Ուսուցիչը պատերազմի օրերին՝ էկրանի միւս կողմում

«ԱԼԻՔ»-ին աշխատակցող Վանէ Մակարեանը թերթիս ուղարկած տեքստում անդրադարձել է պատերազմական իրավիճակներում առցանց ուսման հարցին եւ դրա հետ կապւած ուսուցիչ-աշակերտ կապի խնդիրներին:

Վանէ Մակարեանը գրում է.

Այս պատերազմական ու անհանգիստ օրերին ուսուցիչների զգացումներն իրօք յատուկ են՝ միաժամանակ բարդ ու հակասական։ Նրանք զրկւած են այն ֆիզիկական շփումից, որով սովորաբար կիսւում էին իրենց զգացմունքներով, գիտելիքներով ու էներգիայով։ Այժմ ամէն ինչ կարծես «էկրանի յետեւից» է, ու դրանից աւելի է խճճւում իրենց ներսի վիճակը։

Տանը մնալն ու դպրոցում չլինելը առաջացնում է մեկուսացւածութեան ու անզօրութեան զգացում։

Երբ ուսուցիչը պատերազմական լուրերի աղմուկի մէջ, փորձում է դաս պատրաստել՝ նրան թւում է, թէ ինքը բացարձակ ոչինչ չի կարող փոխել։ Այդ անզօրութիւնը ծանր է նստում նրա վրայ։

Հեռակայ դասերի ժամանակ էկրանից հազիւ երեւում են աշակերտների փոքրիկ պատուհանները կամ ընդհանրապէս միայն անունները, եթէ տեսախցիկները անջատւած են։ Ուսուցիչն ամբողջ ընթացքում մտածում է. «Արդեօ՞ք նրանք ապահով են», «Ի՞նչ է կատարւում երեխաների տանը», «Նրանց գլխին այժմ վտանգ չկա՞յ»։ Իւրաքանչիւր «Բարեւ»-ը դառնում է փոքրիկ ապացոյց, որ գոնէ երեխան ողջ է ու հանգիստ։

Կան ուսուցիչներ, որ նման պահերին ապահով վայրից են դասաւանդում, ինչը երբեմն իրենց մօտ մեղքի զգացում է ստեղծում՝ այն աշակերտների ու գործընկերների նկատմամբ, որոնք հիմա ապրում են ռմբակոծութիւնների տակ կամ նոյնիսկ տուն են կորցրել։

«Արդեօ՞ք ես բաւարար չափով եմ անում գործս», «Ինչպէ՞ս պատմեմ երկրաչափութիւն կամ պատմութեան դասը, երբ երկրին ամենուր վտանգ է սպառնում»,- սրանք անընդհատ ուղեկցող մտքեր են։

Դասի ընթացքում ուսուցիչը պէտք է լինի ուժեղ, եւ որ կարեւոր է ժպտացող ու լաւատես, որպէսզի երեխաները եւս չվախենան։ Բայց երբ զանգը հնչում է ու համակարգիչն անջատւում, այդ «դիմակը» ընկնում է։ Դասի յարաբերական անդորրից պատերազմի դաժան լուրերին անցումը յոգնեցնող է։ Մարդը լիակատար դատարկութեան է մատնւում։

Միեւնոյն ժամանակ՝ դասաւանդելը դառնում է ուսուցչի միակ «յոյսն ու կենտրոնացումը». բան, որից կառչում է նա այս օրերին։

Որոշ դէպքերում նոյնիսկ մտածում են՝ եթէ չդասաւանդեն, ապա թշնամին կը յաղթի նաեւ կրթութեան ճակատում։ Եւ հէնց այդ մտորումն է, որ ստիպում է շարունակել, երբ ներսում ամէն ինչ տակնուվրայ է։

Կարճ ասած՝ ուսուցիչներն այս օրերին իրենց զգում են որպէս «լռութեան պահապաններ», ովքեր փորձում են էկրանի միջոցով մի փոքր ջերմութիւն ու կայունութիւն փոխանցել այնտեղ, որտեղ հիմա ուղիղ հակառակը՝ անհանգստութիւն ու հոգու ցուրտ է տիրում:

Նրանք գիտակցում են, որ երեխաների համար դպրոցը պէտք է շարունակի մնալ ապահով վայր:

Դրա համար ուսուցիչներից պահանջւում է կամք՝ թաքցնելու սեփական յոյզերը մնալով յոյսի կերպարի մէջ։