ խօսքը ուղղելով երիտասարդ սերնդին նա նրանց քաջալերեց, որ հետամուտ լինեն իրենց մեծ երազանքների իրականացման ճամբին: Նա ընդգծեց. «Այսօրւայ աշխարհը մրցակցութեան ասպարէզ է եւ յաջողում են միայն նրանք, ովքեր խիզախութիւնը ունեն ընտրելու վեհ նպատակներ եւ անդադար հետեւողականութիւն դրանց իրականացման համար: Որեւէ յաջողութիւն մի օրւայ ընթացքում չի արդիւնաւորւելու: Իւրաքանչիւր իրականացած մեծ նպատակ արդիւնքն է տարիների տքնաջան աշխատանքի եւ անկոտրուն կամքի: Մենք չպէտք է մոռանանք, որ մեր գլխաւոր կապիտալը մեր երիտասարդութիւնն ու ստեղծագործ միտքն է։ Արժեւորենք այն եւ դա օգտագործենք յանուն սովորելու, հասարակութեանը ծառայելու եւ լաւ ապագայ կերտելու ճանապարհին: Գիտութեան ճանապարհին մեր ամենափոքր քայլը կարող է դառնալ փարոս ուրիշների համար եւ կամուրջ փայլուն ապագայի համար:
Արգելքներից ու խոչընդոտներից վախենալու փոխարէն, դրանք կարելի է համարել պատեհ առիթներ: Ինչպէս էլեկտրատեխնիկայի հզօր համակարգը պէտք է դիմացկուն լինի տատանումների եւ սխալների դիմաց, յաջողակ մարդը նա է, ով միաժամանակ զարգացնում է դիմադրողականութիւն եւ ճկունութիւն ցուցաբերելով ճգնաժամերի պահին։ Մեր Իրանը, եւ յատկապէս մեր սիրելի հայկական համայնքը, այսօր աւելի քան երբեւէ կարիք ունի երիտասարդների, ովքեր պատրաստ են մտնել ասպարէզ գիտելիքներով, նորարարութեամբ, ինքնավստահութեամբ եւ հասարակութեան նկատմամբ նւիրւածութեամբ։ Հաւատացէք, որ նոյնիսկ փոքր գաղափարը, գիտական յօդւածը, բարեգործական աշխատանքը կամ նոյնիսկ ձեր անհատական ջանքերը կարող են մեծ ազդեցութիւն ունենալ հասարակութեան եւ երկրի ապագայի վրայ։ Մեծ երազանքներ ունեցէք, քրտնաջան աշխատէք, ընդունէք ձախողումը որպէս ձեր յաջողութեան մասնիկ եւ երբեք մի մոռացէք ծառայել ձեր համայնքին։ Ձեզ պայծառ ապագայ է սպասում, ապագայ, որի գլխաւոր կառուցողը դուք կը լինէք»։
Հարցազրոյցը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ