ԱՐՓԱ ՔԱՐԱՄԵԱՆ
Պայմանները համարեայ նոյնն են, ինչ վեց տարի առաջ՝ Կորոնավիրուսի տարածման փանդեմիայի ժամանակ։
Բայց կայ մի մեծ տարբերութիւն։ Անվտանգ զգալու պակասը։ Այս օրերին աւելացել է պատերազմական իրավիճակը։ Վտանգը շատ աւելի մեծ է, եւ շօշափելի։
Փանդեմիայի ժամանակ կար ինտերնետ կապ, որով մարդիկ հեռահար աշխատում էին եւ այդպէս էին անցկացնում իրենց առօրեան։ Ներկայ պայմաններում նոյնիսկ դա է բացակայում։
Եթէ փանդեմիայի ժամանակ կարելի էր գնալ բացօթեայ մարզւելու, ապա այսօր դա եւս հեշտ չէ, եւ մարզիկները ստիպւած են մարզւել տան սահմանափակ պայմաններում։
Պրոֆեսիոնալ մարզական թիմերը խուսափում են ներկայանալ մարզահրապարակներում, քանի որ դրանցից մի քանիսը թիրախ են դարձել յարձակոումների, ինչպէս Ազադի օլիմպիական աւանի 12000 հոգանոց մարզադահլիճը, Շիրուդիի մարզական համալիրը: Իսկ մեր դէպքում՝ «Արարատ» մարզաւանի հարեւանութեամբ թիրախաւորւած մէկ այլ մարզահամալիր։
Այս առիթով հեռախօսային կապի միջոցով «Արարատ»-ի բասկետբոլիստ Էմիլ Ներսիսեանը յայտնել է, որ պատերազմի առաջին օրը թիմը պատրաստւում էր ընկերական խաղ անցկացնել։ Սակայն նոյն առաւօտ պատերազմն սկսւեց:
Թէեւ թիմակիցները դժւարացել են կապի դուրս գալ, սակայն վստահ էին, որ խաղը չեղարկւել է, ինչպէս անյայտ ժամանակով դադարեցւելու են իրենց մարզումները։
Նա յայտնեց նաեւ, որ մարզիչը ժամանակին տղաներին փոխանցել էր, թէ ինչպէս կարելի է պատերազմական իրավիճակում մարզւել տանը:
Էմիլը եւ թիմակիցները շարունակում են հետեւել մարզչի ցուցումներին:
Էմիլը նշում է, որ Թեհրանում դա հնարաւոր չէր․ «Երբ ընտանիքով տեղափոխւեցինք քաղաքից դուրս, ամենօրեայ վարժանքներ եմ կատարում վազքի կողքին: Հնարաւորութեան կողքին, յատկապէս պէտք է ստրեսներից հեռու մարզւել»,-նշում է նա:
Թէ ինչպէս են մարզիկները անցկացնում իրենց մարզական կեանքը պատերազմական օրերին, կարող է մէկը միւսից տարբեր լինել գտնւելու վայրի բերումով։
Իսկ երբ են նրանք վերադառնալու մարզադահլիճ, կամ երբ սրահների կրած վնասները կը վերականգնւեն՝ դեռ շուտ է ասելը։ Սակայն մի բան յստակ է․ այսուհետեւ դժւար է լինելու, այլեւս առաջւանախկինը չէ, ու քեզ հետապնդելու են փորձառութիւնն ու ստրեսները՝ իմանալով, թէ ինչ է տեղի ունեցել այդ վայրերում կամ ինչ կորուստներ են կրել իրենց հայրենակիցները։