Հայաստան - ԱրցախՄշակութային

Արարատ լեռը՝ որպէս հայ ազգի եւ Հայոց պետականութեան խորհրդանիշ, ադրբեջանցի գրողների ստեղծագործութիւններում

Զ. ՇՈՒՇԵՑԻ

 

Խորհրդային տարիներին հայ եւ ադրբեջանական գրական յարաբերութիւնները մի կողմից ձեւաւորւեցին կուսակցական եւ պետական գաղափարախօսութեան շրջանակում, միւս կողմից՝ հարեւան ժողովուրդների մշակութային երկխօսութեան խորհրդային պահանջմունքից։

Սոցիալիստական քաղաքականութիւնը խրախուսում էր հանրապետութիւնների միջեւ «մշակութային բարեկամութիւնը», եւ այդ համատեքստում հայ գրողները թարգմանւում էին ադրբեջաներէն, իսկ ադրբեջանցի գրողները՝ հայերէն։ Հայաստանում գործում էին պետական հրատարակչութիւններ, որոնք պարբերաբար տպագրում էին ադրբեջանցի հեղինակների գործերը:

Զուգահեռաբար Ադրբեջանում գործող հրատարակչութիւններն իրենց հերթին տպագրում էին հայ գրողների ստեղծագործութիւնները: Յատուկ նշանակութիւն ուներ գրական ամսագրերի դերը, որտեղ պարբերաբար տպագրւում էին թարգմանութիւններ։ Սակայն այս փոխյարաբերութիւնները միշտ չէ, որ հաւասար էին։ Քաղաքական առումով առաւելութիւն ունէր գաղափարախօսական գրականութիւնը՝ խորհրդային հայրենասիրութեան եւ բարեկամութեան թեմաներով ստեղծագործութիւնները։

Թարգմանութեան եւ հրատարակութեան ընտրութիւնը պայմանաւորւած էր ոչ այնքան գեղարւեստական արժանիքներով, որքան խորհրդային գաղափարախօսութեան պահանջներով։

Հէնց այս համատեքստում էր, որ 1970 թւականին Ադրբեջանի պետական հրատարակչութիւնում հայերէն լեզւով տպագրւեց ադրբեջանցի գրողների ստեղծագործութիւնների ընտրանի: Գրքում ընդգրկւած էին ադրբեջանցի ժամանակակից գրողների ստեղծագործութիւնների հայերէն թարգմանութիւնները:

Գիրքը հայերէն թարգմանել էր Սամուէլ Գրիգորեանը, իսկ տպաքանակը բաղկացած էր 4000 օրինակից:

«Ընտիր էջեր» գրքում ընդգրկւած էին ադրբեջանցի հեղինակների ստեղծագործութիւնները, որոնք հիմնականում խորհրդային գաղափարախօսութիւնը կրող թեմաներով էին:

Հետաքրքրական է, որ գրքում ընդգրկւած էին նաեւ ադրբեջանցի հեղինակների մի շարք ստեղծագործութիւններ Խորհրդային Հայաստանի մասին: Նմանատիպ գործերից էր, օրինակ, ադրբեջանցի ժողովրդական բանաստեղծ Սամեդ Վուրղունի «Դիլիջանի ձորը» բանաստեղծութիւնը:

Սամեդ Վուրղուն. «Դիլիջանի ձորը»

Նորի՛ց տեսայ քեզ, Դիլիջանի ձո՛ր,

իմ միտը քո հին օրերն են գալիս,

կեանքը քարւանի ճանապարհ է մի,

հները գնում, նորերն են գալիս:

Դրախտ է սա մի, երկինքը վկայ,

որտե՞ղ կայ մի հող այսքա՜ն արեւ կայ,

հաւատ կայ այստեղ, անկեղծութիւն կայ,

իմաստուններն այս վայրերն են գալիս:

Գարնանը դու էլ, ոնց աշխարհն արար,

կը բացւես՝ զուգւած ծաղկունքով առատ,

սիրահար են քեզ Կազբեկ, Արարատ,

ամպերն էլ քո զով այրերն են գալիս:

Նկատում ենք, որ այդ շրջանում խորհրդային «եղբայրութեան» գաղափարախօսութեամբ գրւած այս ստեղծագործութիւնում անգամ ադրբեջանցի հեղինակը յղում է կատարում եւ անդրադառնում է Արարատ լեռանը՝ որպէս հայ ազգի ու Հայոց հազարամեայ պետականութեան խորհրդանիշ: Հայոց լեռների բացառիկութեան ու խորհրդանշային թեման շարունակելով՝ ադրբեջանցի հեղինակներից Միրւարիդ Դիլբազին գրում է «Լեռներ Հայաստանի» բանաստեղծութիւնը, որում շարունակում է վերոնշեալ թեման:

Միրւարիդ Դիլբազի. «Լեռներ Հայաստանի»

Կը մոռանա՞մ, արդեօք, ես ձեզ,

լեռներ, լեռներ Հայաստանի,

եայլաները ձեր բարձրաբերձ,

անուշ ջուրը ձեր ոստանի:

Հայոց լեռների թեման շարունակելով՝ ադրբեջանցի հերթական բանաստեղծ Նիգար Ռաֆիբէյլին բանաստեղծութիւն է ձօնում արդէն Արագած լեռանը:

Նիգար Ռաֆիբէյլի. «Ալագեազ»

Երգում եմ քո գեղեցկութիւնն անսահման,

դուրս եկ ճերմակ ամպի տակից, Ալագեազ,

թող լանջերիդ բացւեն վարդեր, եասաման,

Հիւր եմ եկել քեզ սրտակից, Ալագեազ:

գիրկն է բացել Հայաստանը հիւրընկալ՝

այգիներով, աղբիւրներով իր յստակ,

բաբախում է սիրող մի սիրտ մայրական

չքնաղագեղ Հայաստանի կրծքի տակ:

 Ման եկայ ես քո արեւառ փեշերով,

այցելեցի կապուտաչեայ Սեւանին,

սիրտս լիքն է քրոջական ջերմ սիրով,

պահպանիր դու, հսկիր հողդ գեղանի:

Այս բանաստեղծութեան արդէն երրորդ տանն ադրբեջանցի հեղինակը Հայոց լեռնային խորհրդանիշներից Արագած լեռանը կոչ է անում պահել ու պահպանել Հայոց հողը:

Այս գործերն ընդամէնը մի քանի օրինակներ են խորհրդային շրջանի ադրբեջանցի գրողների ստեղծագործութիւններից, որտեղ խորհրդային գաղափարախօսութեանը մէկտեղ՝ թշնամի երկրի գրողներն ընդունում են, որ հայ ազգի եւ Հայոց պետականութեան հազարամեակի խորհրդանիշներից են լեռները եւ յատկապէս՝ Արարատը:

168.am

Related Articles

Back to top button