
Արտաքին գործերի նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին Ֆրանսիայում France 24-ին տւած հարցազրոյցում յայտարարել է, որ Վաշինգտոնը «պատրաստ չէ արդար ու իրական բանակցութեան»։ Նրա խօսքով՝ Իրանը միշտ պատրաստ է բանակցութիւնների, բայց ոչ այնպիսի գործընթացով, որը թելադրանքի է նման:
ԱԳ նախարար Սէյեդ Աբբաս Արաղչին յայտարարել է, որ Իրանի եւ Ֆրանսիայի միջեւ բանտարկեալների փոխանակումը մտել է վերջին փուլ։ Նրա խօսքով՝ եթէ Ֆրանսիայում աւարտւեն դատական ընթացակարգերը, փոխանակումն ամենաուշը տեղի կունենայ մինչեւ յունւարի կէսը: Արաղչին նշել է, որ Իրանում երկու ֆրանսացիների դատավճիռներն արդէն կայացւած են, քաղաքական համակարգումները՝ իրականացւած, եւ այժմ այս գործընթացի ճակատագիրը կախւած է ֆրանսական կողմի որոշումից։
Նա ԱՄՆ-ի հետ բանակցութիւնների մասին հարցին պատասխանելով միաժամանակ հերքել է տեղեկութիւնները Սաուդաեան Արաբիայի միջնորդութեան մասին՝ ընդգծելով, որ հիմնական խնդիրը միջնորդների պակասը չէ, այլ ԱՄՆ-ի վարքագիծը։
Արաղչին նաեւ քննադատել է ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի վերջին բանաձեւը՝ այն քաղաքական որակելով: Նրա գնահատմամբ՝ ամերիկեան եւ իսրայէլեան յարձակումների հետեւանքով Իրանի որոշ կետրոններ կրել են վնասներ, որն ապացուցեց, որ անհրաժեշտ է դիտարկման նոր մեխանիզմ մշակւի։
Նա յիշեցրել է, որ յարձակումներից անվնաս մնացած կայանների ստուգումները շարունակւում են, իսկ վնասւած օբիեկտների համար Թեհրանը եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալութիւնը նոր շրջանակ են մշակել։
Իսրայէլի հնարաւոր նոր յարձակման մասին հարցին ի պատասխան՝ Արաղչին ասել է, որ Թել Աւիւը վերջին երկու տարում յարձակումներ է գործել եօթ երկրների վրայ, բայց անտրամաբանական կը լինէր կրկնել նոյն սխալը, յատկապէս, եթէ պարտւել ես նախկինում: «Իրանը 12-օրեայ պատերազմում ի ցոյց դրեց պաշտպանական իր կարողութիւնը»։
Լիբանանի եւ Սիրիայի զարգացումների ֆոնին Իրանի թուլացման մասին լրագրողի պնդումները նա ժխտել է՝ ընդգծելով, որ «Իրանը ոչ Լիբանանում, ոչ էլ Սիրիայում չի միջամտում ներքին գործընթացներին», իսկ տարածաշրջանի իրական վտանգը «Իսրայէլի օկուպացիոն քաղաքականութիւնն է»,- ընդգծել է նա։
«Ֆրանս 24» հեռուստաընկերութեանը տւած ԱԳ նախարարի հարցազրոյցի ամբողջական տեքստը հրապարակւել է նախարարի թելեգրամեան ալիքում:



