ԹեհրանՀամայնք

17-րդ շրջանի ՊԺ-ի հերթական նիստը զբաղւեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացրած բիւջէի եւ ներհամայնքային հարցերով

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Թեհրանի հայոց թեմի 17-րդ գումարման Պատգամաւորական ժողովը իր հերթական նիստը անցկացրեց երէկ՝ նոյեմբերի 26-ին, դոկտ. Աեւակ Հաթամեանի ատենապետութեամբ:

Տէրունական աղօթքով մեկնարկած նիստի սկզբում, ՊԺ-ի ատենադպիր Արտոյտ Զոհրաբեանը ստուգեց ժողովի թւային պատկերը, իսկ ատենադպիր Արփի Ալավերդեանը ընթերցեց նախորդ նիստի արձանագրութիւնը:

Առաջին օրակարգով ժողովը զբաղւեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից ներկայացւած իրանական 1404 թւականի բիւջէի քննարկումով, որը մանրազննին կերպով ներկայացնում էր ազգային կառոյցների՝ եկեղեցիների, դպրոցների, գերեզմանատների, «Ա. Աւետիսեան» բուժարանի, ազգային առաջնորդարանի եւ յարակից այլ կառոյցների ծախսերը, գոյացած մուտքերը եւ բացերը: Պատկերը ներկայացւեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի նիւթականի պատասխանատու Արին Ալեքսանդրեանի կողմից: Ապա ՊԺ-ի Տնտեսական յանձնախմբի անունից պատգամաւոր Ալֆրէդ Քեշիշեանը անդրադարձաւ Թեմական խորհրդի հետ յանձնախմբի ունեցած նիստերին եւ բիւջէի հարցերով, ներառեալ՝ ազգապատկան կալւածների լաւագոյնս օգտագործելու առումով ներկայացւած առաջարկութիւններին: Լսումներից յետոյ պատգամաւորները ներկայացրեցին իրենց հարցադրումները, թէ՛ Թեհրանի հայկական համայնքում եղած կալւածների, եւ թէ՛ Թեհրանի հայոց թեմին կից շրջանների՝ Ռաշտ, Անզալի, Արաք, Գորգան, Ղազւին եւ Սարիի կալւածների լաւագոյնս օգտագործման եղանակների վերաբերեալ, որպէսզի ըստ կարելոյն բիւջէի բացը հնարաւոր լինի նւազագոյնին իջեցնել: Ազգապատկան կալւածներից մի քանիսի վաճառման, ազգային որոշ կալւածների վարձակալութեան արդիւնքում գանձւած գումարների եւ վարձակալութիւնները աւելի օգտակար դարձնելու նպատակով Թ. Հ. Թ. Թեմական խորհդրի կիրառած քայլերի, այդ թւում՝ Նոր Բուրաստանի քարտաշների հարցով նոր միջոցառումների մասին բացատրութիւններ ներկայացրեցին խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ խորհրդի անդամ Հարմիկ Աւետեանը:

Քննարկումներից, առաջարկութիւններից եւ ըստ էութեան արտայայտութիւններից յետոյ ժողովը 28 թեր եւ 4 ձեռնպահ քւէներով հաստատեց բիւջէի նախահաշիւը եւ ժողովը առաջարկեց, որ Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը իրանական 1405 թւականի համար նախատեսւած բիւջէն ներկայացնի փետրւար ամսին: Նիստին ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ.Արա Շահվերդեանը եւ Թ. Հ. Թ. Հաշւեքննիչ մարմնի անդամները:

Դադարից յետոյ ժողովը բուռն քննարկումներով անդրադարձաւ Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր Եղբայրակցութեան կառոյցային հարցերին եւ աշխատանքներին, որի մասին բացատրութիւններ ներկայացրեց պատգամաւոր Վալոդ Հախինեանը: Ապա պատգմաւորները ներկայացրեցին իրենց հարցադրումները Եղբայրակցութեան գործունէութեան եւ ընթացքի մասին, եւ որոշւեց յառաջիկայ նիստի ընթացքում շարունակել նշւած օրակարգը:

Related Articles

Back to top button