«ԱԼԻՔ»-ին աշխատակցող Վանէ Մակարեանը թերթիս ուղարկած տեքստում փորձել է տագնապային կեանքով չապրած, կամ նման իրավիճակներին անծանօթ հասարակութեանը փոխանցել այս օրերին երեխաների հետ բացատրւելու կամ շփւելու նրբութիւնների մասին:
Այս խօսքերը չի կարելի ասել երեխաներին
Ոչինչ չկայ, մի վախեցիր։
Երեխայի վախն անտեսելով նրա տագնապն ու ապրումները չես պակասեցնի:
Փոխարէնն ասել` գիտեմ վախեցել ես, ես էլ եմ մտահոգ, բայց մենք միասին ենք եւ միասին ապահով ենք։
Յարձակումների պահին չբարձրաձայնել միւս վայրերում աւերածութիւնների մասին:
Երեխան սկսում է ապագան վախերով ու ահաւոր տեսարաններով պատկերացնել: Նրա ուղեղն սկսում է պատկերացումներ կազմել չունեցած փորձառութեան մասին:
Փոխարէնն ասել` այս պահին շատ բան չգիտենք, բայց այնտեղ էլ մեծահասկները միշտ երեխաների կողքին են եւ հոգ են տանում նրանց մասին։
Երբեք չասել՝ ես շատ եմ վախենում։
Երեխան սկսում է անգիտակցաբար ծնողին պաշտպանելու դերը կրել իր վրայ եւ ճնշւած զգալ։
Փոխարէնն ասել` ես էլ եմ մտահոգ, բայց գիտեմ ինչպես ինձ ու քեզ պաշտպանել։
Չասել՝ եթէ բան պատահի պէտք է փախչել։
Այսպէս փախչելու պատկերացումը երեխայի ներւային համակարգը պահում է տագնապային վիճակում։
Փոխարէնն ասել`
Բոլոր իրավիճակների համար ունենք լուծում, եւ միասին ենք մնալու։
Չասել՝ խոստանում եմ ոչ մի վատ բան չկայ։
Եթէ նոյնիսկ աննշան բան պատահեց, երեխան կը կորցնի պէտք եղած վստահութիւնը մեր հանդէպ:
Փոխարէնն ասել` չգիտենք ի՞նչ է լինելու, բայց խոստանում եմ քեզ, որ քո կողքին ենք ու կը պաշտպանենք քեզ: